Բաժիններ՝

«Ոնց, էսօր ընտրություն ա՞»

Զարմացած հարցնում է Անահիտ Հարությունյանը

Ցրտից կապտած Ալենն անշարժացել է տատի` մրից սևացած մուշտակի տակ: Երկու տարեկան փոքրիկի մեջ մահացել է մանկությունը: Ալենն իմ իմացած երկու տարեկան երեխաներից միակն է, ով առավոտից իրիկուն նստում է բազմոցին ու չի վազվզում, չարաճճիություն չի անում:

Բայց նաև իմ իմացած երեխաներից այն միակն է, ով դրսի ջերմաստիճանից էլ սոսկալի ցուրտ «տանն» այնպես է փայտացել, որ չի կարողանում ձեռքերն ու ոտքերը շարժել: Դեռևս մի քանի բառ արտաբերելու ունակ այս երեխան շատ զգայուն է, աչքերը լցնում է, բերանը ծռում է, երբ հարցնում եմ՝ «Մրսո՞ւմ ես»: Առավոտից իրիկուն բազմոցին գամված այս երեխան, մի քանի օր է` վարժվել է էլեկտրական լույսին: 10 ամիս մոմի լույսով են ապրել: 10 ամիս անլույս տանն ապրող այս երեխան պարբերաբար ականատես է լինում, թե ինչպես է էպիլեպսիայով հիվանդ տատիկը ցնցումների մեջ ընկնում:

Luso-soc (4)

Կարդացեք նաև

Ես չգիտեմ` ինչ է լինում, երբ 2 տարեկան Ալենն ականատես է լինում էպիլեպսիայով հիվանդ տատիկի ցնցումների տեսարանին, ով տարիներ առաջ նոպայի ժամանակ ընկել է վառարանին ու խոր այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: «Դողում ա երեխան, մի բան հագցնեիք»,- ասում եմ Անահիտին, ով վերարկուն ու տղամարդու սապոգները հագին` տան մեջ սրթսրթում է: «Շոր չկա, ինչ էլ կա` թաց ա: Ջուրը կտրել են, չենք կարում լվացք անենք»: Ասում եմ՝ «տեսնում եմ՝ գազ ունեք, գոնե գազը վառեք, երեխան քարացել, կապտել ա»:

«Գազը վաղուց են անջատել»,- պատասխանում է ու ասում է, որ լույսն էլ շուտով կանջատեն պարտքերի համար, իսկ փողոցներից բերած ծառերի ճյուղերը երեկոյան կվառեն, որ այդ ժամի «սպանող» ցրտից հետո` առավոտյան ողջ արթնանան: «Էս մարդիկ մեռնում են, բառիս բուն իմաստով` մարում են: Անահիտը սիրուն, չաղլիկ կին էր, բայց հիմա ոնց որ դիակ լինի. տեսնում ես…»,- ասում է Անահիտին ծանոթ մի կին, ով խնդրել էր այս ընտանիքին այցելել:

Luso-soc (2)

Չգիտեմ` կինն ով է, բայց Անահիտին 1000 դրամ է տալիս առավոտից մինչև ժամը 17։00-ն ոչինչ չկերած Ալենին հաց գնելու համար: Տղամարդու սապոգներ հագած չորուկ մարմնով Անահիտը ամաչելով աչքերը լցնում է, բայց ծանր սապոգների դմբդմբոցով վազելով շտապում է խանութ: Կինն ասում է, որ երեխայի մայրը գնացել է ուրիշի տուն մաքրելու: Ալենն ու Անահիտն առավոտից իրիկուն բազմոցին գամվում են, մինչև տան մաքրության համար վճարած 1000 դրամը տուն հասնի: 30 տարեկան Նարինեն ամեն օր չէ, որ գտնում է տան մաքրության աշխատանք, բայց իրենց ծանոթ կինը վստահեցնում է, որ աշխատասեր է:

Ասում եմ՝ «Զանգեք թող գա, պիտի իր հետ խոսեմ»: Զանգում է, բայց Նարինեն էն կողմից ասում է, որ չի կարող աշխատանքը կիսատ թողնել: Ուզում եմ հասկանալ, թե ով է այն Նարինեն, որի 2 տարեկան երեխան անշոր, անհաց, առավոտից իրիկուն բազմոցի վրա սրթսրթում է:

Ես չգիտեմ` ով է այն Նարինեն, որի երեխան ողջ-ողջ մեռնում է, բայց իր «տանը» երկու ժամ կանգ առնելուց հետո ուզում եմ սպանել կամ իրեն, կամ այն ղեկավարներին, որի կառավարած երկրում ֆրանսիացիները կտրում են 2 տարեկան երեխայի ջուրը, ռուսները՝ գազն ու լույսը, խանութպանները հացի պարտքի դիմաց տանում են լվացքի մեքենան ու սառնարանըգ երեխան մարում է: «Մենք լավ ապրած, նորմալ, աշխատող ընտանիք ենք եղել:

Luso-soc (5)

Իմ հիվանդությունն ի ծնե չէ: Մոտ 20 տարի առաջ գլխի հարվածից հետո էպիլեպսիան առաջացավ: Հիմա դեղորայքով եմ ապրում, բայց նոպարներս հաճախակի են լինում: Ծնողներիս մահվանից հետո աղջկաս հետ մենակ մնացի: Չէի կարողանում աշխատել: Առաջ Ռելեի գործարանում ու էլի մի քանի գործարաններում տեխնոլոգ եմ աշխատել, բայց էս հիվանդությունն ինձ զրկեց ամեն ինչից:

Մարդիկ վախենում են: Անկանխատեսելի ցնցումների ժամանակ ինձ հետ ամեն ինչ կարող ա լինի: Կաշխատեի, բայց ինձ չեն վերցնում աշխատանքի՝ վախենում են»,- պատմում է Անահիտը, ով 5 տարի առաջ Զեյթունում գտնվող ծնողների բնակարանը կորցրել է, որովհետև տարիներով կոմունալ վճարները չի կատարել: ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայությունը գույքը բռնագանձելով` դրել է կալանքի տակ, բնակարանն էժան գնով վաճառել և մարել է կոմունալ պարտքերը:

Մնացած գումարով գնել են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դրոյի 62 հասցեում գտնվող այն խրճիթը, որտեղ 2 ժամ կանգ առնելուց հետո կյանքն անտանելի է դառնում: «Հիմա էստեղ էլ հոսանքի, գազի, ջրի մեծ պարտքեր ունենք: Համարյա մեկ տարի անլույս ենք ապրել: Տունն ուզում եմ վաճառենք, բայց առնող չկա»,- ասում է Անահիտը՝ ենթադրելով, որ այս տանից էլ դուրս գալուց հետո ստիպված կլինեն մարել կոմունալ ողջ պարտքերը, ու, եթե ստացվի, խուլ գյուղերից մեկում մի հյուղակ կամ անասնագոմ կգնեն ապրելու համար:

Luso-soc (1)22.000 դրամ ընտանեկան նպաստով գոյատևող այս ընտանիքի կենսակերպը նկարագրելը նույնն է թե՝ պատմել` ինչպես հնարավոր չէ ապրել, բայց մարդիկ «զոռով» ապրում են: 19.000 դրամ հաշմանդամության թոշակ ստացող Անահիտ Հարությունյանի վարքագիծը ոչ ադեկվատ համարելը նույնն է թե՝ հինգ տարի ապրել հոգեբուժարանում ու այնտեղից միանգամայն առողջ դուրս գալ: Անահիտն ասում է` այլևս պարտքով հաց չեն տալիս. «Տեսնում են` չենք կարողանում պարտքը մարել, էլ չեն տալիս: Մի քանի օր առաջ եկան 50.000 պարտքի դիմաց լվացքի մեքենան տարան, դրանից առաջ էլ սառնարանն էին տարել: Լույսը բացվում ա, այ սենց սոված նստում ենք` մինչև իրիկուն»:

Տիկին Անահիտին հարցնում եմ՝ «Արդեն ընտրե՞լ եք»: «Ո՞ւմ»,- շփոթված հարցնում է նա:

Ասում եմ՝ «Չգիտեմ` ում, բայց գնացե՞լ եք քվեարկության»: Տիկին Անահիտն այլայլված հարցնում է՝ «Ընտրությո՞ւն ա, պատգամավորի՞, թաղապետի՞…»: «Չէ, նախագահի»,- ասում եմ: «Վա՜յ, լո՞ւրջ ես ասում». «Ըհը…»,- ասում եմ: «Թոշակ բարձրացնող կա՞»,- հարցնում է: «Հա, բոլորը»,- պատասխանում եմ: «Բոլո՞րը, ոնց որ մի՞շտ»,- հուսահատված հարցնում է: «Հա, ոնց որ միշտ»,- ասում եմ: «Բայց ո՞նց, էգ հինգ տարին անցե՞լ ա»,- հարցնում է: «Հա,- ասում եմ,- անցել ա»: «Անցել ա ոնց որ մի՞շտ, թե՞ մի բան փոխվել ա»,- հարցնում է:

«Չգիտեմ, վերևներում ասում են, որ փոխվել ա»,- պատասխանում եմ: «Դու կարող ա վերևներից ես. ընտրության օրը ինչի՞ ես եկել»,- հարցնում է: «Չէ,- ասում եմ,- ես թերթից եմ:

Մերոնք գնացել են տեղամասեր, ես էլ՝ ձեր մոտ, բայց փոշմանել եմ»: «Ինչի՞»,- հարցնում է: «Երեխան շատ ա ազդում վրաս, չգիտեմ ինչ անեմ, չեմ կարողանում գնալ, բայց չեմ կարողանում նաև մնալ: Չվիրավորվեք հանկարծ, ներողություն եմ խնդրում, բայց, խնդրում եմ՝ երեխային հանձնեք մանկատուն»: «Ուզում ես ինձ սպանե՞ս»,- չարացած հայացքով «չորում» է ինձ, ու թվում է՝ կհարձակվի վրաս: «Չէ, ուզում եմ երեխան ապրի»,- ասում եմ:

«Դու գնացե՞լ ես ընտրության»,- հարցնում է: «Չէ»,- պատասխանում եմ: «Գնա աղջիկ ջան, գնա էնտեղ, որտեղ ընտրություն ա: Մեզ մոտ չընտրություն ա»:

Luso-soc (3)Չընտրությունից ընտրությունը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դրոյի 62-ից դեպի Ժուռնալիստների տան առաջին հարկի ընտրատեղամասն է, որտեղ կոկիկ հագած մարդիկ շարքով նստած հսկում են կիսադատարկ այն տարածքը, ուր պետք է գային, բայց չեն գալիս ընտրելու տիկինանահիտները: Փետրվարի 18-ին Հայաստանում ընտրեցին ՀՀ նախագահին, այն նախագահին, ով բոլորի պես խոստացել էր թոշակների բարձրացում, սոցիալական բարեփոխումներ, ապահով մանկություն ու պայծառ ապագա:

Ես չգիտեմ` ո՞վ է այդ նախագահը, բայց իր օրոք նույնպես գործելու են տասնյակից ավելի Երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ինչպես` պետական, այնպես էլ՝ հասարակական հիմունքներով գործող կառույցներ: Գործելու է Սոցապնախարարության Երեխաների իրավունքների պաշտպանության վարչությունն` իր ենթաբաժիններով ու պետությունից աշխատավարձ ստացող աշխատակիցներով: Գործելու են նաև երեխաների իրավունքների պաշտպանության համայնքային կառույցներ, որոնք ընտրության ու չընտրության օրերին չգիտեմ ինչով են զբաղվում, բայց աշխատավարձը ստանում են ալեններին պաշտպանելու համար:

Ես չգիտեմ` ով է լինելու Հայաստանի ընտրված նախագահը, բայց Ալենի ջուրը կտրել են ֆրանսիացիները, գազն ու լույսը՝ ռուսները, ու մինչ կհրապարակվի ընտրված նախագահի անունը՝ ալենները խրճիթներից տեղափոխվում են ռուսաստաններ արտագաղթած խուլ գյուղերի բնակիչների անասնագոմերում կամ հյուղակներում ապրելու:
«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս