«Զինվորականը կարող է տուն ունենալ, հող ունենալ, բայց` ոչ բիզնես, Լիբանանում զինվորականին արգելված է անձնական բիզնես ունենալ»
Հարցազրույց Լիբանանի պետական նախարար, գեներալ Փանոս Մանջյանի հետ
– Պարոն Մանջյան, առաջին անգա՞մ եք Հայաստանում:
– Առաջին անգամ Հայաստան եկա 2011թ.` որպես բրիգադի գեներալ և զինվորական պատվիրակության անդամ: Այդ ժամանակ մենք պտտվեցինք հայաստանյան զորամասերում, դիրքերում, իսկ հետագայում փորձեցինք համագործակցություն հաստատել զինվորականության ոլորտում Հայաստանի և Լիբանանի միջև, ինչպես նաև պահել այդ կապը: Իսկ երկրորդ անգամ Հայաստան եկա 1 տարի 4 ամիս առաջ` Լիբանանի նախագահի` Հայաստան կատարած այցելության ժամանակ: Երրորդ այցս էլ այս տարի էր` Հայոց բանակի տոնի առթիվ:
– Փոփոխություններ տեսնո՞ւմ եք Հայաստանում:
– 21 տարեկան հայկական բանակը հսկայական առաջնության մեջ է: Հայաստանում զգալի թվով շինություններ կան, ինքնաշարժերի թիվն է ավելացել: Հուսանք` ավելի լավ կլինի ամեն բան:
– Պարոն Մանջյան, պետական նախարարն ի՞նչ գործառույթներ է իրականացնում Լիբանանի կառավարությունում:
– Լիբանանի կառավարությունը կազմված է 30 նախարարներից, որոնցից 2-ը Հայ Առաքելական համայնքից են` ես և արտադրության նախարար Վրեժ Սապունջյանը: Պետական նախարարը ստանձնում է Կառավարության կողմից որոշված հանձնախմբերի ղեկավարությունը: Ես նաև պատասխանատվության եմ ստանձնել բանակ-կառավարության կապի համար:
– Ինչո՞ւ որոշեցիք դառնալ զինվորական:
– Նախ ասեմ`հայրս եղել է զինվորական, սակայն, երբ ես դարձա 5 տարեկան, հայրս թողեց զինվորականությունը: Իսկ զինվորական դառնալու պատճառներից մեկը, թերևս, այն էր, որ գումար չունեի, որպեսզի վճարեի համալսարանի ուսմանս վարձը: Իսկ այդ ժամանակ մատչելի միջոցներից մեկը, որ կարող էի գումար վաստակել, զինվորականությունն էր: Այնուհետև 3 տարի ուսանեցի զինվորական վարժարանում` որպես հրասայլերի մասնագետ-սպա: 30 տարի եղել եմ կռվող խմբերում: Չեմ ստանձնել գրասենյակային որևէ պաշտոն: 1979թ. գնացի ԱՄՆ` մասնակցելու հրասայլերի մասին սեմինարին, որտեղից էլ վերադարձա կապիտանի աստիճանով: 1995թ. ստացա փոխգնդապետի աստիճան, ապա կրկին մեկնեցի ԱՄՆ` զինվորական բարձրագույն ուսում ստանալու նպատակով: Իսկ այդտեղից վերադառնալուց հետո ստացա գնդապետի աստիճան: 2001թ. հուլիսի 1-ից մինչև 2010թ. ծառայեցի՝ որպես բրիգադի գեներալ: Այդ տարիներին հրամանատարն էի մի բրիգադի, որ կազմված էր 2700-2800 զինվորներից: 2005թ. ստանձնեցի սպարապետի 4 օգնականներից մեկի պաշտոնը:
– Հայ լինելու հանգամանքը որքանո՞վ էր օգնում և խանգարում Ձեզ:
– Հայ լինելու հանգամանքը կյանքիս մեջ շատ չի նեղել ինձ: Ես կարողացա փաստել, որ ես էլ իրենցից շատ ավելի լիբանանցի եմ: Աշակերտության տարիներին արաբերեն լեզվի դժվարություն ունեի, և, երբ ուսուցիչը հարց էր տալիս, ես վախենում էի պատասխանել, քանի որ դպրոցի միակ հայն էի, և չէի ուզում, որ հայի արաբերենի հարցը կատակի տակ դնեին: Այնուհետև հաղթահարեցի դա և արդեն 3 տարի անց արաբ ընկերներիցս շատերին ես էի արաբերեն սովորեցնում:
Իբրև հայ` դժվարություն չեմ զգացել, բայց զատողությունը լիբանանցիներից կար: 2005թ. պետք է ստանձնեի մայոր-գեներալի աստիճանը (ինչը մենք անվանում ենք երկու աստղով գեներալ), թեև ես ստացա այդ պաշտոնը, բայց` ոչ աստիճանը:
– Ի դեպ, պարոն Մանջյան, մի առիթով նշել էիք աշխարհի հայ գեներալների միություն ստեղծելու մասին: Դա ի՞նչ նախաձեռնություն է:
– Այս անգամ Սփյուռքի նախարարության հրավերով Հայաստան էին եկել 6 հայ գեներալներ. մեկը՝ Չիլիից, մյուսը` Ֆրանսիայից, 3-ը` Ռուսաստանից, և ես` Լիբանանից: Մենք հիմա գիտենք, որ սփյուռքում կա 40 հայ գեներալ: 2015թ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից առաջ կյանքի կկոչենք այդ նախաձեռնությունը` ստեղծելով հայ գեներալների միություն:
– Որպես նախկին զինվորական` Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի վերսկսման վտանգ տեսնո՞ւմ եք` հաշվի առնելով վերջին տարիներին Ադրբեջանի կողմից հնչող ռազմաշունչ հայտարարությունները:
– Այդքան էլ ծանոթ չեմ իրավիճակին, թեև տեղյակ եմ Ադրբեջանի` զինվորական հսկայական գնումների մասին: Ադրբեջանը զենքի մեծ պատրաստություն ունի, ինչպես նաև՝ շատ դրամ ունի: Այս անգամ դիտում էի Արցախի ազատագրման համար գործածած զենքերը: Եթե այդ զենքերով կարողացանք ազատագրել Արցախը, ապա հիմիկվա զենքերով շատ ավելին կարող ենք անել: Խնդիրը միայն զենքի մեջ չէ: Պետք է ունենալ կամք, ոգի և պատրաստակամություն:
– Իսկ պատերազմի վտանգ տեսնո՞ւմ եք:
– Դա կապ չունի ո՛չ իրենց հետ, ո՛չ մեզ հետ: Փոքր երկրները զոհ են գնում մեծ երկրների քաղաքական, տնտեսական խաղերին: Այնպես որ, եթե մեկն ասում է, թե կարող է վաղը կամ հաջորդ տարի պատերազմ հայտարարել, ապա դա երազ կամ ապագան կարդալու փորձ է, որը կարող է ճիշտ չլինել: Իսկ այդ երկրները հայտնի են` ԱՄՆ-ը, Իսրայելը, Թուրքիան և այլ երկրներ նույնպես կարող են լինել:
– Իսկ Ձեր նշած գեներալների միությունն ի՞նչ դերակատարում կունենա, եթե, Աստված մի արասցե, պատերազմը վերսկսվի:
– Պայման չէ, որ սփյուռքի ամեն մի զինվոր, գեներալ կամ սպա գա-կռվի Հայաստանի մեջ, քանի որ Հայաստանը դրա կարիքը չունի: Մեր օգնությունը կարող է լինել որոշակի ծանոթությունների ստեղծմամբ, ասենք՝ զենք-զինամթերքն էժան գնելու հարցերում, և այլն: Իհարկե, եթե պետք լինի՝ կգանք-կռվենք, բայց դրսից էլ կարող ենք օգնել:
– Պարոն Մանջյան, վերջին տարիներին հայկական բանակում շատացել են զինվորների ինքնասպանության, սպանության դեպքերը: Լսե՞լ եք այդ մասին: Հետևո՞ւմ եք այդ լրահոսին:
– Շատ մանրամասնությամբ չգիտեմ, բայց ուրախ կլինեի, որ այդ դեպքերն իջնեին զրոյի, ընդհանրապես չպատահեին: Անշուշտ, Հայաստանի կառավարությունը, Պաշտպանության բանակի ղեկավարությունը, թերևս, ավելի քաջածանոթ է դրա պատճառներին, ես քաջածանոթ չեմ: Լիբանանյան բանակում այդպիսի դեպքեր չեն պատահում: Շատ հազվագյուտ դեպքեր են լինում, որոնց պատճառներից մեկը, իհարկե, սա վերլուծություն չէ, կարոտը, տնից երկարատև բացակայությունը, թոշակի պակասն է և այլն: Այդ պատճառները ղեկավարությունը լուծում է: Ես չեմ կարող ասել, թե ի՞նչ պատճառներով են լինում այդ դեպքերը: Օրինակ, այս անգամ Իջևանում հանդիպեցի զինվորների, ովքեր ասացին, որ 15 օր մնում են ճակատում, իսկ 15 օր` տանը: Իհարկե, նախկինում հայ զինվորները նույնիսկ 3-4 ամիս էին կանգնում սահմանին: 15 օր բացակայությունը շատ դյուրին չէ, երբ զինվորն ամուսնացած է, երեխաներ ունի, և նա մտածում է, թե իր ընտանիքն ինչի՞ կարիք ունի: Լիբանանում զինվորը սահմանին մնում է 8-10 օր, և Լիբանանում տարածություններն ավելի կարճ են: 3-րդ հանգամանքը, որ ուզում եմ նշել` Լիբանանի զինվորի թոշակն ավելի բարձր է Հայաստանի զինվորի թոշակից: Ես հիմա չեմ ասում, թե Հայաստանի կառավարությունը պետք է այնքան թոշակ տա, ինչպես Լիբանանը կամ ԱՄՆ-ը: Ես պարզապես ազդակներն եմ նշում: Երբ զինվորը ճակատի վրա է, նա պետք է վստահ լինի, որ իր ընտանիքն ապահով է, ճաշ ունի, հագուստ ունի, գազ ունի, իսկ եթե մտածի, որ իր ընտանիքը կարիքների մեջ է՝ դա կարող է ցավ պատճառել նրան:
– Իսկ Հայաստանում կամավոր զինվորագրումը որքանո՞վ կենսունակ կլինի:
– Դա կախված է ֆինանսավորումից: Եթե դրամ չունես՝ կարող ես աշխատել: Յուրաքանչյուրի գործը, երբ կամավոր է՝ ավելի լավ է լինում: Դա միայն ղեկավարությունից չէ կախված, և դիմող երիտասարդը պետք է քաջատեղյակ լինի:
– Կիսո՞ւմ եք այն կարծիքը, որ զինվորականներն աչքի են ընկնում կոպտությամբ:
– Զինվորականն աչքի է ընկնում խստությամբ, բայց` ոչ կոպտությամբ: Զինվորական հոգին և օրենքները պետք է գործածել տան մեջ: Զինվորականն առաջինն է, որ օրենքի մարդ է: Մարդիկ երբեմն այնքան անսահման ազատության մեջ են լինում, որ օրենք գործածողին տեսնում են կոպիտ կամ շատ խիստ: Իհարկե, մարդուն անհրաժեշտ է ազատությունը, բայց ամեն բան չպետք է լինի միակողմանի: Եթե ինքնաշարժ վարելիս վարորդը որևէ սխալ չանի, Ոստիկանությունը որևէ արգելք կհանդիսանա՞, ոչ, բայց եթե սխալ անեք, և Ոստիկանությունը ձեզ կանգնեցնի, պետք է ասեք` ոստիկանը կոպի՞տ է: Նույնը նաև զինվորականի պարագայում է: Զինվորականներն էլ երկնքից չեն վայր իջել, ժողովրդի զավակներ են, գյուղացիների, միջին դասակարգի զինվորականներ են, ովքեր սիրում են օրենքը:
– Հիմա այլևս զինվորական չեք: Չե՞ք կարոտում զինվորականի կյանքը:
– Կարոտե՞լ… Կարող ես հիշել դպրոցական օրերդ, բայց արդյոք կարո՞ղ ես վերադառնալ այնտեղ: Կարող ես վերհիշել զինվորականի օրերդ, իսկ կարո՞ղ ես վերադառնալ այնտեղ: Իհա՛րկե, ոչ: Կյանքի ձևը փոխվում է: Ինձ հաճախ հարցնում էին. «Գեներալ Մանջյան, եթե դու բանակը թողնես, ի՞նչ պիտի անես»: Կասեի՝ 2 ճամփա կա. կա՛մ հանգստյան կոչված Փանոս Մանջյանը, որը կզբաղվի տան, պարտեզի աշխատանքներով, ձկնորսությամբ և որսորդությամբ, կա՛մ քաղաքական կյանքով: Անշուշտ, զինվորական կյանքի և քաղաքական կյանքի միջև տարբերությունները շատ են: Զինվորների հետ եղբայր էինք, ընկեր էինք, որոնց հետ նույն պնակից ուտում էինք, նույն գավաթից ջուր խմում, և ամենքս գնացել էինք ոչ թե մեռնելու, այլ մեռնելու պատրաստակամ հոգով: Եվ պատրաստ էին կռվել մինչև մեռնելը: Իսկ քաղաքական կյանքը շահի և վնասի հարց է` ի՞նչ կտաս և ի՞նչ կշահես: Քաղաքական կյանքի մեջ ոչ մի ընկեր չկա:
– Ձեր կերպարը փոքր-ինչ կոնտրաստային է. մի կողմից՝ ակնոցով, փողկապով ինտելիգենտ, մյուս կողմից` ֆիդայական բեղերով զինվորական:
– (Ծիծաղում է.- Մ.Մ.) Այս բեղերը սպա Մանջյանի հետ են 1976թ.-ից մինչ օրս և կլինեն այնքան ժամանակ, ինչքան Աստված կյանք է պարգևել ինձ:
– Ձեզ ավելի շատ ընկալում են՝ որպես գեներա՞լ, թե՞ որպես քաղաքական գործիչ:
– Անշուշտ, հիմա զինվորական ծառայություն չեմ ծավալում և աշխատում եմ` որպես նախարար, բայց որևէ հարց, որ պետք է լուծվի կառավարության և բանակի միջև, Փանոսը միշտ այդտեղ է:
– Լիբանանում որքանո՞վ է ընդունված, որ բարձրաստիճան զինվորականը կամ գեներալը բիզնես կամ կալվածքներ ունենա:
– Զինվորականը կարող է տուն ունենալ, հող ունենալ, բայց` ոչ բիզնես: Լիբանանում արգելված է անձնական բիզնես ունենալ: Նա նաև չի կարող ազատ ժամանակ որևէ այլ գործով զբաղվել: Դա բացարձակապես արգելված է: Քանի որ հիմա ընտրության օրեր են Հայաստանում, ասեմ, որ Լիբանանի բանակում կամ ոստիկանական, գաղտնի ծառայություններում որևէ մեկը չի կարող մասնակցել ընտրության: Դա բացարձակապես արգելված է: Ո՛չ գեներալը, ո՛չ զինվորը չեն կարող մասնակցել ընտրություններին: Ընդհանուր հրամանատարից մինչև հետին զինվոր՝ չեն կարող մասնակցել ընտրություններին, որպեսզի որևէ մեկը չշահագործի նրանց` լինի դա կրոնական, կուսակցական կամ պետ-ստորադաս հարցերում:
Զինվորական հագուստ հագնող անձը չի մասնակցում ընտրություններին: Ինչպես նաև՝ զինվորականն իր կյանքում չի կարող ունենալ քաղաքական գործունեություն: Նույնիսկ, երբ աղջկաս հարսանիքն էր, և պետք է հրավիրեի հարազատ քաղաքական դեմքերի, ես դրա համար հրաման խնդրեցի ղեկավարությունից: Այսինքն` արտոնություն պիտի առնեմ աղջկաս կամ տղայիս հրավերների համար: Զինվորականն իրավունք չունի կուսակցության անդամ դառնալ: Այն օրը, երբ զինվորագրվում ես, պետք է հրաժարական տաս կուսակցությունից, իսկ եթե պարզվի, որ կուսակցական գործունեության մեջ ես, կպատժվես և կվտարվես բանակից:
– Ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ կորուստն ու ձեռքբերումը:
– Ամենամեծ ձեռքբերումն այն էր, որ ինձ` որպես հայ մարդու, հաջողվեց հասնել գագաթնակետին, թեև ես հասա արյան և քրտինքի գնով: Եվ, Փառք Աստծո, փառքով և պատվով էլ դուրս եկա բանակից: Կորո՞ւստը… չեմ կարող ասել: Իմ գործի մեջ կորուստ չեմ ունեցել: Ցավ կամ վախ ունեմ, որ իմ տեղը լցնողները քիչ են: Հայ անունով մարդիկ կան, բայց հայ գործունյա մարդիկ քիչ են: Ես կարգապահ զինվոր եմ եղել: Կարգապահությունը փոխանցվել է նաև նախարարի պաշտոնիս: Երբ նախարար դառնալու առաջին օրը գնացի աշխատանքի ժամը 7:00-ին, ներկաներն ասացին, թե այնքան ուրախ են, որ աշխատանքի եմ գնացել ժամը 7:00-ին: Մինչդեռ, 1,5 տարի է` ես աշխատանքի եմ գնում ճիշտ նույն ժամին: Նույնը եղել է նաև զինվորական կյանքում, երբ իմ գրասենյակում էի լինում ժամը 6:30-ին: Նույն կարգապահությունը կա նաև իմ ընտանիքում, որտեղ յուրաքանչյուրն ունի իր իրավունքն ու պարտականությունը: Երեխաներս 2-3 տարեկանից գիտեին, որ մաման տան սպասուհին չէ, որ, երբ տնից բացակայում եմ, իսկ ես շատ հաճախ բացակայում էի ամիսներով, նրանք գիտեին, որ տան պատասխանատուն դառնում է մայրը:
– Ի՞նչ դժվարություններ եք ունեցել:
– Նախ, ինչպես ասացի, բանակ գնալս պայմանավորված էր նյութական պատճառներով: Հանգուցյալ հայրս այն ժամանակ 260 լիբանանյան ոսկի էր ստանում, իսկ իմ ուսման համար անհրաժեշտ էր դրա տասնապատիկը: Ես քաջություն ունեմ պատմելու, թե ո՞ւր էի և հիմա ո՞ւր եմ: 95թ. գեներալ-գնդապետ էի, սակայն ունեի 3000 դոլար արժողությամբ մի ավտոմեքենա: Մի օր հայրս ասաց. «Փանոս, դուն գեներալ ես, հարմար կտեսնե՞ս քեզ այդ ավտոմեքենան»: Պատասխանեցի. «Հայրիկ, կկարծես` անճաշա՞կ եմ»: «Ո՛չ, ճաշակավոր ես…»,- արձագանքեց հայրս: Ես կարողացա իմ աշխատավարձով բարձրագույն կրթություն տալ զավակներիս, տան ապրուստը հոգալ, վճարները տալ… Ես ամեն ինչ սկսեցի զրոյից` ո՛չ հարուստի զավակ էի, ո՛չ էլ պապենական ժառանգություն ունեի: Երբ բրիգադի գեներալ դարձա՝ ստանում էի 2600 դոլար, և այդ գումարով կարողանում էի տան վճարումներն անել, կահկարասի գնել, և նույնիսկ երկու զավակներիս համար փոքրիկ ավտոմեքենաներ գնեցի: Որդուս ընկերներից մեկը մի օր ասել էր նրան. «Դուն գեներալի տղա ես, սա՞ է քո ավտոն»: «Այս ավտոն փաստ է, որ հայրս գող չէ: Եթե գող ըլլար, շատ ավելի լավ ավտո կունենայի»,- պատասխանել էր տղաս:
– Լիբանանի պաշտպանության բանակում գեներալ Մանջյանը մեծ հեղինակություն ունի: Ո՞վ է գեներալ Մանջյանը:
– Ես շատ մարդիկ եմ պատժել, բայց որևէ մեկի հանդեպ գեշություն չեմ արել: Իմ ղեկավարությունը որտեղ ուղարկում էր ինձ, այնտեղ գնում-կռվում էի: Զինվորների հետ շահի հարց չեմ ունեցել: Վաճառականությամբ չեմ զբաղվել: 30 տարի առաջվա իմ զինվորներին անուն-մականունով եմ հիշում, ովքեր առիթներին ինձ հեռաձայնում են: Դա է եղել իմ հարստությունը Պաշտպանության բանակում (մեղմ ժպտում է.- Մ.Մ):