«Զորքը բեր առաջ, Ախալքյալակի մեր ժողովրդին բեր առաջ». ԵՊՀ ռեկտորի օգնական (տեսանյութ)
Օրեր առաջ մեկնարկած դասադուլի ակցիայի շուրջ տարբեր կարծիքներ են հնչում։ Ոմանք ողջունում են ուսանողների այս նախաձեռնությունը՝ ընդգծելով, որ կարևորը ժողովրդավարական արժեքների և սեփական իրավունքների համար պայքարն է։ Մյուսները հանդես են գալիս ավելի շատ ծնողական տեսանկյունից. ասում են, որ ուսանողների ծնողները հազիվ ծայրը ծայրին հասցնելով՝ իրենց երեխաների ուսման վարձն են վճարում, իսկ երեխաները կտրվում են դասերից և, խնդիրներ ունենալու դեպքում՝ փաստի առաջ են կանգնեցնելու ծնողներին։
Իհարկե, այս հարցի շուրջ յուրաքանչյուրն իր մոտեցումն ունի, և չի կարելի որևէ մեկին պարտադրել սեփական դիրքորոշումը։ Տարբեր կարծիք կարելի է ունենալ և՛ դասադուլի գաղափարի, և՛ ընտրությունների արդյունքների, և ընդհանրապես՝ երկրի զարգացման աշխարհայացքների հարցում։ Սակայն մի կետ կա, որի շուրջ, ըստ առողջ տրամաբանության, չի կարելի տարբեր կարծիք ունենալ։
Այդ կետը տեսանյութի գլխավոր հերոսն է՝ ԵՊՀ ռեկտորի օգնական Գևորգ Մելքոնյանը։ Նա հերոսաբար պաշտպանում է իր բուհն այնպես, կարծես թուրք-ադրբեջանական զորքերը հարձակվել են Երևանի պետական համալսարանի վրա։ Ակնհայտ ցինիզմով՝ նա փորձում է իր կամքը վեր դասել ՀՀ Սահմանադրությունից։ Դասադուլավորների՝ «Մենք ձեզ սիրում ենք» կոչին ի պատասխան՝ անթաքույց սարկազմով պատասխանում է՝ մենք էլ ձեզ ենք սիրում, հետո ավելացնում՝ աղջիկներին, իհարկե։ Սակայն ամենացնցողն, իհարկե, հետևյալ արտահայտությունն է՝ «Զորքը առաջ բեր, մեր Ախալքյալակի ժողովրդին առաջ բեր»։
Փաստորեն՝ ԵՊՀ-ն (կամ դրա ռեկտորի օգնականը) զորք ունի։ Ախալքալակցիներից բաղկացած զորք, որը պետք է հարկ եղած դեպքում պաշտպանի Մայր բուհը դասադուլավորներից և այլ վտանգավոր տարրերից։ Փաստորեն, Ոստիկանության ուժերը բավարար չեն։ Փաստորեն՝ ԵՊՀ ղեկավարությունը չի վստահում սեփական երկրի իրավապահ ուժերին, իրեն ԱՊԱՀՈՎ չի զգում և հույսը դնում է սեփական զորքի վրա։
Ի՞նչ եք կարծում՝ ուսանողի ծնողը ո՞ր դեպքում ավելի շատ մտահոգվելու առիթ կունենա և ունի։ Երբ իմանա, որ իր երեխան դասադուլի՞ է մասնակցում, թե՞ երբ տեսնի, թե ովքե՛ր են տնօրինություն անում Մայր բուհում։ Կարծում ենք՝ անկախ քաղաքական հայացքներից, այս տիպի «կետերի» շուրջ տարբեր կարծիք ունենալ չի կարելի։
Հ.Գ. Ի դեպ, տեսանկարահանումների հետ սեր ունեցող մեր Ոստիկանությանը խորհուրդ կտայինք ուսումնասիրել այս կադրերը և պարզել՝ ովքե՞ր են «զորքի» ներկայացուցիչները՝ Ջավախքի բարբառով խոսող և հայհոյող երիտասարդները, և արդյո՞ք նրանք սովորում են Երևանի պետական համալսարանում։
տեսանյութը՝ Lurer.com-ի