
Թուրքիան պատրաստ է կիպրական գազի Եվրոպա փոխադրվելու համար տրամադրել իր տարածքը. Թաներ Յըլդըզ

Azernews.az-ի փոխանցմամբ՝ Թուրքիան պատրաստակամություն է հայտնել իր տարածքով գազի փոխադրմանը, եթե Կիպրոսը հայտարարի, որ իր արդյունահանած գազը պատկանում է Կիպրոսի բոլոր բնակիչներին, թե՝ Հարավային, թե՛ Հյուսիսային Կիպրոսին:
Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է. «Եթե Կիպրոսը ցանկանում է օրինականացնել գազի արդյունահանումը, ապա նա պետք է խոստովանի, որ արդյունահանվող գազը պատկանում է ողջ կղզու բնակչությանը:
Այդ դեպքում Թուրքիան համաձայնություն կտա իր տարածքով այդ գազի փոխադրմանը համաշխարհային շուկա: Այդ որոշումը շահավետ կլինի երկու կողմի համար էլ և էներգետիկ ոլորտում համագործակցության շնորհիվ հնարավորություն կստեղծվի Թուրքիայի ու Կիպրոսի միջև քաղաքական տարաձայնությունների վերացման համար»:
Հիշեցնենք, որ Թաներ Յըլդըզը սրանից առաջ հայտարարել էր, որ Թուրքիայի և Իսրայելի համար շահավետ կլինի էներգետիկ համագործակցությունը (իսրայելական գազի Եվրոպա փոխադրվելու համար Միջերկրական ծովով դեպի Թուրքիա գազատարի կառուցումը), սակայն դրա համար պետք է կարգավորվեն երկու երկրների միջև առկա քաղաքական տարաձայնությունները: