Սփյուռքահայ ուսանողները ուսման համար վճարում են 30 տոկոսով ավելի շատ գումար
«Սյուռքահայ ուսանողները Հայաստանում ուսում ստանալու և բնակվելու համար լուրջ խնդիրների առաջ են կանգնում»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սփյուռքահայ ուսանողների» խորհրդի նախագահ Սամվել Մկոյանը:
Վերջինիս խոսքերով՝ Հայաստանում սովորոէ սփյուռքահայ ուսանողների առաջնային խնդիրներից մեկն այն է, որ իրանք հայաստանցի ուսանողների համեմատ ավելի բարձր ուսման վարձ են վճարում։ «Սփյուռքահայ ուսանողները՝ համեմատած այստեղ ապրող ուսանողների հետ, վճարում են հաստատված ուսման վարձից մոտ 30 տոկոսով ավելի գումար: Այս հարցը կարգավորելու համար որոշակի աշխատանքներ, այնուամենայնիվ, կատարվում են՝ ուսանողների միջև հավասարություն մտցնելու համար: Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին օրենքում 2009թ. փոփոխություն կատարվեց: Օրենքի 3-րդ մասում ԼՂՀ–ի և Ջավախքի մի քանի նահանգներում գրանցված և բնակվող ուսանողների համար ուսման վարձի համար վճարվող գումարները հավասարեցվեցին»,- ասաց Ս. Մկոյանը: Սփյուռքահայ ուսանողները, ըստ Ս. Մկոյանի, վճարում են նախատեսվածից ավելի շատ գումար այն պատճառով, որ ուսումնական հաստատությունները համարվում են պետական ոչ առևտրային կազմակերպություններ (ՊՈԱԿ) և իրենք են սահմանում ուսման վարձի չափը: «Բացի ուսման վարձի չափի խնդրից, սփյուռքահայ ուսանողները չեն կարող նաև օգտվել տեղի համալսարաններում գործող զեղչային կամ անվճար ուսումնական համակարգերից: Ուստի ուսանողների գերնպատակն է դառնում առավել շատ գիտելիք ստանալ և չհետևել բալային համակարգերին։ Միևնույն է, ստացած բարձր գնահատականները ոչ մի կերպ չեն ազդելու հետագա ուսումնառության վրա: Չնայած կան մի շարք կազմակերպություններ, որոնք առաջնային նախապատվություն են տալիս ուսանողի բարձր առաջադիմությանը»,- ասաց Ս. Մկոյանը: