Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Իրանը վերապատրաստել է ադրբեջանցի պարտիզաններին. Մոհսեն Ռեզայի

Իրանական Aran լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի քաղաքական նպատակահարմարության խորհրդի քարտուղար, Իսլամական հեղափոխության պահակազորի նախկին հրամանատար Մոհսեն Ռեզային Sahar TV-ին տված հարցազրույցի ժամանակ ուշագրավ հայտարարություն է արել՝ կապված Արցախյան ազատամարտի ժամանակ Ադրբեջանին Իրանի ցուցաբերած օգնության հետ.

«Իրանը Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակին ռազմամթերք մատակարարելուց բացի, վերապատրաստել է ադրբեջանցի պարտիզաններին: Ես անձամբ եմ հրամայել, որ ռազմական տեխնիկա ու ռազմամթերք մատակարարվի ադրբեջանական բանակին: Ես անգամ կարգադրել եմ Ադրբեջանի զինված ուժերի համար կազմակերպել զորավարժանքներ:

Ղարաբաղյան պատերազմի ժամանակ զոհվել են նաև մեծ թվով իրանցիներ, որոնց գերեզմանները գտնվում են նաև Բաքվում: Մենք մշտապես դժվար պահին գտնվել ենք Ադրբեջանի կողքին և ներկայումս նույնպես նրա կողքին ենք: Ղարաբաղն իսլամական տարածք է»:

Հիշեցնենք, որ Մոհսեն Ռեզաին Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորը գլխավորել է 1981-1997 թվականներին: Նա Իսլամական հեղափոխության պահակազորի հրամանատար է դարձել ընդամենը 27 տարեկան հասակում: Ռեզային 2009 թվականին մասնակցել է Իրանի նախագահական ընտրություններին, սակայն հավաքել է քվեների 1.7 տոկոսը և պարտվել է ներկայիս նախագահ Մահմուդ Ահմադինեժադին (62.63 %), ինչպես նաև Միր Հուսեին Մուսավիին (33.86 %): Այս անգամ Ռեզային նույնպես մտադիր է, որպես նախագահի թեկնածու, մասնակցել Իրանի նախագահական ընտրություններին, որոնք կայանալու են այս տարվա հունիսի 14-ին:

Ի դեպ, սա Արցախյան ազատամարտի ժամանակ Ադրբեջանին Իրանի ցուցաբերած օգնության մասին առաջին խոստովանությունը չէ: 2011 թվականի մայիսի սկզբին Իրանի գերագույն ղեկավար ու հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեիի ներկայացուցիչ, Արդաբիլ քաղաքի իմամ Սեյեդ-Հասան Ամելին «Ադրբեջանի Իսլամական» կուսակցության (ԱԻԿ) նախկին նախագահ Ալիքրամ Ալիևի մահվան կապակցությամբ հանդես էր եկել իրանա-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ սենսացիոն հայտարարությամբ.

«Իրանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունները հենվում են պատմական ու կրոնական ամուր արմատների վրա, սակայն Արևմուտքը մասշտաբային աշխատանքներ է իրականացնում դրանց վատթարացման ուղղությամբ: Դա, մասնավորապես, վերաբերում է Ղարաբաղյան հակամարտությանը:

Ղարաբաղյան պատերազմի սկսվելուց հետո Իրանը հայտնվել էր երկընտրանքի առջև: Անհրաժեշտ էր պատերազմին միջամտել և կանգնեցնել «հայկական ագրեսիան»: Դրանով Իրանը կբացեր երկրորդ ճակատ, ինչը, վերջին հաշվով, վերածվելու էր Ռուսաստանի դեմ պատերազմի:

Կամ էլ Իրանը կարող էր աչք փակել «հայկական ագրեսիայի» վրա և կորցնել իսլամական աշխարհում իր հեղինակությունը: Սակայն Իրանն ընտրեց երրորդ տարբերակը` բացահայտորեն չմասնակցել պատերազմին, սակայն չմնալ նաև դիտորդի դերում:

Ցայժմ իրանցի քաղաքական գործիչները, ելնելով դիվանագիտական նկատառումներից, չեն բարձրաձայնել Ադրբեջանին ցուցաբերած իրենց օգնության մասին և հնարավոր է` երբեք էլ չբարձրաձայնեն այդ մասին: Սակայն դա ինձ չի վերաբերում: Ես հայտարարում եմ, որ մենք ավտոշարասյուններով սպառազինություն ենք մատակարարել Շուշիի մարտերի ժամանակ սպառազինության հարցում դժվարություններ կրող ադրբեջանցիներին:

Կառավարության համաձայնությամբ և Ռագիմ Գազիևի (Ադրբեջանի նախկին պաշտպանության նախարար) ու Ռովշան Ջավադովի (Ադրբեջանի ՕՄՕՆ-ի նախկին ղեկավար և ՆԳՆ փոխնախարար) խնդրանքով՝ ստեղծվել է ադրբեջանա-իրանական պաշտպանական շտաբ, որի շրջանակներում թավրիզցի և արդաբիլցի գեներալներն օգնել են ադրբեջանցիներին:

Իրանը նաև Ադրբեջանին աջակցել է հազարավոր աֆղան մոջահեդների` դեպի Ղարաբաղ փոխադրման կազմակերպչական հարցերում: Մենք զենք ու զինամթերք ենք հատկացրել Ադրբեջանին, մեր բազաները գտնվել են այնտեղ: Այսօր Ադրբեջանում կան հազարավոր վկաներ, որոնք կհաստատեն իմ այս խոսքերը: Նրանք կենդանի են, և եթե մի փոքր խիղճ ունեն, ապա կարող են հաստատել իմ ասածները»:

Տեսանյութեր

Լրահոս