
«Որոշումը նաչալնիկներինն է, իրենք եթե որոշեն` ես խնդիր չունեմ». Հակոբ Հակոբյան

ԱԺ նախկին պատգամավոր, «Ոգու փորձություն» հասարակական կազմակերպության նախագահ Հակոբ Հակոբյանը չի պատրաստվում անդամակցել «Հայ ազգային կոնգրես» կուսակցությանը: Այդ մասին 168.am-ի հետ զրույցում ասել է ինքը՝ Հակոբ Հակոբյանը:
«Անկուսակցական եղել եմ, անկուսակցական էլ կմնամ: Բայց ինձ համար հպարտություն է, որ Լևոն Տեր-Պետրոսյանին պաշտպանել եմ, չեմ զղջում»,- ավելացրել է նա:
Հիշեցնենք, որ Հակոբ Հակոբյանը 2008թ. միացել էր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի շարժմանը, իսկ մարտի 1-ից հետո՝ ձերբակալվել: Հակոբ Հակոբյանը նշել է, որ կուսակցական չլինելն իր սկզբունքներից է բխում, սակայն դա չի նշանակում, թե ինքն այլևս Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցը չէ: Նա շարունակում է մնալ ՀԱԿ համակիր: Հակոբ Հակոբյանին, ի դեպ, հանդիպել էինք երեկ Սբ.Սարգիս եկեղեցում, որտեղ ՀԱԿ-ի ղեկավարությունը և համակիրները մասնակցում էին Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված պատարագին:
Ինչ վերաբերում է «Ժառանգության» առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած շարժմանը, ապա Հակոբ Հակոբյանն ասել է, որ պատրաստ է միանալ այդ շարժմանը, եթե ՀԱԿ-ը նման որոշում ունենա: «Ճիշտ է պայքարում մարդը, իր հաղթանակին կհասնի, ես համոզված եմ: Որոշումը նաչալնիկներինն է, իրենք եթե որոշեն՝ ես խնդիր չունեմ, սրտանց կուզեմ»,- ասել է Հակոբ Հակոբյանը: