«Չեմ կարծում՝ ամենամեծ աշխատանքը, որը կարելի է անել երկրի ապագայի համար, Ազատության հրապարակում կանգնելն ու գոռալն է»

«Ես  քաղաքականությամբ հետաքրքրվում եմ մակերեսորեն, այսինքն` այնքան, որքան յուրաքանչյուր քաղաքացի պետք է հետաքրքրվի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ Սուրեն Թադևոսյանը։

Վերջինս, իր կյանքի ընթացքում ապրելով շատ տարբեր երկրներում, որևէ երկրում չի տեսել քաղաքականության նկատմամբ «այսպիսի ցավալի մոտեցում և անձնական դարձնելու ցանկություն, ինչպես Հայաստանում է». «Միգուցե ես սխալ եմ, հնարավոր է` ճիշտ է, որ բոլորը պետք է իրենց այդպես կոտորեն, ուղղակի ես այդ առումով շատ պրագմատիկ եմ և հանգիստ եմ այդ ամեն ինչին վերաբերվում»,- ասաց նա։

Այն հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ կային ՀՀ նախագահի ընտրություններից, Սուրենը պատասխանեց. «Կարող եմ ասել, որ ուրիշ ոչ մի բան չէի սպասում։ Թե՛ գործող նախագահի, թե՛ նախագահի որոշ թեկնածուների թիմում կան լավ, ուժեղ մարդիկ, որոնց շատ հարգում և ընդունում եմ։ Նախագահն ինձ համար միայն այդ անձը չէ, այլև նրա թիմն է, շրջապատը։ Ցավոք, ժողովուրդը սիրում է միայն վատը տեսնել, երևի վատն ավելի շուտ է նկատվում։ Եթե ասեմ, թե ես Սերժ Սարգսյանի ֆանատն եմ, սուտ կլինի, բայց եթե ասեմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանի կամ մյուս թեկնածուների կողմնակիցն եմ, էլի սուտ կլինի»։

Ռեժիսորի համար շատ ցավալի է, երբ քաղաքական գործընթացների ընթացքում քաղաքական կողմնորոշումների պատճառով թշնամանում են ընկերները, բարեկամները, ընտանիքի անդամները. «Մնում է միմյանց հայհոյեն, ծեծեն, և այլն, որովհետև մեկը սերժական է, մյուսը` րաֆֆիական։ Սա ինձ համար ամենամեծ մարազմն է։ Մեր երկրի ընդհանուր պարտությունը հենց սա է։ Խնդիրն այն չէ, թե ով հաղթեց, ինչպես հաղթեց, և այլն, խնդիրը մարդկանց նմանատիպ վերաբերմունքի մեջ է, երբ նրանք թքած ունեն իրենց հարազատների, ընկերների վրա։ Սա, իրոք, շատ վախենալու է»,- ասաց նա։

Հարցին, թե արդյո՞ք ընդդիմության՝ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի ունեցող հանրահավաքները կունենան ինչ-որ արդյունք, Սուրեն Թադևոսյանը պատասխանեց. «Իմ կարծիքով` ոչ մի փոփոխության չեն հանգեցնի, ուղղակի սցենարով գրված է՝ սա էլ պետք է լինի, անցնի, և այլն։

Ես չեմ կասկածում այն մարդկանց կարողությունների կամ անկեղծության վրա, ովքեր անձրևին, ցրտին ժամերով գնում են և կանգնում Ազատության հրապարակում։ Ես դեռ դպրոցում էի սովորում, երբ Լևոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքներին տնից հետևում էի (մեր տունը հենց Օպերայի դիմացն էր գտնվում), բայց երբեք չէի գնում և հրապարակում կանգնում։ Գիտեմ, իմ ասածը շատերին դուր չի գա, բայց ես չեմ կարծում, որ ամենամեծ աշխատանքը, որը կարելի է անել երկրի ապագայի համար, Ազատության հրապարակում կանգնելն ու գոռալն է։ Եթե ամեն մարդ իր աշխատանքով զբաղվի, շատ ավելի օգուտ կարող է բերել»։

Տեսանյութեր

Լրահոս