Վարդան Պետրոսյան. «Հայաստանում ստեղծվել է բացառիկ իրավիճակ» (տեսանյութ)

Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին ելույթ ունեցավ նաև Ֆրանսիայում բնակվող դերասան Վարդան Պետրոսյանը: Վերջինս իր խոսքում նշեց, որ ամենասարսափելին այն է, երբ արվեստագետը սկսում է զբաղվել քաղաքականությամբ:

«Շատերի պես՝ ես էլ, անկեղծ եմ ասում, չէի հավատում, որ այսպիսի շարժում կսկսվի: Շատերի պես մտածում էի, որ ժողովուրդը վախեցած է, անտարբեր: Ես ուղղակի ինձ մխիթարում էի այն մտքով, որ հայկական ձմեռը, որ կանխատեսում էի, իր պասիվությամբ գոնե ավելի լավ է, քան Արաբական գարունը, որ տեսաք, թե ինչ փորձանքներ բերեց այսօր արաբ ժողովուրդների գլխին՝ հանուն նրանց երջանկության: Բայց տեղի ունեցավ մի շատ անսպասելի բան: Մեր ժողովուրդը նորից ոտքի կանգնեց, միգուցե՝ բնազդաբար, ենթագիտակցորեն հայացք նետեց դեպի պատմական անցյալը, առողջ գենը, հայ արմատը: Վախի մթնոլորտում, ապատիայի, անտարբերության և անպաշտպանության մթնոլորտում՝ լուռ, անաղմուկ գնաց և իր խղճի ձայնը տվեց նրան, ում ուզում էր: Տեղի ունեցավ ամենամեծ հաղթանակը: Սա էր իսկական հաղթանակի սկիզբը, որը տեղի է ունենում ի սկզբանե մարդու սրտում, գլխում, հոգու մեջ»,- ասաց Վարդան Պետրոսյանը:

Ըստ դերասանի՝  ժողովուրդը հաղթանակ է տարել, և այդ հաղթանակը զարմացրել է բոլորին, նաև իշխանություններին, ովքեր ինքնավստահ էին: «Հայաստանում ստեղծվել է բացառիկ իրավիճակ: Խորքային փոփոխություններ անելու սկիզբը դրեցիք Դուք այս հաղթանակով»,- ասաց Վարդան Պետրոսյանը:

Նա Ֆրանսիայից իրադարձություններին ծանոթանում էր լրատվամիջոցների միջոցով, որոնցից մեկում կարդացել էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունն այն մասին, որ հայ տղամարդն ավելի ճիշտ կանի իր էներգիան ծախսի ընտանիքը պահելու համար: Ըստ Վարդան Պետրոսյանի՝ հայտարարությունը շատ լավն է, սակայն նույն ԱԺ-ն ոչ մի կերպ թույլ չի տալիս, որ հայ տղամարդը զբաղվի իր ընտանիքով:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս