Բիձինա Իվանիշվիլին վաղաժամ է համարում Մոսկվա մեկնելը
Վրացական «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հերքել է մամուլում շրջանառության մեջ դրված այն լուրերը, թե մտադիր է այցելել Մոսկվա.
«Մեզ մոտ ոչ մի խաղ չի լինելու, մեզ մոտ եղած ողջ տեղեկատվությունը կհրապարակվի ու կիրազեկվի ժողովրդին: Ինձ թվում է, թե դեռ վաղ է խոսել Մոսկվա այցելելու մասին, այդպիսի հայտարարության համար որևէ հիմք չկա: Իմ սկզբունքային դիրքորոշումն այն է, որ մենք պետք է կարգավորենք Ռուսաստանի հետ հարաբերությունները, և ամեն ինչ տեղի կունենա փուլ առ փուլ»:
Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է նաև, որ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին դեմ է Ռուսաստանի հետ առևտրային հարաբերությունների վերականգնմանը. «Սաակաշվիլին ձգտում է տապալել Ռուսաստանի հետ առևտրային հարաբերությունների վերականգնման գործընթացը:
Այն, որ ռուս փորձագետները եկել են այստեղ և ստուգել են մեր արտադրանքի որակը՝ դրա հետագա արտահանման նպատակով, նորմալ գործընթաց է: Միևնույն ժամանակ նա ինձ հայտնեց, որ չի ցանկանում այդ հարաբերությունների վերականգնում»:
Բիձինա Իվանիշվիլին հավելել է, որ ներողություն է խնդրել Ռուսաստանի Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկողության դաշնային ծառայության (Роспотребнадзор) փորձագետներից՝ Սաակաշվիլիի անվայելուչ հայտարարությունների համար:
Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին քննադատել է վրացական ձեռնարկություններում ռուս փորձագետների կողմից ստուգումներ անցկացնելը՝ ընդգծելով, որ եթե բավարական երշիկն առանց ստուգման մուտք է գործում Ռուսաստան, ապա մնացածի մասին ավելորդ է նշել:
Ի դեպ, սրանից առաջ էլ Ռուսաստանի կառավարությունը Վրաստանի դրոշներ է գնում՝ Բիձինա Իվանիշվիլիի մոսկովյան այցի համար: