«Ժողովուրդը, որը կանգնած է Րաֆֆի Հովհաննիսյանի մեջքի ետևում, ոչ թե երկրպագում է նրան, այլ դեմ է իշխանությանը»

Ասում է հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը

– Լուսինե, այսօր մշակութային բազմաթիվ գործիչներ կուսակցականացվել են։ Դուք դա ճի՞շտ եք համարում։

– Ի վերջո, արվեստագետները ևս ՀՀ քաղաքացիներ են, և մի կողմ դնելով իրենց մասնագիտությունը՝ նրանք իրավունք ունեն կուսակցականացվելու։ Ես ընդունում եմ դա, եթե նրանք ամենայն անկեղծությամբ հավատում են այդ կուսակցության գաղափարախոսությանը և պատրաստ են մինչև արյան վերջին կաթիլը պայքարել այդ կուսակցության գաղափարախոսության համար, բայց պետք է ասեմ, որ այսպիսի դեպք դեռ չեմ տեսել։ Թող ինձ ներեն բոլոր իմ գործընկերները, ես մինչև այսօր պայքարում էի այդ ամենի դեմ, կարծում էի, որ, այնուամենայնիվ, լավ է, որ նրանք քաղաքականության մեջ են, ի վերջո, ժողովրդի անունից են խոսելու, բայց, ցավոք սրտի, օր օրի հասկանում եմ, որ անձնական շահը գերակայում է։ Եթե իշխող կուսակցությունը վաղը փոխվի և գնա դեպի կործանում, ես վստահ եմ, որ նրանք կուսակցության հետ միասին չեն գնա։ Եթե ինչ-որ մեկը գնա, ես պատրաստ եմ ներողություն խնդրել։

– Դուք կարծում եք, որ իշխող կուսակցությունն իր դիրքերը կզիջի՞։

– Շատերն այսօր պայքարում են, պահանջում նախագահի հրաժարականը, կուսակցության անկումն են տենչում, և այլն։ Ես սա էլ չեմ հասկանում, սա էլ մյուս ծայրահեղությունն է։ Ինձ համար կարևորն իրավիճակի շտկումն է` անկախ նրանից, թե ո՞ր կուսակցությունը դա կանի։

– Այսօր հարթակում ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյանն է, այլ Րաֆֆի Հովհաննիսյանը։ Դուք ինչ-որ սպասելիքներ ունե՞ք։

– Րաֆֆի Հովհաննիսյանն այստեղ հիմնական կերպար չէ։ Ժողովուրդը, որը կանգնած է Ր. Հովհաննիսյանի մեջքի ետևում, ոչ թե երկրպագում է նրան, այլ դեմ է իշխանությանը։ Նա հանգամանքների բերումով հայտնվեց այս դերում, կարող էր լինել մեկ ուրիշը։ Այստեղ կարևորն այն է, որ լինի մեկը, ում հետևից ժողովուրդը պատրաստ է գնալ։ Ժողովուրդը դուրս է եկել ներկա իշխանությունների դեմ։ Պետք չէ անձնավորել և ասել, թե նախագահի կամ վարչապետի դեմ է դուրս եկել։ Ո՛չ, ժողովուրդը դուրս է եկել ներկայիս մեխանիզմի դեմ, որը չի աշխատում։ Եթե ներկայիս կառավարությունը վերանայի իր մեխանիզմը, ժողովուրդը կհանգստանա։

– Իսկ կուսակցությունների առկայությունն ինչ-որ հարց կարո՞ղ է լուծել։

– Կուսակցությունների առկայությունն արդեն նշանակում է՝ բաժանում։ Ժողովրդի ջլատումը սկսվել է այն օրվանից, երբ առաջացել են կուսակցություններ։ Ժողովուրդը սկսեց ջլատվել նաև այն ժամանակ, երբ մուտք գործեցին աղանդներ։ Մենք միասնական գաղափարախոսություն չունենք, դա մեր տապալումն է։ Այսօր տարբեր կուսակցականներ, մոռանալով, որ իրենք երկուսն էլ հայ են, պատրաստ են իրար կոկորդ կրծել։ Սրա վառ օրինակը մի քանի տարի առաջ տեսել ենք։
Անընդհատ խոսվում է, թե Ր. Հովհաննիսյանն Ամերիկայից է ուղարկվել, Ս. Սարգսյանը` Ռուսաստանից, մենք ենթագիտակցորեն հասկանում ենք, որ մեր գլխի տերը չենք։ Արհեստածին շատ տարբերակներով ամեն ինչ վաղուց ջլատվել է։ Հասարակության բևեռացման մասին էլ չեմ խոսում. մի կողմից՝ շատ հարուստներ, մյուս կողմից էլ` աղքատներ, միջին խավ գոյություն չունի։ Հրաշք պիտի կատարվի, կամ ծանր ձեռք ի հայտ գա, որ ինչ-որ բան փոխվի։

– Ամեն դեպքում հրաշքին կամ ծանր ձեռքին սպասո՞ւմ եք։

– Չէի ցանկանա, որ ծանր ձեռք ի հայտ գար, ավելի շուտ թող հրաշք կատարվի (ժպտում է.- Գ.Ա.)։

Տեսանյութեր

Լրահոս