Բաժիններ՝

Թուրքիայի 7-րդ նախագահը դիմել է Սահմանադրական դատարան

Թուրքական Star թերթի փոխանցմամբ՝ 1980 թվականի սեպտեմբերի 12-ին Թուրքիայում իրականացված ամենաարյունալի ռազմական հեղաշրջման կազմակերպիչներ, Թուրքիայի նախկին Գլխավոր շտաբի պետ և նախագահ Քենան Էվրենն ու տվյալ հեղաշրջման ժամանակ ռազմաօդային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Թահսին Շահինքայան (ռազմական հեղաշրջման մյուս կազմակերպիչները մահացած են – 168.am) դիմել են Սահմանադրական դատարան:

Խնդրագրում 1917 թվականին ծնված Էվրենն ու 1925 թվականին ծնված Շահինքայան հայտնել են, որ սեպտեմբերի 12-ի գործի քննման ժամանակ խախտվել են իրենց իրավունքները: Նրանք ընդգծել են, որ 12.09.1980-06.12.1983 ժամանակահատվածում իրենք բաց կերպ օրենք չեն խախտել՝ իրենց անհամաձայնությունը հայտնելով Քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի կապակցությամբ, որում հանցանք է որակվում խորհրդարանի արձակումը: Նրանց գործը քննում է Անկարայի՝ ծանր հանցագործությունները քննող 12-րդ դատարանը:

Հիշեցնենք, որ 2012 թվականի հունվարի 10-ին Անկարայի դատարանն ընդունեց Քենան Էվրենի և Թահսին Շահինքայայի դեմ պատրաստված գործը։ Թուրքիայի պատմության մեջ աննախադեպ է, որ երկրի նախկին նախագահը կանգնի դատարանի առջև: 1980 թվականի սեպտեմբերի 12-ին Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Քենան Էվրենի իրականացրած ռազմական հեղաշրջման արդյունքում արձակվեց երկրի խորհրդարանը, տապալվեց Սուլեյման Դեմիրելի գլխավորած կառավարությունը։ Դեմիրելը, ինչպես նաև ընդդիմության առաջնորդներ Բյուլենթ Էջևիթն ու Ալփասլան Թյուրքեշը ձերբակալվեցին։ 1982 թվականի նոյեմբերի 7-ին Քենան Էվրենը դարձավ Թուրքիայի 7-րդ նախագահ:

Երկրում փակվեցին բոլոր քաղաքական կուսակցությունները, և մտցվեց ռազմական դրություն։ Հեղաշրջման նախապատրաստման համապատասխան հիմքի ստեղծման համար ձախ և աջ արմատականների միջև մինչև հեղաշրջման առավոտ հրահրված բախումներում զոհվեց 2000 մարդ, հեղաշրջման արդյունքում բանտարկվեց 650.000 մարդ, ոստիկանությունում հարուցվեց 1.683.000 գործ, քաղաքական պատճառներով հարուցված 210.000 գործի շրջանակներում դատարանում հայտնվեց 230.000 մարդ, 517 մարդ ստացավ առավելագույն պատժաչափ, միևնույն ժամանակ՝ այդպիսի պատժաչափ էր սպառնում 7000 հոգու, 388.000 մարդ զրկվեց անձնագրից, աշխատավայրից վտարվեց մոտ 30.000 մարդ (նրանց ասացին, որ իրենք վտանգավոր են), որոնցից 20.000-ը ներկայացնում էին կրթական համակարգը, 14.000 մարդ զրկվեց քաղաքացիությունից, մոտ 30.000 մարդ փախավ երկրից, գրաքննության նկատառումներից ելնելով` արգելվեց 937 ֆիլմ, 400 լրագրողների համար առաջարկվեց 4000 տարվա բանտարկության մեղադրանք, 300 օրվա ընթացքում թերթերը չհրապարակեցին հետաքննության մասին նյութեր, ոչնչացվեց 37.000 տոննա թերթ ու հանդես։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս