Լևոն Տեր-Պետրոսյանը բացում է խաղաքարտերը
Երբ ժամանակին վարչապետ Տիգրան Սարգսյանը «168 Ժամ» թերթին տված հարցազրույցում հայտարարեց, թե իշխանությունները չեն կանխում արտագաղթը, քանի որ Հայաստանում մնացողները հեղափոխություն կիրականացնեն, ընդդիմությունը, այդ թվում և առաջին հերթին՝ Հայ ազգային կոնգրեսը, միանգամայն արդարացիորեն գամեցին նրան անարգանքի սյունին: Այն ժամանակ միայն մղձավանջային երազում կարելի էր պատկերացնել, որ ընդդիմությունը, նույն ՀԱԿ-ն՝ ինքն է դառնալու Հայաստանից արտագաղթի ալիքին նպաստող հիմնական ուժերից մեկը: Ոչ միայն դառնալու է, այլև առանց այլևայլությունների՝ հայտարարելու է այդ մասին: Ու հայտարարելու է առաջին դեմքի, հիմնադիր նախագահի շուրթերով: Այսօր ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն, իր սովորության համաձայն, հարցազրույց է տվել «Չորրորդ Ինքնիշխանություն» օրաթերթին, որում պատասխանելով առաջիկա ընտրությունների կանխորոշված լինելու մասի հարցին՝ հայտարարել է. «Ցավալին այն է, որ հենց այդ կանխորոշվածությունն է Հայաստանի ամենամեծ դժբախտությունը, որովհետև դրա մղձավանջային հետևանքն ինձ համար ակնհայտ է։ Եթե Սերժ Սարգսյանի նախագահական առաջին ժամկետում մեր երկրից արտագաղթել է տարեկան 50 հազար մարդ, ապա երկրորդ ժամկետում արտագաղթելու է արդեն տարեկան 100 հազար։ Այսպես շարունակվելու դեպքում Հայաստանը կանգնելու է դեմոգրաֆիական աղետի և պետականության կորստյան վտանգի առջև։ Բնակչության թվի շեշտակի նվազման հետևանքով տասը-քսան տարի հետո մեր երկիրը կորցնելու է իր պաշտպանունակությունը և կրկին հայտնվելու է 1920 թվականի երկընտրանքի առջև, այսինքն՝ վերջնական բնաջնջումից խուսափելու և ազգի գոյությունը մի կերպ ապահովելու համար, սեփական իշխանությունների ձեռքով ինքնակամ հրաժարվելու է անկախությունից և, որպես դաշնության սուբյեկտ կամ ասոցիացված անդամ, ուղղակի մտնելու է Ռուսաստանի կազմի մեջ։ Այնպես որ, եթե վերադառնանք Ձեր նախորդ հարցին, ապա ներկայիս նախագահական ընտրարշավն ինձ ավելի շատ ժանտախտի ժամանակ տեղի ունեցող խրախճանք, քան որևէ այլ բան է հիշեցնում»։ Լևոն Տեր-Պետրոսյանի բոլոր կանխատեսումները, մեղմ ասած, հեռու չեն իրականությունից: Այո, ներկայիս իշխանությունների ապաշնորհության, նույն Լ. Տեր-Պետրոսյանի թվարկած ու էլի բազմաթիվ պատճառներով Հայաստանը կարող է հայտնվել կործանման եզրին: Այս պայմաններում ո՞րը պետք է լինի իրեն ոչ թե ճոռոմ հայրենասեր, այլ իսկական քաղաքացի համարող մարդու, առավել ևս՝ քաղաքական, հատկապես՝ պետական գործչի քայլը: Բնականաբար, անել հնարավորը, որպեսզի այդ չարագուշակ կանխատեսումներն իրականություն չդառնան, որպեսզի իր կարողացածի չափով կանխարգելի պետության ու պետականության կործանումը: Մինչդեռ Լ. Տեր-Պետրոսյանն արել է ճիշտ հակառակը: Նա իր գործունեությամբ կամ անգործությամբ նպաստել է, որպեսզի իր իսկ նշած մղձավանջը վրա հասնի մի քանի անգամ ավելի արագ տեմպերով, որպեսզի Հայաստանը կործանման տանող իշխանությունը հնարավորինս անկաշկանդ լինի իր գործողություններում: Լևոն Տեր-Պետրոսյանն այդ ամենն արել է՝ հրաժարվելով պայքարից, միայնակ թողնելով իրեն ու իր գլխավորած շարժմանը հավատացող հասարակությանը: Նման կանխատեսումներ կատարող գործիչն ուղղակի պարտավոր էր առաջադրել իր թեկնածությունը, եթե անգամ լիներ ոչ թե՝ 68, այլ՝ 88 տարեկան հասակում, պարտավոր էր առաջադրվել՝ անգամ 100 տոկոսով վստահ լինելով, որ իշխանությունը խլելու է իր հաղթանակը, որ նախագահ դառնալու շանս չունի: Քանի որ, ինչպես բխում է նրա հարցազրույցի տրամաբանությունից, այդ մղձավանջային հեռանկարների պատճառներից մեկը ընտրությունների՝ ոչ մրցակցային լինելն է, որն ապահովվել է առաջին հերթին ու առավելապես՝ Լևոն Տեր-Պետրոսյանի չմասնակցության արդյունքում:
Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններում, բնականաբար, հակասականության շատ մեծ չափաբաժին կա, ինչը բնորոշ է նրա հրապարակային գործունեության ողջ ընթացքին: Բայց այդ հակասականությունն անուղղակիորեն կարող է պատասխանել հարցին, թե, ի վերջո, ինչո՞ւ նախագահական ընտրություններում չառաջադրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը: Իր կանխատեսումներում ՀՀ հիմնադիրն ասում է. «…վերջնական բնաջնջումից խուսափելու և ազգի գոյությունը մի կերպ ապահովելու համար, սեփական իշխանությունների ձեռքով ինքնակամ հրաժարվելու է անկախությունից և, որպես դաշնության սուբյեկտ կամ ասոցիացված անդամ, ուղղակի մտնելու է Ռուսաստանի կազմի մեջ»: Տոնայնությամբ՝ որպես մտահոգություն հնչող այս հայտարարությունն իրականում միանգամայն այլ իմաստ է ստանում Լևոն Տեր-Պետրոսյանի ամենահավատարիմ թիմակից Լևոն Զուրաբյանի հայտնի արտահայտության համատեքստում: Հիշեցնենք, որ վերջինս ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի հետ առանձնազրույցում վստահեցնում էր, որ Տեր-Պետրոսյանը զսպում է քաղաքացիական հասարակության ակտիվ հատվածի հակառուսական տրամադրությունները: