Աշոտ Մանուչարյանը` Հախվերդյանի հայտնի արտահայտության և Կևորկովի մասին (տեսանյութ)
Այսօր հրավիրված մամլո ասուլիսում «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը խոսեց Հայաստանում տեղի ունեցող քաղաքական զարգացումների մասին` կարծիք հայտնելով, որ առայժմ ներհայաստանյան գործընթացների տնօրինումը մնում է ԱՄՆ-ի ազդեցության տակ, և այն ֆունդամենտալ հարցը, որը պետք է լուծի հայ հասարակությունը, այն է, թե արդյոք մենք կկարողանա՞նք դուրս բերել շարժումը, որը սկսել է հայ ժողովուրդը և որը շատ կարևոր է, մի քանի տարի առաջ սկսված տրանֆորմացիայի գործընթացի շրջանակներից:
«Ի՞նչ տրանֆորմացիայի մասին է խոսքը. տարիներ առաջ, երբ Օբաման եկավ իշխանության, ԱՄՆ պետքարտուղարը հայտարարեց, որ այն գործընթացները` հատկապես հետխորհրդային տարածքում, որոնք անցնում էին որպես «նարնջագույն» հեղափոխություններ, դրանք մեծ վնաս են բերում ժողովուրդներին, երկրներին, բայց հիմնականում Միացյալ Նահանգների շահերին, որովհետև պարզվեց, որ թե´ Վրաստանը, թե´ Ուկրաինան այն ժամանակ շատ մեծ խնդիրներ էին շալակել Ռուսաստանի հետ առճակատումից, և պետք է շատ ավելի մեղմ տարբերակով անցկացնել, և այդ մեղմ տարբերակն անվանվեց տրանսֆորմացիա, այսինքն շատ արագ փոփոխություններ են կատարվում, բայց հեղափոխական ընդվզումներով չի լինում»,- ասաց Մանուչարյանը: Նա նշեց, որ խնդիրը հետևյալն է, թե արդյոք այս շարժումը կբերի՞ նրան, որ Հայաստանը ազատվի մի կյանքի փիլիսոփայությունից, որը Աշոտ Մանուչարյանն անվանեց «քսակի» կամ «մարդ-կենդանու» իշխանություն: Այս համատեքստում նա հիշեց վերջերս հայտնի երգահան Ռուբեն Հախվերդյանի` Ազատության հրապարակում արած արտահայտությունը, որը մեծ աղմուկ բարձրացրեց լրատվական դաշտում:
«Եթե մենք դուրս ենք գալիս այդ շրջանակից, ո՞րն է ճանապարհը: Այդ միտքը առավել սիմվոլիկ ձևով վերջերս հանրահավաքներից մեկում ներկայացրեց Ռուբեն Հախվերդյանը: Նա ասաց հետևյալը` «Հայաստանում չպետք է իշխի Կևորկովը», հետո սա կեղծվեց, կասեմ` ո՞ւմ կողմից և ինչո՞ւ, ներկայացվեց լրիվ ուրիշ բան, բայց… Ո՞վ էր Կևորկովը կամ, ավելի ճիշտ, ի՞նչ էր Կևորկովը, որովհետև Կևորկովը մարդ է եղել, նա եղել է Ղարաբաղի վերջին խորհրդային ղեկավարը: Բայց Կևորկովը նաև երևույթ է, Կևորկովն այն երևույթն է, որը կործանեց Խորհրդային Միությունը…Դա Խորհրդային Միության արևելքում բուծված քսակի իշխանության տիպար է, նրան հետաքրքրում է փողը և իշխանությունը, և դրա համար նա կիրառում է քծնանքի, նենգության և դաժանության լծակները: Հիմա Հախվերդյանը հարցը դրել էր` այդ իշխանությունը Հայաստանում պահպանվելո՞ւ է, թե՞ լինելու է ուրիշ իշխանություն: Մենք ունենք էդ Կևորկովի հայկական տարբերակը` այսօրվա դրությամբ գծերը մի քիչ փոխված և այլն…»,- ասաց Աշոտ Մանուչարյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Ազատության հրապարակում Ռուբեն Հախվերդյանն իր ելույթում մասնավորապես հայտարարեց. «Սերժ Սարգսյանը եղել է կոմսոմոլի քարտուղար` Կևորկովի օրոք: Էն ժամանակ Ադրբեջանին էր պատկանում Լեռնային Ղարաբաղը: Եթե նրա պաշտոնը բարձրանար, ո՞ւր պիտի գնար, պիտի տանեին Բաքու ինքն էլ ուրախությամբ կգնար…Ի՞նչ է նշանակում, որ հեռավոր ադրբեջանական գավառից եկած մարդը պետք է մեզ ղեկավարի. դա նորմա՞լ է»:
Մանրամասները` 168.am-ի տեսանյութում