Հովհաննես Սահակյան. Նախագահը գյուղացու հետ խոսել է գյուղական ժարգոնով

Հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի հետ

– Ինչպե՞ս կմեկնաբանեք նախընտրական շրջանում ՀՀ գործող նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի`  նախընտրական հանդիպումներին թույլ տված սայթաքումները:

– Նախ` ես համամիտ չեմ ձեր «սայթաքումներ» ձևակերպման հետ: Փորձում ենք ինչ-որ մեկ-երկու բառից կամ արտահայտությունից ինչ-որ սենսացիա սարքել: Կարծում եմ, որ մեր երկրի նախագահն էլ մարդ է, ասել է խոսք և շփվում է ժողովրդի հետ: Եվ Մովսես գյուղում, պարզ է նաև, գյուղացու, բնակչի հետ խոսելիս, այսպես ասած` գյուղական ժարգոնով ինչ-որ խոսք է ասվել, որի մեջ չի կարելի ինչ-որ սենսացիա գտնել:

Եվ, իսկապես, հավատացած եմ, վստահ եմ, որ եթե այդ խոսքերը լիներ ոչ նախընտրական ժամանակահատվածում, ասենք, սահմանամերձ գյուղում հերթական հանդիպման ժամանակ, կընկալվեր այլ կերպ` կասեին, թե ժողովրդավար նախագահ ունենք: Ուղղակի իրավիճակն այնպիսին է, որ փորձում ենք որոշակի նյութ պատրաստելու կամ սենսացիա ստեղծելու համար նախընտրական ժամանակահատվածում որոշակի բառերից կառչել, և չլինելով լուրջ խոչընդոտներ` մենք փորձում ենք կառչել այս կամ այն խնդիրներից: Ես կարող եմ Ձեր հաջորդ հարցադրումն էլ ասել, որ դա երկրի նախագահն է ասել, և այլն, և այլն:

Կարդացեք նաև

– Ոչ,  իմ հաջորդ հարցադրումը վերաբերում է հունվարի 28-ին Եռաբլուրում ՀՀ նախագահի և լացակումած կնոջ զրույցին: Եթե Մովսես գյուղի դեպքը որակեցիք՝ ոչ որպես սայթաքում, այլ, այսպես ասած` գյուղացու հետ գյուղական ժարգոնով խոսք, այդ դեպքում ինչպե՞ս կմեկնաբանեք Սերժ Սարգսյանի խոսքն այդ լացակումած կնոջը, որ՝ «Եկել ես ստեղ լաց ես լինում, մեր տոնը խանգարում ես, որ ի՞նչ անես»: Դա  սայթաքում չէ՞ր:

– Չփորձելով մեկնաբանել, կամ մեկնաբանության արդյունքում՝ ինչ-որ արդարացում անելու տպավորություն չստեղծելու համար` հակառակ հարցը տամ` իսկ դուք տեղեկացե՞լ եք, թե այդ կինն իսկապե՞ս խնդիր ունի, իսկապե՞ս կապ ունի Եռաբլուրի հետ, իսկապե՞ս մարդ է, որը հենց այդ ժամին պետք է գար և այդ ժամին այդպիսի իրավիճակ ստեղծեր:

– Իսկ մի՞թե Սերժ Սարգսյանը գիտեր, թե ո՛վ է այդ կինը: Չե՞ք կարծում, որ այդ կինը նույնպես ՀՀ քաղաքացի է և իրավունք ունի իր երկրի նախագահին հարց տալու:

– Ցավոք, պետք է արձանագրենք, որ մեր իրականության մեջ երբեմն  լինում են դեպքեր, որոնք ոչ այնքան հասցեատերն են այդ իրավիճակի: Ինքս, լինելով պատգամավոր, մի քիչ ճանաչված լինելով հանրության մեջ, երբեմն, երբ շփվում եմ Երևան քաղաքում, գալիս են, խոսում են, և փորձում ես այդ խնդիրների հետքերով գնալ, տեսնում ես, որ իրական հասցեատեր չէ: Չմեղադրելով, անկեղծ խոստովանեմ, որ չգիտեմ, թե այդ կինն ով է, բայց նմանատիպ դեպքերը երբեմն բերում են մի իրավիճակի, երբ ճիշտ հասցեատերը, ճիշտ դարդուցավի տերը երբեմն  ավելի քիչ է խոսում, քան որոշակի խնդիրներ լուծող անձինք:

– Պարոն Սահակյան, մարզերի բնակիչներն ասում են, որ նախապես պետք է ցուցակագրվել՝ նախագահի նախընտրական քարոզարշավներին ներկա գտնվելու համար, ընդ որում` թույլատրում են սահմանափակ թվով մարդկանց, և այս անգամ նախընտրական հանդիպումները տեղի են ունենում փակ դահլիճներում: Մի՞թե նախագահը պետք է առավելագույնը հասանելի չլինի իր քաղաքացիների համար,  այն էլ՝ նախընտրական շրջանում: 

– Տեսեք՝ բաց հանդիպում, խոսք, արտահայտություն, շփվել՝ անմիջապես քննարկում են` ինչո՞ւ այսպիսի խոսք ասաց, երբ անմիջական զրույց է, համակուրսեցի ինչ-որ խոսք է ասում` շահարկման թեմա է դառնում: Ինչ վերաբերում է փակ դահլիճներին, նշեմ,  որ դա եղել է  նախընտրական մեր  շտաբի  քննարկումների արդյունքում: Երբ ձմռանը փորձ ենք ունեցել նաև բացօթյա, մենք տեսանք, որ հարմարավետ չէ` ցուրտ, անձրև, և խնդիրներ են առաջացնում, և  դրա համար  այդ հանդիպումները որոշեցինք կազմակերպել փակ դահլիճներում, ինչն արդարացված է:

– Իսկ ինչո՞ւ են հերթագրում մարդկանց:

– Որևէ նման խնդիր չկա: Կա, այսպես ասած` ցուցակ, որտեղ նշված են միայն լրագրողների անունները: Մեր կենտրոնական շտաբի համապատասխան ծառայության հետ  կոորդինացվում են, թե որ լրագրողը որտեղ է գնում, ինչ է անում, կա համերգային մաս, կա տեխնիկական սպասարկող անձնակազմ, բարձրախոս և այլն, իսկ քաղաքացիները որևէ խնդիր չունեն: Ես ինքս եղել եմ Սպիտակում` որպես ՀՀԿ-ի Սպիտակի տարածքային կառույցի և՛ ղեկավարը, և՛ պատգամավոր, մասնակցել եմ Լոռու մարզի քարոզարշավին, որևէ մեկին ցուցակով անցկացնելու խնդիր չի եղել, ուղղակի միգուցե շփոթե՞լ են այդ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց ցուցակը:

Եկել են բազմաթիվ մեր համաքաղաքացիները, նույնիսկ եղան գյուղապետեր, ՀՀԿ Սպիտակի խորհրդի մոտ 10-20 անդամներ, ովքեր պետք է ներկա գտնվեին` եթե շարժվեինք այդ ցուցակի տրամաբանությամբ, ժողովրդին ուղղորդեցին դեպի դահլիճ, նստեցրին, և տեղ չլինելու պատճառով` մնացին դրսում: Որևէ խնդիր չկա այստեղ, և որևէ ցուցակի խնդիր չկա, ժողովրդից զգուշանալու հարցի խորությունը կամ հետագան պատկերացնելու` որևէ խնդիր չկա:

– Ի դեպ, իսկ ինչպե՞ս եք գնահատում Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի դպրոցներից մեկում  Սերժ Սարգսյանի  նախընտրական հանդիպմանը հնչած հայտնի «Չեբուրաշկայի»  ելույթը: Դա համարո՞ւմ եք անկեղծ ելույթ:

– Անկեղծ ասած, ես դա լսել եմ լրատվամիջոցներից, և որքանով փորձել եմ հարցուփորձով, իմ ընկերների միջոցով տեղեկանալ` ելույթը եղել է անկեղծ: Մասսայական միջոցառումների ժամանակ որևիցե մեկն ապահովագրված չէ դրանից, այսինքն` դու չես կարող կանխատեսել, թե ինչպիսի՞ դեպք կարող է լինել: Ես չեմ կարող իմանալ, թե 200, 500 կամ 2000 հոգանոց դահլիճում ինչպիսի՞ հարց կհնչի:

– Այնուամենայնիվ, հանրապետականին հաճելի՞ են նման ելույթները:

– Եթե իմ անձնական կարծիքն եք հարցնում,  միգուցե հաճելի չլիներ ինձ համար: Կարող է՝ իմ գործընկերների համար էլ հաճելի չլիներ, բայց նա մարդ է, քաղաքացի, անձնավորություն, որը փորձել է ինչ-որ խոսք ասել` որքանո՞վ է ստացվել` լավ կամ վատ առումով, որևիցե մեկը չի կարող կանխատեսել:

Տեսանյութեր

Լրահոս