Մարտի 1-ի զոհերը գնացին դեպի հավերժություն. Սասուն Միքայելյան

Արցախյան ազատամարտի մասնակից, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանն այսօր մասնակցեց 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների հնգամյա տարելիցի կապակցությամբ Երևանի Սբ. Սարգիս եկեղեցում 10 զոհերի հիշատակին մատուցված պատարագին, այնուհետև Հայ ազգային կոնգրեսի կազմակերպած երթին` դեպի Ալ. Մյասնիկյանի հուշարձան: Հուշարձանի մոտ Սասուն Միքայելյանը հանդիպեց լրագրողներին, ում հետ խոսելով Մարտի 1-ի դեպքերի բացահայտման մասին` ասաց, որ պայքարը բացահայտման համար դեռևս շարունակվում է: «Եվ կշարունակվի մինչև վերջ, որ ամեն ինչ պարզվի, որ ՀՀ քաղաքացին իրեն ՀՀ քաղաքացի զգա»,- ասաց նա:

Սասուն Միքայելյանը խոսեց նաև այսօր ծավալվող հետընտրական զարգացումների և ընդդիմության պայքարի մասին` նշելով, որ այդ պայքարը մի օր անպայման հաջողություն ունենալու է: «Երբեք չպետք է դադարեցնենք պայքարը, իշխանությանը գցելու բոլոր միջոցներն արդարացված են: Ես միշտ ժողովրդի հետ եմ, ես միացած եմ, նշանակություն չունի` ով է առաջնորդում, կարևորն այն է, որ ժողովուրդն իր արդարացի պայքարը տանում է, բնական է` մի օր արդյունք կտա, երբե՛ք թող չհուսահատվի ժողովուրդը»,- ասաց նա: Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե ինքը ե՞րբ է պատրաստվում միանալ այդ շարժմանը, ինչին ի պատասխան՝ Սասուն Միքայելյանն ասաց. «երբ ապաքինվեմ, առողջանամ: Ես վիրահատության եմ ենթարկվել, այսօր առաջին անգամ դուրս եմ եկել տնից, չէի կարող դուրս չգալ»:
168.am-ը հարցրեց Սասուն Միքայելյանին. քանի որ այսօր նույնպես նմանատիպ իրադարձություններ են ծավալվում Հայաստանում, ինչպես 2008 թ. նախագահական ընտրություններից հետո, որքանո՞վ է նա հնարավոր համարում Մարտի 1-ի կրկնությունը:

«Ո՞վ իրավունք ունի նորից Մարտի 1 կրկնել, դրա համար ժողովուրդը երբեք չի մոռանա: Եվ փառք ու պատիվ էդ տղերքին, ովքեր նահատակվեցին, իրենց ազատության, ազատ խոսքի համար նահատակ դարձան, գնացին դեպի հավերժություն. նրանց հոգիները միացան Անդրանիկին, Արաբոյին, Կոմիտասին, և մի օր թեկուզ այս հրապարակում կկառուցվի հուշարձան իրենց հիշատակին»,- ի պատասխան՝ ասաց նա:

Սասուն Միքայելյանն ավելացրեց, որ Մարտի 1-ի զոհերն ազատության մարտիկներ էին. «անկասկած նրանք ազատության մարտիկներ էին, և ազատության համար էլ հենց Երևանի սրտում խփնվան»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս