Ինչո՞ւ ՀՅԴ-ը սատարեց Րաֆֆի Հովհաննիսյանին. 7 վարկած՝ ըստ Ա. Աշոտյանի
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում վերլուծել է, թե ինչ հնարավոր բացատրություններ կարող է ունենալ ՀՅԴ-ի՝ Րաֆֆի Հովհաննիսյանին սատարելու մոտեցումը։
«Հայ Յեղափոխական ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ
Ներքաղաքական զարգացումների համատեքստում ընթացող միջկուսակցական հանդիպումները այս պահին մի ուշագրավ արդյունք են տվել: Ոչ իշխանական դաշտում գործող քաղաքական կուսակցություններից միայն Հայ Յեղափոխական Դաշնակցությունն է, որ այսօրվա դրությամբ բյուրեղացնում է իր ալյանսը ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ հետ:
Այս կապակցությամբ առաջարկում եմ վերլուծել, թե ինչն է դրդել դաշնակցականներին մեկտեղել իրենց համեստ ջանքերը Րաֆֆու ներկայիս քաղաքական կապիտալի հետ:
Վարկած 1: Րաֆֆու համար:
ՀՅԴ-ն իրոք հավատում է, որ Րաֆֆին հաղթել է ընտրություններին և այն առաջնորդն է, ով ի վիճակի է երկրում իրականացնել այսքան սպասված արմատական բարեփոխումները:
Վարկած 2: Րաֆֆուն հակառակ:
Աչքի տակ ունենալով ՀՅԴ սերտ կապերը Մոսկվա-Թեհրան առանցքի հետ՝ ՀՅԴ ներդրվում է ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ մեջ, որպեսզի մեղմացնի կամ չեզոքացնի Րաֆֆու ակնհայտ ամերիկամետ հակումները:
Վարկած 3: Րաֆֆու միջոցով:
ՀՅԴ-ն դեռևս վերջին խորհրդարանական ընտրություններից սկսած, մտնելով քաղաքական անկման փուլ, կանգնում է Րաֆֆու կողքին, որպեսզի օգտվի նրա քաղաքական արդյունքից:
Վարկած 4: Առանց Րաֆֆու:
Կանխատեսելով հետընտրական էտապում հիասթափություններ և Րաֆֆու վարկանիշի անկում` ՀՅԴ-ն նախապես փորձում է «ժառանգորդ» դառնալ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ներկայիս քաղաքական «ունեցվածքի»:
Վարկած 5. Րաֆֆի` «ի սփյուռս աշխարհի»:
ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ առաջնորդի կողքին կանգնելու որոշումը ՀՅԴ-ն կայացրել է Սփյուռքի որոշ շրջանակների հետ կոնսուլտացիների արդյունքում:
Վարկած 6: Րաֆֆի, հանգստացիր:
Մոտիկից իմանալով Րաֆֆու անկախատեսելի և զգացմունքային քաղաքական կեցվածքի մասին` ՀՅԴ-ն «պետականամետ» զսպաշապիկ է` Րաֆֆուն հակապետական և հակասահմանադրական գործողություններից հետ պահելու համար:
Բոլոր վարկածները իրար հետ համադրելի են:
Ինքս խիստ տեսական և անհավանական եմ համարում միայն առաջինը…»