Արեշում մարդիկ են պտտվում՝ «քեֆի ցուցակներով»

Նոր Արեշ համայնքում` թիվ 11/08 ընտրատեղամասի մոտ մեր նկարահանող խումբը երիտասարդների նկատեց, որոնք ինչ-որ ցուցակ էին ուսումնասիրում: Երբ փորձեցինք ճշտել` ինչ ցուցակներ են, նախ հրաժարվեցին պատասխանել, իսկ ապա` եղավ նման պատասխան. «Վաղը չէ մյուս օրը քեֆի ենք, քաղաքից դուրս, այդ ցուցակներն էին: Գառի միս` 5 կիլո, ուզո՞ւմ ես»:

Մեր այն դիտարկմանը, որ նրանք ընտրատեղամասի մոտ իրավունք չունեն որեւէ ցուցակ ունենալ, իսկ ունենալու դեպքում պարտավոր են ցույց տալ, երիտասարդը նախ զարմացավ, որ ինքը ընտրատեղամասի մոտ է, ապա` ասաց. «Ես ընտրատեղամասի մոտ չեմ, ես մեր դպրոցի դիմաց կանգնած եմ: Դուք հրավիրված չեք այստեղ, գնա ստեղից»:

Իսկ արդեն ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Սուսաննա Ազիզյանը վստահեցրեց, որ ինքը ոչ մի ցուցակի մասին էլ տեղյակ չէր, քանի որ ինքն իրավունք չունի ընտեղամասից դուրս գալու: Մոտեցանք նաեւ ընտրատեղամասը հսկող ոստիկանության աշխատակցին, որը սկզբում համառորեն հրաժարվում էր ներկայանալ, իսկ ապա` ասաց, որ ինքը Գրիգոր Դանիելյանն է եւ ինքը եւս ոչ մի ցուցակի մասին ահազանգ չի ստացել:

Արեշ համայնքի մեկ այլ` 11/05 եւ 11/06 ընտրատեղամասերի մոտ էլ «NEWVAN» տաքսի ծառայության մեքենաներն անընդհատ մարդկանց էին բերում ընտրատարածք:

Ընտրատեղամասերի մոտ, որոնք գտնվում են մեկ շենքում, տղամարդկանց խմբեր էին կանգնած: Քիչ անց նրանց մոտեցավ մի կին, որի ձեռքին ակնհայտորեն կար ընտրացուցակ: Մենք փորձեցինք հենց իրենից պարզել` ինչ ցուցակ է եւ կարող է այն մեզ ցույց տալ. «Չէ, չեմ կարող. դուք ինձ հետ ինչ գործ ունեք, մեղա Աստծո, այ քեզ բան»: Քիչ անց նրա իրենց մոտ կանչեցին հավաքված տղամարդիկ. «Արի ստեղ» եւ կինն արագ քայլերով ուղղակի փախավ մեր տեսախցիկի առջեւից:

«Ա1+»

Տեսանյութեր

Լրահոս