
Հայաստանն ամեն անգամ ընտրություններից առաջ կանգնում է յուրօրինակ խնդրի առջև. The New York Times

Ամերիկյան The New York Times թերթն անդրադարձ է կատարել երեկ Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններին. «Նախնական տվյլաներով՝ գործող նախագահ Սերժ Սարգսյանը հավաքել է քվեների մոտ 59 տոկոսը և հեշտությամբ 5 տարով վերընտրվել է երկրի նախագահի պաշտոնում: Նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհանիսյանի ցուցանիշը երկրորդն է՝ մոտ 37 տոկոս:
Սարգսյանի հաղթանակը կանխատեսվում էր ամիսներ առաջ, սակայն նախընտրական կամպանիայի ժամանակ գրանցվեցին մի շարք անսպասելի զարգացումներ: Թեկնածուներից Անդրեաս Ղուկասյանը հացադուլ էր նստել՝ պահանջելով, որ գործող նախագահը հանի իր թեկնածությունը:
Մեկ այլ թեկնածուի՝ Պարույր Հայրիկյանի դեմ հունվարի վերջին իրականացվեց մահափորձ: Հայրիկյանը խորհրդային այլակարծ է, ով նպաստել է Հայաստանի անկախությանը և մի քանի անգամ նախագահական ընտրություններում առաջադրել է իր թեկնածությունը, սակայն անհաջողություն է կրել:
Օտար դիտորդները նկատել են, որ Հայաստանում բարելավվել է ընդհանուր քաղաքական կլիման: Օրինակ, ընդդիմադիր թեկնածուների համար ավելի մատչելի է դարձել ԶԼՄ-ներից օգտվելը: Միևնույն ժամանակ ամեն անգամ ընտրությունների ժամանակ Հայաստանը կանգնում է յուրօրինակ խնդրի առջև, ինչը պոտենցիալ մեքենայություններ կատարելու հնարավորություն է ընձեռում:
Հայաստանի հարյուր հազարավոր քաղաքացիներ մեկնել են երկրից և բնակվում են տարբեր երկրներում, այդ թվում նաև ԱՄՆ-ում: Իսկ Հայաստանում, չհաշված հազվադեպ բացառությունները, չի թույլատրվում հեռակա կարգով քվեարկություն: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանի ընտրացուցակներում ընդգրկված են այնպիսի մարդիկ, որոնք չեն կարող գալ ընտրատեղամաս և քվեարկել, ինչն էլ այդ մարդկանց անունների օգտագործմամբ ստեղծում է մեքենայություններ գործելու պոտենցիալ»:
Վերընտրման ժամկետում Սերժ Սարգսյանի անելիքների թվում ամերիկյան թերթը հիշատակել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը և Իրանի հետ տնտեսական կապերի լուծման հարցը: Թերթը նշել է, որ Ղարաբաղյան բանակցային գործընթացը գտնվում է փակուղում, իսկ հակամարտության չկարգավորված լինելու պատճառով շփման գծում շարունակ գրանցվում են փոխհրաձգություններ ու պատահական զոհեր:
Թերթը հիշեցնում է, որ Հայաստանն ավանդաբար Իրանին դիտարկել է որպես տնտեսական գործընկեր և այժմ նրանց տնտեսական կապերի զարգացմանը խոչընդոտում են Իրանի դեմ սահմանված միջազգային պատժամիջոցները՝ կապված այդ երկրի միջուկային ծրագրի հետ: Թերթն ընդգծում է, որ ԱՄՆ-ի համար Հայաստանը գնալով դառնում է ավելի կարևոր երկիր՝ Իրանի միջուկային հավակնությունները մոնիթորինգի ենթարկելու հարցում: