Բրիտանական պարբերականը բացահայտել է միջուկային ռումբի ստեղծման վերաբերյալ Իրանի «Պլան Բ»-ն
Բրիտանական The Daily Telegraph պարբերականի փոխանցմամբ՝ Իրանը սկսել է աշխատանքներ տանել պլուտոնիումի արտադրության ուղղությամբ: Պլուտոնիումը հանդիսանում է ատոմային ռումբի ստեղծման այլընտրանքային ուղի:
Բրիտանական պարբերականը հրապարակել է արբանյակներից կատարված մի շարք լուսանկարներ, որոնցում որևում է Թեհրանից 240 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք ընկած Արակի օբյեկտից վեր բարձրացող գոլորշին: Այդ կապակցությամբ պարբերականը դիմել է արևմտյան փորձագետներին, որոնք էլ հայտարարել են, որ դա հանդիսանում է ծանր ջրի արտադրության ցուցիչ: Դա անհրաժեշտ է պլուտոնիումի արտադրության համար, որը կարող է օգտագործվել միջուկային մարտական լիցքի ստեղծման համար:
Բրիտանական պարբերականն ընդգծում է, որ ցայժմ Իրանի միջուկային ծրագրի շուրջ տարվող բանակցություններում հիմնական ջանքերն ուղղված են Իրանում ուրանի հարստացման խնդրին, որն իրականացվում է «Ֆորդու» և նմանատիպ այլ օբյեկտներում:
Սակայն Արակի նոր լուսանկարները ցույց են տալիս, որ Իրանն իր սարքավորումների միջոցով առաջ է գնացել և ստացել է պլուտոնիում արտադրելու հնարավորություն, ինչը պոտենցիալ առումով հանդիսանում է Իրանի համար ատոմային զենքի մշակման երկրորդ տարբերակ: Այսիքն Իրանն ունի միջուկային զենք ստեղծելու «Պլան Բ»:
Արակի գործարանի հարևանությամբ գտնվում է միջուկային ռեակտոր, որը շահագործման է հանձնվելու 2014 թվականի սկզբին: Իրանը չունի պլուտոնիումի արտադրման տեխնոլոգիաներ, սակայն բրիտանական պարբերականը կարծում է, որ Իրանը կարող էր դրանք ստանալ Հյուսիսային Կորեայից: