ԲՀԿ-ն երկու ֆրոնտով բանակցում է. մամուլ
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ինչպես տեղեկացնում են ԲՀԿ մեր աղբյուրները` Գագիկ Ծառուկյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի վերջին հանդիպումը եղել է էքսպրոմտ, և շատ լուրջ հարցեր չեն քննարկվել, որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել: «Բա ի՞նչ էին անում 3 ժամ» հարցին բավականին պարզ պատասխան տրվեց. «Խոսում էին, կոնյակ էին խմում»:
Ըստ ԲՀԿ-ական մեր զրուցակցի, մեծ որոշումներ պետք չէ սպասել նաև այսօր տեղի ունենալիք ԲՀԿ քաղխորհրդի նիստից. «200 հոգու մեջ ի՞նչ որոշում»: ԲՀԿ-ն, ըստ նրա, առավել հակված կլինի մաս կազմել ազգային համաձայնության կառավարությանը, որի առնչությամբ բանակցությունները շարունակվում են. «Իշխանությունները տեսան, որ իրենք առանձնապես մեծ վստահություն չունեն ժողովրդի մոտ, Ազատության հրապարակում բողոքող ժողովուրդը նոր օրակարգ ձևավորելու խնդիր է դրել, եթե իշխանությունները խելամիտ կլինեն առաջիկա 3 տարվա համար ներկայացնել ազգային ծրագիր` նոր դեմքերով դրանք իրականացնելու համար, այդ դեպքում թող լինի, ինչո՞ւ ոչ»:
Ընդ որում, ազգային ծրագիր ասելով՝ ԲՀԿ-ում հասկանում են առաջին հերթին վարչապետի փոփոխություն: Իսկ ընտրվելու առիթով ԲՀԿ-ն շնորհավորելո՞ւ է Սերժ Սարգսյանին: «Մյուս կուսակցությունները շնորհավորե՞լ են, կա՞ նման տենդենց, որքան տեղյակ եմ, մոտ օրերս Գագիկ Ծառուկյանը պետք է հանդիպի Սերժ Սարգսյանի հետ, այդ ժամանակ էլ կշնորհավորի»:
Ի դեպ, անցած շաբաթ-կիրակին Սերժ Սարգսյանն անցկացրել է Ծաղկաձորում՝ մասնակցել է նոր հյուրանոցային շքեղ համալիրի բացմանը, որի սեփականատերը, ասում են, ՀՀ նախագահի ընտանիքն է: Հանդիպե՞լ են այնտեղ Ծառուկյանն ու նա, թե՞ ոչ՝ մեր աղբյուրները լռում են»: