«Տարիների ընթացքում դաստիարակվել է մի մարդ, քաղաքացի, որն ավելի շատ ստրուկ է» (տեսանյութ)

Այսօր «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի և Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը կազմակերպել էին սեմինար` «Նախագահական ընտրություններ. գնահատականներ և առաջարկներ» խորագրով, որին մասնակցում էին մի քանի հայտնի քաղաքագետներ և փորձագետներ, այդ թվում` Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը, տնտեսագետներ Վահագն Խաչատրյանը և Թաթուլ Մանասերյանը: Սեմինարում փորձագետները քննարկեցին նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, Հայաստանի ներքին և արտաքին, ինչպես նաև տնտեսական խնդիրները: Ինչպես բացման խոսքում նշեց Ռիչարդ Կիրակոսյանը, այս քննարկման հիմնական նպատակը առաջին հերթին ոչ թե որևէ խնդրին լուծում տալն է, այլ տարբեր և հակադիր տեսակետների ներկայացման միջոցով հայկական մամուլում քաղաքական դիսկուրսի մակարդակի բարձրացումն է:

Իր խոսքում քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն ասաց, որ ընտրությունները ոչ թե նպատակ են, այլ միջոց` հասնելու ինչ-որ նպատակների, և նաև կարծիք հայտնեց, որ իրեն` որպես քաղաքագետի, չափազանց հետաքրքիր է այս ընտրությունների ընթացքը: Բայց միաժամանակ նա նշեց. «Ընտրությունների ելքը, ինձ թվում է, կանխորոշված է»: Ալեքսանդր Իսկանդարյանը չհամաձայնեց այն մտքին, որ մրցակցություն ընտրություններում ընդհանրապես չկա. «Մրցակցություն կա, ես կասեի, երկու ճամբարների միջև, այն թեկնածուների, որոնք հնավորություններ ունեն որոշ բարձր տոկոսներ, և այն թեկնածուների միջև, որոնք պայքարում են այս քարոզարշավի միջոցով աչքի ընկելու համար»:

Իսկանդարյանը կարծում է, որ երկու ճամբարներում էլ կա մրցակցությունը, սակայն, ըստ նրա, լուրջ դիմակայություն գործող նախագահ Սերժ Սարգսյանին չի լինի: Անդրադառնալով այն մարտահրավերներին, որոնց կարող են ծառանալ Հայաստանի առջև ընտրություններից հետո, Կովկասի ինստիտուտի տնօրենն առաջին հերթին խոսեց տնտեսական հարցերի մասին, որոնց թվում գլխավոր խնդիրներից մեկը միջազգային ներդրումների «սովն» է և ներդրումների ներգրավումը:  Իսկ ներդրումների ներգրավումը` տնտեսական մեթոդներով, ըստ նրա, դժվար է, և միջազգային ֆինանսական հոսքերի ներգրավումն իրականում քաղաքական խնդիր է, և դրանով պետք է մտահոգվեն ոչ թե հայ գործարարները, այլ հայ քաղաքական գործիչները:

Արձագանքելով Ալեքսանդր Իսկանդարյանի ելույթին` տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Վահագն Խաչատրյանը խոսեց նախ ընտրությունների մասին` նշելով, որ ինքը նույնպես, ինչպես և հասարակությունը, որևէ ակնկալիք չունի ընտրություններից: «Այն, ինչի մասին Դուք խոսում էիք` հատկապես ոչ հեղափոխական ճանապարհի հետ կապված, միանշանակ է: Կա ավելի հեշտ և միաժամանակ ավելի դժվար ճանապարհ, որը կոչվում է պարզապես այս ամբողջ համակարգի փոփոխություն…Եվ երբ փորձում ենք այս տեսանկյունից գնահատական տալ` ի՞նչ է սպասվում ընտրություններում, դրա համար եմ ասում, որ ընտրություններից որևէ ակնկալիք չկա, որովհետև այս իշխանությունը պատրաստ չէ որևէ փոփոխություն կատարելու, ինքը` գործող իշխանությունը այս համակարգի ծնունդ է և ինքն այս համակարգը չի փոխի»,- ասաց Վահագն Խաչատրյանը:

Կարդացեք նաև

Անցնելով տնտեսական խնդիրներին` Վահագն Խաչատրյանը նշեց, որ դրանց լուծման համար կարևորագույն նախապայմաններն են ազատ մարդը և ժողովրդավարությունը, որոնք այսօր, ըստ նրա, իսպառ բացակայում են Հայաստանում: Վահագն Խաչատրյանն ասաց, որ ինքը սովորաբար տնտեսական թեմաներով է հանդես գալիս, բայց այժմ գտնում է, որ այսօր տնտեսության մասին խոսելն այդքան էլ էական ու կարևոր չէ, քանի որ  տնտեսության մասին համարյա ամեն ինչ ասված է, և զարմանք հայտնեց, որ Հայաստանում չեն խոսում քաղաքական համակարգի փոփոխության մասին  և չեն տրվում գնահատականներ գործող իշխանական համակարգի մասին ` նաև տնտեսության հետ կապված:

«Այսօր` ընտրության շեմին, մենք փորձում ենք հասկանալ` արդյոք մենք ունե՞նք ընտրության հնարավորություն: Ես ասում եմ` մենք այդ ընտրության հնարավորությունը չունենք, և, ցավոք սրտի, հասարակությունը չունի այդ ընտրության հնարավորությունը, որովհետև հասարակությանն այդ ընտրության հնարավորությունից զրկել են, տարիների ընթացքում դաստիարակվել է մի մարդ, քաղաքացի, որն ավելի շատ ստրուկ է, ով ոչ թե մտածում է իր ապագայի և ազատության մասին, այլ մտածում է իր օրվա հացի մասին»,- ասաց Վահագն Խաչատրյանը:

Տեսանյութեր

Լրահոս