Բողոքի ակցիա՝ ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանության առջև
Վաղը՝ փետրվարի 15-ին, ժամը 14:00-ին Հայաստանում Ուկրաինայի դեսպանության առջև (հասցե՝ Երևան, Վահագն Դավթյան փող., 5/1 շենք (Արաբկիր վարչական շրջան)) տեղի կունենա բողոքի ակցիա, որի մասնակիցները նաև նամակ կհանձնեն ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտային:Ակցիայի մասնակիցները նամակով իրենց բողոքն են արտահայտում Ուկրաինայի իշխանությունների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացի Մերաբ Սուսլովի (Ալոյան) նկատմամբ բռնությունների, նրա հիմնարար իրավունքների կոպիտ խախտումների դեմ: Նամակը ստորագրել են Մերաբ Սուսլովի (Ալոյան) ծնողները՝ Օթար Ալոյանը և Զինա Ալոյանը, մի խումբ հայրենակիցներն ու ազգականները և «Հայաստանի եզդիների ազգային միության» անդամները:
Մերաբ Սուսլովը (Ալոյան) Հայաստանի քաղաքացի է, ծնվել ու մեծացել է Երևանում, ԱՊՀ-ում հայտնի գործարար է (Հայաստանի անձնագրում հանդես է գալիս Ալոյան ազգանունով, ամուսնանալուց հետո ընդունել է կնոջ Սուսլով ազգանունը): Նա համարվում էր նաև Ռուսաստանի քաղաքացի: Մոտ երկու տարի առաջ ձերբակալվել է Ռուսաստանում և արտահանձնվել Ուկրաինային: Որպեսզի հնարավոր լինի կատարել նրա հանձնումը, Ռուսաստանի իշխանությունները նախօրոք նրան զրկել են Ռուսաստանի քաղաքացիությունից: Ուկրաինայում առաջադրվել է մեղադրանք սպանության պատվիրման համար: 2012 թվականի նոյեմբերի 8-ին առաջին ատյանի դատարանը կայացրել է դատավճիռ՝ դատապարտելով նրան ցմահ ազատազրկման: Ներկայումս դատական գործը գտնվում է Վերաքննիչ դատարանում:
Ուկրաինայի ԶԼՄ-ներն իրենց հրապարակումներում բազմիցս անդրադարձել են այս գործին: Մինչդատական փուլում Մերաբ Սուսլովը (Ալոյան) 6 ամիս զրկված է եղել իր փաստաբաններին տեսնելու հնարավորությունից, գործով 29 վկաներից 22-ը դատարան չեն ներկայացել, և նրանք չեն հարցաքննվել, մի շարք առանցքային վկաներ դատարանի դահլիճում հայտարարել են նախաքննության ընթացքում իրենց նկատմամբ խոշտանգումներ կիրառելու մասին և հրաժարվել են իրենց նախաքննության ցուցմունքներից, դատարանի դահլիճից դուրս են հանել Մերաբ Սուսլովի (Ալոյանի) փաստաբաններին, իսկ հետո՝ նաև նրան և, փաստորեն, մեղադրական դատավճիռը կայացվել է՝ առանց նրանց ներկայության: Ուկրաինացի լրագրող Անատոլի Շարիյն իր նախաձեռնությամբ կատարել է իր սեփական հետաքննությունը Մերաբ Սուսլովին (Ալոյան) մեղսագրվող սպանությունների իրական հիմքերի մասին և դրա արդյունքում, ի վերջո, ստիպված էր հեռանալ Ուկրաինայից և դիմել Եվրոպական միությանը՝ քաղաքական ապաստան ստանալու համար՝ այն բանից հետո, երբ այս գործի մասին բազմաթիվ հոդվածներ գրելուց հետո նրա նկատմամբ իրականացվեց մահափորձ, իսկ հետո Ոստիկանության կողմից նրա դեմ հարուցվեց երկու քրեական գործ: Ներկայումս նա բնակվում է ԵՄ պետություններից մեկում, որտեղ նրան տրվել է քաղաքական ապաստան:
Կիևի Լուկիանովսկի բանտում, որտեղ նա կրում է իր խափանման միջոց կալանքը, նա շարունակաբար ենթարկվում է խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի: Երեք ամիս նա պահվել է կարցերում, իսկ խցից հանելու և հարցաքննության, բաղնիք կամ դատարան ուղեկցելու յուրաքանչյուր դեպքում դա արվում է դիմակներով քողարկված հատուկ զինվորականների կողմից, որոնք աչքի են ընկնում առանձնահատուկ կոպտությամբ և անհարկի ֆիզիկական ուժ կիրառելու նախատրամադրվածությամբ: Խցից դուրս տեղաշարժվելիս՝ նրանք, որպես կանոն, կալանավորի ձեռքերին հագցնում են ձեռնաշղթա և ձեռքերը մեջքի կողմից բարձր վիճակում պահելով՝ ստիպում են կալանավորին տեղաշարժվել դեմքով և մարմնով հատակին կքած վիճակում, որը պատճառում է անասելի ցավեր, ինչպես նաև նվաստացնում կալանավորի արժանապատվությունը: Վերջերս նրան կրկին հանել են իր խցից և տարել դատարան, այս անգամ նրա գլխին հագցրել են պարկ: Դատարանի դահլիճում պարկը հանելուց հետո նա տեսել է, թե ինչպես են տուժողի հարազատները ծիծաղելով լուսանկարահանում նրան՝ իրենց բջջային հեռախոսներով: Մեկ այլ դեպքում բանտի աշխատակիցը նրա վզից պոկել է նրա կրոնական համոզմունքն արտահայտող սիմվոլը և նետել զուգարանը:
Մերաբ Սուսլովի (Ալոյան) ազգականները և հայրենակիցներն իրենց բողոքի ձայնն են բարձրացնում նշված կամայականությունների դեմ: Նրանք նշում են, որ, որպես Եվրոպայի խորհրդի անդամ պետություն՝ Ուկրաինան պարտավոր է հարգել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված՝ անձի իրավունքները՝ անկախ քաղաքացիությունից և ազգային պատկանելությունից: «Մենք պահանջում ենք, որպեսզի Ուկրաինայի իշխանությունները դադարեցնեն Մերաբ Սուսլովի (Ալոյանի) նկատմամբ ֆիզիկական բռնությունները և տարբեր նվաստացումները, ապահովեն կալանքի պատշաճ պայմաններ և արդար դատաքննության երաշխիքներ»,- ասում են հարազատները:
ԱՐՏԱԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ