
Իրանն անօդաչու թռչող սարքի տվյալների վերծանման շնորհիվ իմացել է ԱՄՆ-ի ռազմական օպերացիաների մասին

Iran News-ի փոխանցմամբ՝ ամերիկյան գերեվարված RQ-170 Sentinel «անտեսանելի» անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) տեղեկատվության վերծանումը վկայում է Իրանի շուրջ ամերիկացիների օպերացիաների մասին: Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորի օդա-տիեզերական զորքերի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն:
Վերջինիս խոսքերով՝ այն բանից հետո, ինչ ստացվել և վերծանվել են ԱԹՍ-ի մագնիսային սկավառակների մեջ պարունակվող տեղեկատվությունը, պարզ է դարձել, որ այն Իրանի հարևան երկրներում կատարել է ռազմական առաքելություն և գլխավորապես ղեկավարել է Պակիստանին ու Աֆղանստանին հրթիռա-ռմբային հարվածներ հասցնելը և այդ երկրների տարածքներում ռազմական գործողություններ մղելը:
Հիշեցնենք, որ Իրանն ամերիկյան RQ-170 Sentinel այդ ԱԹՍ-ի գերեվարման մասին հայտարարել է 2011 թվականի դեկտեմբերին: Իրանը պնդում է, որ դրա շնորհիվ այժմ իր մասնագետները պատրաստ են ստեղծել այդ նույն ԱԹՍ-ի իրանական կրկնօրինակը: