Սուքիաս Ավետիսյանն ուղղակի հանցագործությամբ էր զբաղվում
Այսօր «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ կազմել են 121 կետանոց արձանագրություն: Այնուհետ նա ներկայարցեց ընտրախախտումների հիմնական, այսպես ասած` տեսակները: Դրանցից առաջինը զանգվածային բնույթ կրող ընտրակաշառքն է, հաջորդը` բաց քվեարկությունն է, երբ գյուղապետերը նստում էին քվեախցիկի մոտ` ուղղորդելով համագյուղացի ընտրողներին: Իսկ ամենամեծ ընտրախախտումներից մեկը, ըստ Հովսեփ Խուրշուդյանի, լրացուցիչ ընտրացուցակներն են: Մամլո խոսնակը նաև մատնանշեց անձնագրերում կնիքի օքսիդացման դեպքերի մասին:
Չնայած այս ընտրախախտումներին, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության նախագահ Ռուբեն Հակոբյանի խոսքով` փետրվարի 18-ն ընդվզումի, սեփական արժանապատվությանը տեր կանգնելու, ես-ի կարևորությունը գիտակցելու և քաղաքացու ծննդի օրն է: «Ծնվում է քաղաքացին` մեծատառով քաղաքացին, որը գիտակցում է իր պատասխանատվությունը, իր ես-ը, և ես տեսնում էի, որ քաղաքացին տեղամաս է բերել իր երեխայի ապագայի նկատմամբ պատասխանատվությունը, իր արժանապատվությունը: Սա բոլորիս ձեռքբերումն է, մեր պետության ձեռքբերումն է, և իսկապես, շնորհավորում եմ այդ մեծատառով քաղաքացու ծնդունը` դանդաղ է, դժվար է, խոչընդոտում են, բայց քաղաքացին ծնվում է, իր ստորագրությունը բերում է»,- ասաց Ռ. Հակոբյանը` նշելով, որ երեկ գրեթե կես օր ինքը եղել է Շիրակի ընտրատեղամասերում, և «գլուխ է խոնարհում» Շիրակի մարզի բնակիչների առջև:
Նա անդրադարաձավ «Ժողովրդական ակադեմիա» դիտորդական կազմակերպությանը, որի ներկայացուցիչները ներկա էին մի շարք ընտրատեղամասերում: «Բոլոր տեղամասերում, որտեղ եղա հետագայում, պարզվեց, որ իրենք իրենց ցուցակով արձանագրում են, թե ովքեր եկան, ովքեր չեն եկել, և որոնց պետք է բերեն: Իհարկե, սա ղեկավարվում էր Հանրապետական կուսակցության հայտնի ներկայացուցչի` Սուքիաս Ավետիսյանի կողմից, որն ուղղակի հանցագործությամբ էր զբաղվում:
«Ես հետևողական եմ լինելու այդ դիտորդական կազմակերպության հանդեպ: Առավել լուրջ կեղծարար, քան Շիրակի մարզում այս կազմակերպությունն էր` ես չեմ կարող նշել»,- ընդգծեց Ռ. Հակոբյանը, ում խոսքով` իրենք քաղաքական գնահատական կտան այսօր, ժամը 17:00-ին »Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի մամուլի ասուլիսին:
Նա նաև նշեց, որ այդ ասուլիսին կհայտարարեն` ընդունո՞ւմ են ընտրությունների արդյունքները, թո՞ ոչ: «Իշխանությունը հատկապես վերջին 1 շաբաթվա ընթացքում, ավելի ստույգ՝ Գյումրիում, հայտնի հանդիպումից հետո, երբ զգաց, որ բացարձակապես ժողովուրդը ոտքի է կանգնած, չի թաքցնում իր համակրանքը Րաֆֆի նկատմամբ և հակակրանքն իշխանությունների նկատմամբ` միանգամից փոխեց մարտավարությունը, ավելի ագրեսիվ տոնայնություն որդեգրեց, վարչական ռեսուրսն ավելի խստացրեց իր կեցվածքը, և արդեն որոշ տեղերում մեզ հանդիպումներ էին խոստացել, բայց հրաժարվեցին` ասելով, որ իրենց հրահանգել են: Եվ, ըստ էության, իշխանությունը սրություն փորձեց հաղորդել` նկատի ունեմ ոչ մրցակցային, ուղղակի լարվածություն, որը կապ չունի քաղաքական մրցակցության հետ: Բայց, փառք ու պատիվ ժողովրդին, մեր թիմին, թող անհամեստություն չհնչի, կարողացավ համապատասխան մարտավարությամբ անցնել փետրվարի 18-ը և վաղն ավելի մանրամասն կծանոթացնենք մեր մարտավարությանը»,- նշեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը` նշելով, որ այս ընտրությունը եղել է «հանուն Րաֆֆի» ընտրություն: