Բաժիններ՝

«Եթե հիվանդը գնա 10 բժշկի մոտ, 10-ն էլ տարբեր բաներ կասեն »

Հարցազրույց ՀՀ ԱՆ «Հանրապետական անձավաբուժական կենտրոնի» ղեկավար, Առողջապահության նախարարության գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանի հետ

 
– Պարո՛ն Ոսկանյան, կներկայացնե՞ք անձավաբուժության էությունը: 
– Այն շատ արդյունավետ է: Դժբախտաբար, գրականության մեջ գրվում է, թե դա աղի փոշու՝ աերոզոլինի ազդեցությունն է: Դա, իհարկե, գոյություն ունի, բայց դա չէ կարևորը: Կարևորն այն է, որ մարդու օրգանիզմն ինքնակառավարվող բաց համակարգ է: Երբ մենք այդ օրգանիզմի համար ստեղծում ենք հատուկ պայմաններ, որտեղ չկան այն գրգռիչները, որոնք պատճառ են հանդիսանում ասթմայի, ալերգիայի, միգրենի, էկզեմայի, մաշկային ալերգիկ հիվանդությունների, մի պահ իմունային համակարգը հանգստանում, թուլանում է: Անձավում մարդը մնում է հինգ ժամ: Թուլացումից հետո անձը նորից բարձրանում է վերև, և բոլոր գրգռիչները` մագնիսային ալիքները, դաշտերը, աղմուկը, փոշին, ալերգենները, ընդհուպ զոքանչը (կատակում է.- Օ.Հ.), հարձակվում են օրգանիզմի վրա, և, քանի որ օրգանիզմը ինքնակառավարվող է, սկսում է վերանայել, կարգի բերել իր պաշտպանողական համակարգը: Օրգանիզմը բնական ձևով ընտրում է պաշտպանվելու ավելի ճիշտ տարբերակը: Երբ մենք օրգանիզմին հնարավորություն ենք տալիս մի քանի անգամ քանդել-հավաքել համակարգը, ապա նա հավաքում է ավելի լավ տարբերակը: Դա է անձավաբուժության բուն իմաստը: Պետք է հասկանալ, որ անձավաբուժությունը չի փոխարինում բժշկական ոչ մի ուրիշ տեխնոլոգիայի կամ մեթոդի: Անձավաբուժությունը այլընտրանքային բուժում չէ: Անձավաբուժությունն անհրաժեշտ է բոլոր դեպքերում: Հիվանդության սրացման ժամանակ մենք մարդկանց անձավ չենք իջեցնում: Այդ կերպ վարվելու դեպքում մարդու օրգանիզմը գրագետ կերպով չի վերանայի իր պաշտպանական համակարգը: Դրա համար մենք տարբեր մեթոդներով մարդուն հանում ենք այդ վիճակից և օրգանիզմի համար ստեղծում ենք պայմաններ՝ իր պաշտպանական համակարգը վերանայելու համար: Անձավներից մեկը գտնվում է 235 մ խորության վրա: Մարդկանց մի խումբ` կույրեր, համրեր, սրտանոթային, երիկամների որոշ հիվանդություններ ունեցող մարդիկ, ինչպես նաև երեխաները, չեն կարող իջնել այդ խորության վրա: Հիվանդ մարդկանց ինքնազգացողությունն ավելի կվատանա այնտեղ իջնելու հետևանքով, իսկ երեխաներն ու ֆիզիկական խնդիրներ ունեցող անձինք, հղի կանայք հոսանքն անջատվելու դեպքում ստիպված պետք է լինեն 80 հարկ ոտքով բարձրանալ: Այդ իսկ պատճառով հատուկ մշակված տեխնոլոգիայով քարաղից կառուցվել է սենյակ, որտեղ նշված մարդիկ կարող են օգնություն ստանալ:

 
– Կենտրոնում հիվանդների թվի աճ նկատո՞ւմ եք: 
– Ինձ հաճախ հարցնում են` ինչպե՞ս են գործերդ: Ես պատասխանում եմ, որ իմ գործերը լավ են, հիվանդների գործերը լավ չեն, որովհետև ախտորոշումն ու բուժումը փող արժեն: Դրա համար հիվանդը նախընտրում է գնալ այն բժշկի մոտ կամ այն պոլիկլինիկա, որտեղ փող չի վճարում, իսկ այդպիսի հաստատություններում չկան համապատասխան պայմաններ, որ կարողանան ախտորոշումն ու բուժումն անել: Ստացվում է, որ հիվանդն իր ուզելով խաբվում է, բժիշկն էլ օժանդակում է դրան: Ոչ թե նրա համար, որ նա «փիսն» է, այլ, որ ուրիշ հնարավորություն չունի: Տեսեք, ասթմայով հիվանդի զննումն ինձնից 1,5-2 ժամ է պահանջում: Պոլիկլինիկայում բժշկին աշխատավարձ են տալիս` ըստ հիվանդների քանակի: Մեկ ժամվա ընթացքում նա 4-5 հիվանդ պետք է զննի: Հազիվ կհասցնի բարև տալ և հարցնել` փռշտո՞ւմ ես, թե՞ ոչ: Չի կարող մանրակրկիտ զննել: Հիվանդները շատ են, տարեցտարի շատանում են, բայց անձավաբուժության գալիս են այն հիվանդները, ովքեր արդեն ամեն ինչ փորձում են, բարդություններն իրենց «ուտում են»: Բժիշկներն էլ ուղարկում են անձավաբուժության, որովհետև ճար չունեն, չգիտեն` ինչ անել: Այստեղ էլ ֆինանսական բարդություններ են առաջանում: Աղի հանքի ստորգետնյա առողջարանի մեկ պրոցեդուրան արժե 10.000 դրամ, կուրսը 20 այցելություն է, այսինքն` ստացվում է 200.000 դրամ: Երբ հիվանդն իմանում է այդ գինը, նա հարցնում է` ինչի՞ համար այդքան գումար տամ, օդ շնչելո՞ւ, այսինքն` չի հասկանում, չի էլ ուզում հասկանալ:

 
– Կենտրոնում մինչև 7 տարեկան երեխաները բուժում են ստանում պետական պատվերի շրջանակներում: Որքա՞ն երեխաներ են գալիս կենտրոն բուժում ստանալու:
– Եթե երեխաները պոլիկլինիկաներում հաշվառված են` որպես բրոնխիալ ասթմայով, էկզեմայով, ալերգիկ հիվանդություններով հիվանդներ, ապա նրանք իրավունք ունեն մինչև 18 տարեկան հասակը ստանալ անվճար բուժօգնություն: Տարիներ առաջ հետազոտեցինք Շենգավիթ վարչական շրջանի բոլոր 28 դպրոցների 1-3 դասարանի երեխաներին: Պարզվեց, որ ասթմային ախտանշաններ ունեցող երեխաների միայն 0,9 տոկոսն էր հաշվառված, իսկ մեր հաշվարկներով` այդ խնդիրն ունի երեխաների 12,6 տոկոսը: Հետաքրքիրն այն է, որ այդ 12,6 տոկոս երեխաների մոտ 20-30 տոկոսն ինքնուրույն վերականգնվում են օրգանիզմը կարողանում է լուծել խնդիրները, և երեխաները մեծանում են առողջ: Մյուս երեխաների 85-90 տոկոսին անձավաբուժության միջոցով կարելի է բուժել:

Կարդացեք նաև

 
– Մի առիթով ասել էիք, որ չնայած մինչև 7 տարեկան երեխաների բուժումն անվճար է, բայց ծնողները նրանց բուժման չեն բերում: Այսօ՞ր էլ կան այդպիսի դեպքեր:
– Մենք ասում ենք, որ մենք երեխա շատ ենք սիրում, բայց մենք երեխա չենք սիրում: Մենք չենք սիրում մեզ, մենք չենք սիրում կարգուկանոն: Մենք բժշկի դիմում ենք այն ժամանակ, երբ արդեն ճար չունենք: Ասում ենք, որ երեխաներին սիրում ենք, բայց ծխում ենք տանը: Երեխաների համար գնում ենք այն բաները, որոնք վնասում են նրանց: Ծնողը երեխային կարող է մի խաղալիք գնել, որն արժե 20-30 դոլար, բայց այդ գումարը չի տա իր երեխային բուժելու համար: Կենտրոնում գործում է պետպատվերի համակարգ: Եթե մինչև անձավ իջեցնելը երեխային որոշակի բուժում է հարկավոր, ծնողները դրա համար պետք է վճարեն ոչ շատ մեծ գումար` 50-70 հազար դրամ: Մնացածն անվճար է, բայց ծնողները չեն անում: Ավելին, ասում են` 70 հազար դրամը վճարեմ, երեխային բուժեք, բայց այնտեղ չգնանք: Չես հասկանում` ինչն է պատճառը:

 
– Խոսեցիք ասթմայի մասին: Չնայած, ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, ասթմա, ասթմատիկ ստատուս ունեցող անձանց թիվը 2006-2011-ի ընթացքում գրեթե չի աճել, այնուամենայնիվ, տեսակետ կա, որ ասթմայով հիվանդների թվի աճ է նկատվում Հայաստանում: 
– Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ վերջին 10 տարիների ընթացքում բրոնխիալ ասթմայով հիվանդների թիվը կրկնապատկվեց՝ թե՛ մեծերի, և թե՛ փոքրերի շրջանում: Ասթման ձևավորվում է փոքր հասակում: Այն կարող է չարտահայտվել, բայց ձևավորվում է այդ տարիքում: Հետո արդեն, երբ մեծ տարիքում ինչ-որ սխալ բան է անում`սուրճ է աղում, անասուն է պահում, կատու է բերում, տանը պահում, նա պրովոկացիա է անում, և իմունային համակարգի թերի կողմն արտահայտվում է, ձևավորվում է հիվանդությունը: Դրա համար նախ` աճը պետք է դիտարկել փոքրահասակ երեխաների մոտ: Աճը միայն Հայաստանին բնորոշ չէ, ուրիշ երկրներում էլ հիվանդների թվի աճ կա: Նույնիսկ կարող եմ ասել, որ այնտեղ ավելի մեծ աճ կա, նույնիսկ մյուս իմունոգեն հիվանդությունների աճ: Հայաստանում մեծահասակ բնակչության մոտ 7 տոկոսն է հիվանդ բրոնխիալ ասթմայով, երեխաների` 12,6 տոկոսը: Եթե հաշվենք` կստացվի, որ մոտավորապես 90-100 հազար բնակիչ ունի ասթմա, իսկ Առողջապահության նախարարության հաշվետվություններում 7-8 հազար հիվանդ է երևում: Հաշվետվությունների մեջ գրվում են նաև առաջին անգամ հիվանդացության դեպքերը. դրանք տարեկան մոտ 700-1000-ն են, բայց ասթման ամբողջ կյանքի ընթացքում մնում է, ուրեմն` հիվանդների թիվը չպետք է պակասի, միայն մահացածները պետք է դուրս գան: Սա նշանակում է, որ տարեցտարի թիվը պետք է ավելանա, բայց չի ավելանում, որովհետև մի մասը` գումար չունենալով, մյուս մասն էլ` չհավատալով, չի գնում բժշկի, ոմանք էլ ասթմայի հսկողության իրենց ձևն են գտնում: Մեր խնդիրն է` ուշադրություն դարձնել, որ մինչև սեռական հասունացման ավարտը երեխաները ստանան օգնություն. այդ ժամանակ հիվանդությունը կնահանջի: Երբ մենք աշխատեցինք դպրոցում, հասկացանք, որ այն ընտանիքներում, որտեղ ծխող չկա, ասթմայով հիվանդ երեխաների տոկոսը կազմում է 12 տոկոս, այն ընտանիքներում, որտեղ մեկ ծխող կա, այդ հիվանդների թիվն արդեն 22 տոկոս է, երկու ծխողի դեպքում՝ արդեն 28 տոկոս է, երեքի դեպքում` 32 տոկոս, 4 և ավելի ծխողի դեպքում երեխաների կեսն ունի բրոնխիալ ասթմա: Երբ հետազոտության ժամանակ սրա մասին ծնողին ասում ենք, միայն այդ ժամանակ է ընկալում, որ ինքն է երեխայի` ասթմայով հիվանդանալու պատճառը:

 
– Որոշ դեպքում այդ աճը կապում են միջավայրի աղտոտվածության հետ: Ի՞նչ կասեք այս դիտարկման մասին:
– Խնդիրն այն չէ, որ մենք շատ ենք աղտոտում օդը: Խնդիրն այն է, որ մարդու քաղաքակրթությունը շատ ավելի արագ է զարգանում, քան բնականորեն պաշտպանական համակարգը հարմարվում է այդ ցիվիլիզացիային: Չի հասցնում հարմարվել: Ասթման, ալերգիան և մյուս հիվանդություններն արտահայտվում են այն ժամանակ, երբ արտաքին աշխարհի գործոններն այս կամ այն չափով գերազանցում են իր հնարավորությունները: Պարզ է, որ եթե արտաքին աշխարհի աղտոտվածությունը շատանում է, հենց դա է պատճառը, որ այդ հիվանդություններն ավելի շատանում են, բայց հարցը միայն դա չէ: Այդ հիվանդություններն անկանխատեսելի են այն իմաստով, որ կարող են առաջանալ այնպիսի բանից, որ մտքով էլ չի անցնում: Երևանն, օրինակ, ավելի աղտոտված է, փոշոտ, քան Դիլիջանը, բայց այնտեղ ասթմա ունեցողները 3 անգամ ավելի շատ են, քան Երևանում, որովհետև դա չէ հիմնական գործոնը: Հիմնական գործոնն այն վայրն է, որտեղ խոնավ է և տաք. այստեղ շատ են կենդանիները, որոնք ալերգեններ են:

 
– Մասնագիտական առումով ի՞նչ խնդիրներ եք տեսնում: 
– Մասնագետները պետք է դիմեն գործընկերներին, եթե ինչ-որ խնդիր կա: Ես չեմ հիշում դեպք, երբ ինձ մոտ հիվանդին ուղարկեն կոնսուլտացիայի: Մի քանի հիվանդների ուղարկել են, որոնց մոտ մեծ բարդություններ են եղել: Բժիշկները պետք է ավելի աչալուրջ լինեն: Սովետական շրջանում կար կոնսիլիում, բժիշկները հավաքվում էին` ճշտելու հիվանդի վիճակը: Հիմա չկա նման բան: Հիմա եթե հիվանդը գնա 10 բժշկի մոտ, 10-ն էլ տարբեր բաներ կասեն, ընդ որում, անպայման նախորդ բժշկի մասին, որքան հնարավոր է, վատ բաներ կասեն, հետո նոր կսկսեն իրենց «քարոզը կարդալ» հիվանդի գլխին: Դրա պատճառով հիվանդներն էլ են վստահությունը կորցրել:

 
– Ինչո՞ւ:
– Հիմնական պատճառն այն է, որ բժշկական գործունեության մեջ բիզնեսն է մտել: Արժեքները փոխվել են: Նորմալ հիվանդանոցները, նորմալ բժիշկները մտածում են այն մասին, թե ինչպես եկամուտ ստանալ, որ գոնե աշխատավարձ տան: Բժիշկը մտածում է, որ հիվանդը չփախչի իր մոտից, քանի որ նրանից գումար է ստանում: Դրա համար էլ ուրիշ բժիշկների մոտ չեն ուղարկում՝ վախենալով կորցնել հիվանդին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս