Բաժիններ՝

Հայաստանյան ռադիոների ապագան

Երեկվա օրը՝ փետրվարի 13-ը, ռադիոյի միջազգային օրն էր: Այն նշվում է վերջին տարիներին: Ռադիոյի միջազգային օրը նշելու որոշումը ՅՈՒՆԵՍԿՕ-ն կայացրել է 2011թ.-ին` կոչ անելով բոլոր երկրներին ակտիվորեն մասնակցել այդ օրվան` ռադիոն ճանաչելով խոսքի ազատության և հասարակական քննարկումների լայն հարթակ:

 

Օրը պատահական չէ ընտրված. հենց 1946թ. փետրվարի 13-ին առաջին անգամ եթերում հայտնվեց «ՄԱԿ-ի ռադիոն», որի կայանը տեղակայված էր ՄԱԿ-ի շտաբ-բնակարանում։
Ինտերնետը մարդկանց համար նոր հնարավորություններ է ստեղծում. Օրինակ, կան կայքէջեր, ինչպես` http://volnorez.com-ը, որտեղ ցանկացած մարդ կարող է ստեղծել իր սեփական ռադիոն` խոսել և երաժշտություն հեռարձակել ուղիղ եթերումգ և ձեզ կլսեն հազարավոր մարդիկ:
Այսօր հայկական ավանդական ռադիոկայանները փորձում են ստեղծել կամ արդեն ունեն ինտերնետային հեռարձակման տարբերակներ: Ինչպիսի՞ն է այսօր մեր ավանդական ռադիոընկերությունների վիճակը: «168 Ժամը» զրուցել է հայաստանյան ռադիոկայաններից մի քանիսի տնօրենների հետ:

 
artavazd Bayatyan-1«Արձագանք» ռադիոկայանը, ճիշտ է, դեռևս օնլայն հեռարձակում չունի, սակայն առաջիկայում, գարնանը` մարտ- ապրիլ ամիսներին, կունենա նաև օնլայն հեռարձակում: Ռադիոկայանի տնօրեն Արտավազդ Բայաթյանի խոսքով` օնլայն հեռարձակման կարիքը վաղուց կար, սակայն այդ ամենի համար նաև հավելյալ ռեսուրսներ էին անհրաժեշտ: «Այսօր ինտերնետը ներխուժում է բոլոր ասպարեզներ, պետք է այդ ամենի հետ հարմարվել, ճիշտ օգտագործել այդ հնարավորությունները և զարգացնել գործունեությունը: Անտեսել այդ ամենը` նշանակում է` հետ մնալ»,- ասաց Ա. Բայաթյանը:
«Օնլայն հեռարձակումը ժամանակի պահանջ է: Կգա մի ժամանակ, երբ ավանդական եթերային ռադիոները կլինեն, սակայն այլևս չեն ունենա մեծ լսարան, մինչդեռ ինտերնետային հեռարձակման միջոցով ռադիոյի բովանդակությունն ավելի շատ թվով մարդկանց հնարավոր կլինի հասցնել»,- ասաց Ա. Բայաթյանը:

 
Arevshatyan«Ռաիդո Վան» ռադիոկայանի տնօրեն Շուշանիկ Արևշատյանի խոսքով` «Ռաիդո Վանն» արդեն մոտ 7 տարի օնլայն հեռարձակում է իրականացնում: Շուրջ 1 տարի է, ինչ այս ռադիոկայանի օնլայն հեռարձակմանը կարելի է հետևել ոչ միայն համակարգիչներով, այլև շարժական սարքերի միջոցով: «Ռադիոն մոբիլ ԶԼՄ է և պետք է արագ շարժվի առաջ: Արդեն դժվար է պատկերացնել, որ երիտասարդը նստի և offline ռադիո լսի, այժմ ժամանակներն այլ են: Մենք դեռ վաղուց հասկանալով այդ ամենը` օնլայն հեռարձակում կազմակերպեցինք»,- ասաց Շ. Արևշատյանը: Նրա խոսքով` իրենց հաջողվել է ոչ միայն օնլայն հեռարձակում իրականացնել, այլև հաջողվել է ստեղծել մի հարթակ, որը միացնում է օգտատերերին, որտեղ նրանք ոչ միայն կարող են լսել ռադիո, այլև տեսնել, կարդալ և մեկնաբանել: Նշենք, որ ռադիոկայանն ունի նաև բավական ակտիվ բլոգային հարթակ:
«2015թ.-ին Հայաստանն անցնում է հեռուստատեսության և ռադիոյի թվայնացման, մինչդեռ մեզ համար այդ թվային հեռարձակման ֆորմատները պարզ չեն, թվայնացումը մենք տեսնում ենք միայն ինտերնետում, ապագայում զարգացումը կլինի ցանցում»,- ասաց Շ. Արևշատյանը: Ինչ վերաբերում է իր ղեկավարած ռադիոյի զարգացմանը, մեր զրուցակիցը նշեց, որ ինտերնետում «Ռադիո Վանի» ռադիոլսողներից յուրաքանչյուրը հնարավորություն կունենա լսել իր ոճին համապատասխան երաժշտություն և հաղորդումներ. այլևս ռադիոլսողը կարիք չի ունենա, օրինակ` ամբողջ օրը լսել ջազ` սպասելով, թե երբ ռոք երաժշտության որևէ կատարում կթողարկվի, և` հակառակը: Բացի այդ, Շ. Արևշատյանի խոսքով` ռադիոն, ի վերջո, հեռուստատեսություն կդառնա, և իրենք արդեն աշխատում են այդ ուղղությամբ, մարդիկ ոչ միայն կլսեն ու կկարդան, այլև տեսանյութ կդիտեն: Ի դեպ, Շ. Արևշատյանը փետրվարի 13-ը, որպես Ռադիոյի տոն չի ընդունում. «Դա արհեստական տոն է, իսկ Ռադիոյի իսկական տոնը մայիսի 7-ն է»:
Հիշեցնենք, որ հենց 1895թ. մայիսի 7-ին ռուս ֆիզիկոս Ալեքսանդր Պոպովը ռուսական ֆիզիկա-քիմիական հանրությանը ներկայացրեց իր զեկույցն ու աշխարհում իր ստեղծած առաջին ռոդիոսարքավորումը` այդպիսով իրականացնելով առաջին ռադիոկապը: Առաջին անգամ Ռադիոյի օրը ԽՍՀՄ-ում մեծ շուքով նշվել է 1925թ.-ին, իսկ 1945թ. մայիսի 7-ին, նշելով ռադիոյի գյուտարարության 50-ամյակը, ԽՍՀՄ կառավարությունը որոշեց Ռադիոյի տոնը դարձնել ամենամյա: Նշենք, որ 1926թ. սեպտեմբերի 1-ին առաջին անգամ եթերում հնչեց Երևանի ձայնը։ Այնուհետև նույն թվականի մայիսի 7-ին Մոսկվայում առաջին անգամ հանդիսավորությամբ նշվեց Ռադիոյի օրը։ Այդ օրվանից Հայաստանում ևս մայիսի 7-ը նշվում է որպես Ռադիոյի օր։

 
Armen AmiryanՀայաստանի հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանի խոսքով` Ռադիոյի միջազգային օրն իրենց համար տարվա մեջ թվով 3-րդ տոնն է: Իրենք նշում են և Մայիսի 7-ըգ Ռադիոյի օրը, և սեպտեմբերի 21-ը` Հանրային ռադիոյի եթերի սկիզբը: Հենց սեպտեմբերի 21-ին էլ ավանդաբար մեկնարկում է Հանրային ռադիոյի «նոր եթերաշրջանը»:
Ա. Ամիրյանի խոսքով` արդեն մոտ 5-6 տարի է, ինչ Հայաստանի հանրային ռադիոն ունի օնլայն հեռարձակում, սակայն ներկայումս իրենք աշխատում են օգտագործել և փորձում են զարգացնել նաև մուլտիմեդիա հնարավորությունները` տեսա-ֆոտո շարքերով համալրելով եթերը: «Մենք ծրագրված աշխատում ենք, որպեսզի համերգային և որոշակի հաղորդաշարերի ձայնագրությունները ևս լինեն մեր կայքում: Այդ ամենը շատ կարևոր է, քանի որ մեզ ոչ միայն լսում են Հայաստանում, այլև դիտում են դրսում, իսկ մուլտիմեդիայի հնարավորությունների կիրառումն այս առումով շատ կարևոր է, որպեսզի մարդիկ ոչ միայն լսեն, այլև կարողանան տեսնել»,- ասաց Ա. Ամիրյանը` նշելով, որ մուլտիմեդիայի հնարավորություններով հատկապես ռադիոյի արտասահմանյան ունկնդիրների համար փորձում են ավելի տեսարժան դարձնել ռադիոն: Ըստ Ա. Ամիրյանի` նոր հնարավորությունները Հանրային ռադիոյում հասանելի կլինեն արդեն սեպտեմբերի 21-ին` նոր եթերաշրջանի ընթացքում:
«Մենք պատրաստվում ենք նաև օնլայն տեսաշարով տեղադրել լուրեր, մանկական երիտասարդական ծրագրերը: Իհարկե, սա հեռուսատեսային մտածելակերպ է, սակայն համոզված եմ, որ ժամանակի պահանջն է»,- ասաց Ա. Ամիրյանը: Նա նշեց նաև, որ Հանրային ռադիոն ունի նաև մոբայլ հավելված, որի միջոցով ռադիոունկնդիրների թիվը մոտ 3-4 անգամ գերազանցում է ինտերնետային կայքի միջոցով հեռարձակման լսարանին: Ա. Ամիրյանի խոսքով` հայաստանյան լրատվամիջոցները պետք է լուրջ ուշադրություն դարձնեն և կարևորեն նաև շարժական սարքերի համար հավելվածներ ստեղծելու անհրաժեշտությունը, որը, սակայն, հայաստանյան ԶԼՄ-ներից շատ քչերն ունեն:

 

Տեղեկացնենք, որ Հայաստանում արդեն մի քանի տարի շարունակ ինտերնետային հեռարձակում է իրականացնում «Ռադիո Հայ» ռադիոկայանը: Ռադիոկայանի ծրագրերի տնօրեն Աննա Գրիգորյանի խոսքով` իրենց տնօրենը` ՀՀ Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, այս օրերին հացադուլի մեջ է գտնվում, այդ իսկ պատճառով առաջիկա ամսվա մեջ «Ռադիո Հայում» փոփոխություններ չեն լինի:
Նշենք, որ ներկայումս ինտերնետային հեռարձակում ունեն Հայաստանի հանրային ռադիոն (armradio.am), «Ռադիո Վանը» (radiovan.am), «Ռադիո Հայը» (radiohay.am), «Ազատություն» ռադիոկայանը (azatutyun.am), «Ռադիո Ջազը» (radiojazz.am) և այլ ռադիոկայաններ: Հայաստանյան որոշ ռադիոկայանների օնլայն հնարավոր է հետևել http://tvket.do.am/radiovan.htm կայքի միջոցով: Ինտերնետային հեռարձակում նախատեսում են ունենալ «Արձագանք» ռադիոկայանը (ardzagank.com), «Ավտո ռադիոն» (autoradio.am) և այլ ռադիոներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս