Մանչեսթեր – Ռեալ՝ 1։2. Խաղ, որի մրցավարին դեռ երկար են հիշելու (տեսանյութ)
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ պատասխան խաղերի փուլում կայացավ ամենահետաքրքիր հանդիպումներից մեկը։ «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունել էր Մադրիդի «Ռեալին»։ Այս թիմերի առաջին խաղում, որը կայացաել էր Մադրիդում, գրանցվել էր ոչ-ոքի՝ 1։1։
Այսօր երկու թիմերն էլ խաղի առաջին վայրկյաններից ցույց տվեցին, որ պատրաստ են լուրջ պայքարի։ Գրոհները հաջորդում էին մեկը մյուսին, վտանգավոր պահեր արձանագրվեցին երկու դարպասների մոտ։ Որոշ դրվագներում ավելի վտանգավոր էին գրոհում «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները, սակայն մինչև առաջին կեսի ավարտն «Օլդ Թրաֆորդ» եկած երկրպագուներն այդպես էլ ականատես չեղան գոլերի։
Ֆուտբոլային շաբաթվա այս գլխավոր իրադարձության գագաթնակետը երկրորդ խաղակեսն էր։ Նախ 48-րդ րոպեին Սերխիո Ռամոսն անհավանական անդրադարձից հետո գրավեց սեփական դարպասը։ Այնուհետև եկավ թուրք մրցավար Ջյունեյթ Չաքըրի հերթը, ով 56-րդ րոպեին Արբելոայի դեմ կոպիտ խաղի համար հեռացրեց Նանիին։ Անկախ նրանից՝ ճիշտ էր մրցավարի որոշում, թե ոչ (դա կասեն մասնագետները), սակայն թուրք մրցավարին երկու կողմերն էլ դեռ երկար են հիշելու։
10 հոգով մնացած «Յունայթեդը» անձնուրաց պաշտպանվեց մինչև 66-րդ րոպեն, երբ փոխարինման դուրս եկած Լուկա Մոդրիչը գեղեցիկ հարվածով գրավեց Դե Խեայի դարպասը։ Մոուրինյոյի հայացքից կարելի էր հասկանալ, որ նա Մոդրիչին 40 մլն եվրոյով գնել էր հենց այս խաղի համար։ Խորվաթի գոլից հետո ոգևորված «Ռեալն» ընդամենը 3 րոպե անց գրավեց իր նախկին թիմի դարպասը։
«Մանչեսթեր Յունայթեդը» նետվեց առաջ՝ փրկելու իրավիճակը։ Մի քանի անգամ մադրիդցիներին վերահաս գոլից փրկեց դարպասապահ Դիեգո Լոպեսը, ով իր թիմի լավագույն խաղացողներից մեկն էր։ Այդուհանդերձ, անգլիացիներին այդպես էլ չհաջողվեց փոխել հաշիվը, և քառորդ եզրափակիչում կխաղա Մադրիդի «Ռեալը»։
Մարտի 5, 2013/ Առաջին հանդիպման արդյունքը՝ 1։1 | |||
Երկրորդ խաղակես | Մանչեսթեր Յունայթեդ | 1 | 1։0՝ Ռամոս (48ր., ինքնագոլ), 1։1՝ Մոդրիչ (66ր.), 1։2՝ Ռոնալդու (69ր.) |
Ռեալ Մադրիդ | 2 | ||
Թիմերի մեկնարկային կազմերն՝ այստեղ |
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը