Բաժիններ՝

Արգենտինան Մեծ Բրիտանիային մեղադրել է Ֆոլկլենդյան կղզիների շուրջ ատոմային սուզանավեր կենտրոնացնելու մեջ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Արգենտինան Մեծ Բրիտանիային մեղադրել է Լատինական Ամերիկայում միջուկային զենքն արգելող պայմանագրի խախտման մեջ: Երեկ Ժնևում տեղի ունեցած ՄԱԿ-ի զինաթափման կոնֆերանսում Արգենտինայի ներկայացուցիչ Էդուարդո Սուայնը հայտարարել է, որ Լոնդոնն ընդլայնում է իր ռազմական ներկայությունը Հարավային Ատլանտիկայում՝ վիճելի Մալվինյան (Ֆոլկլենդյան) կղզիների շրջան տեղափոխելով միջուկային լիցք փոխադրելու ունակ սուզանավեր.

«Արգենտինան հատկապես մտահոգ է նրանից, որ Մեծ Բրիտանիան կարող է Հարավային Ատլանտիկայում սկսել տեղակայել միջուկային սպառազինություն: 1967 թվականի պայմանագրի համաձայն, որն առավել հայտնի է Տլատելոլկոյի պայմանագիր, Լատինական Ամերիկայի տարածքում արգելված են ամեն եղանակով միջուկային զենքի փորձարկումները, օգտագործումը, պատրաստումը կամ գնումը, ինչպես նաև դրա ստացումը, տարածումը, պահպանումն ու տիրումը:

Մեծ Բրիտանիան ցայժմ որևէ պարզաբանում չի ներկայացրել սուզանավերի հնարավոր տեղաշարժերի կապակցությամբ, որոնք ունակ են կրել միջուկային զենք: Հարավային Ատլանտիկայի կղզիներում արդեն իսկ գտնվում է ավելի քան 1500 բրիտանացի զինծառայող, ընդ որում քաղաքացիական բնակչության քանակը կազմում է 3000 մարդ: Դա անհանգստացնում է ոչ միայն Արգենտինային, այլև՝ տարածաշրջանային կազմակերպություններին»:

Ֆոլկլենդյան կղզիների պատճառով Մեծ Բրիտանիան ու Արգենտինան պատերազմել են 1982 թվականին, ինչն ավարտվել է վերջինիս պարտությամբ: Այս կղզիների շուրջ հակամարտությունը վերստին սրվել է այն բանից հետո, ինչ 2010 թվականին բրիտանացիները սկսեցին կղզիների շուրջ իրականացնել նավթահանքերի հետախուզման աշխատանքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս