
Սիրիայի բնակիչների ջրային պաշարները կրճատվել են 1/3-ով. UNICEF

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ`երկամյա հակամարտությունից տուժած Սիրիայի բնակիչների ջրային պաշարները կրճատվել են 1/3-ով: Այս մասին երեկ հայտարարել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (UNICEF):
Սիրիայում UNICEF-ի ներկայացուցիչ Յուսեֆ Աբդել Ջալիլը հայտարարել է, որ Սիրիայում գործնականում դադարել են ջրի վարակազերծման նյութերի արտադրությունը, ինչը մեծացնում է ջրի աղտոտվածության ռիսկը:
ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի տվյալներով` ռազմական գործողությունների շրջանում բնակվողներն իրենց տրամադրության տակ ունեն օրական ընդամենը 25 լիտր ջուր, իսկ որոշ դեպքերում էլ` ընդամենը 10 լիտր: Սիրիայում մոտ 4 միլիոն մարդ, որոնց կեսը երեխաներ են, տառապում են ջրի պակասից:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի տվյալներով Սիրիայի հարևան երկրներում սիրիացի փախստականների քանակը մոտենում է 800.000-ի: Օրական Սիրիան լքում է 5000 մարդ: