Քուր ջան, հանվի, վերևից հրահանգ կա. մամուլ
««Քուր ջան, մորքուր, տիկին ջան, հանվեք, նոր առաջացեք, հրահանգ կա»: Ահա այսպես էին երեկ Մալաթիա-Սեբաստիա համայնքի Հայորդաց տանը երիտասարդ դռնապանները դիմավորում կանանց, ովքեր եկել էին Սերժ Սարգսյանին հանդիպելու: Նախ անակնկալի էին գալիս հանվելու հրահանգը լսելով, ապա, հասկանալով, որ խոսքը վերարկուի մասին է, վախվորած հանվում էին»,- գրում է «Հրապարակ» օրաթերթն ու հավելում.
«Մի տարեց կին լացակումած ձայնով պաղատում էր, որ իրեն վերարկուով ներս թողնեն, հիվանդ է, ցուրտ դահլիճում չի դիմանա, բայց տղան անդրդվելի էր, կնոջը համոզում էր. «Մորքուր ջան, վերևից հրահանգ կա, տենց ա գեղեցիկ, թե չէ պալտոներով չի նայվում»: Բայց քանի որ նաև սպառնում էին, թե՝ «մեկ ա, հանել ենք տալու», կանայք գերադասում էին ինքնակամ հանվել ու սրթսրթալով նստել դահլիճում:
Ահա այս զավեշտալի երկխոսություններով էլ սկսվեց հանդիպումը: Ինչպես սկսվեց, այնպես էլ ընթացավ, բանգլադեշցիները զվարճանալու պակաս չունեցան: Այս անգամ «չեբուրաշկայի» դերում Սերժ Սարգսյանի համակուրսեցի տիկին Ռուզաննան էր, ով հարցի պատրվակով մոտեցավ խոսափողին ու դիֆերամբ ձոնեց իր համակուրսեցուն:
Երբ արդեն նստում էր, Սերժ Սարգսյանը, թերևս անհարմար զգալով այդչափ ձոներգից, որպեսզի չմտածեն, թե հանրապետականները ստիպել են մանկավարժներին նման ելույթներ ունենալ, գաղտնազերծեց. «Տիկին Ռուզաննան իմ կուրսեցին է, դրա համար էլ այդ կարծիքին է»: Կուրսեցին էլ նախագահի վերաբերմունքից հալվեց ու կարծես վերածնված` վերադարձավ խոսափողին ու շարունակեց. «Դուք ուսանողական տարիներին այնքան կրակ էիք… այնքան կրակոտ… շատ անհանգստացնում էիք մեր դասախոսներին, ուղղակի Դուք շատ համեստ եք»: Դողացող ձայնով արտասանում էր Ռուզաննան, Սարգսյանն ընդհատեց` լիաթոք ծիծաղելով ու ծիծաղի միջից «լավ» ասելով:
Տիկին Ռուզաննան միակ հարց տվողը չէր, այնտեղ էր նաև Մալաթիա համայնքի շոուբիզնեսի ներկայացուցիչը՝ «Տիգրանի մոլորակը» սերիալի տարեց դերասանուհին՝ Սոֆիկ Սարգսյանը, ով անհանգստացած էր ցեղասպանության ճանաչման հարցով: Դահլիճը երեկ բուրում էր կանացի ծանր օծանելիքից: Գերակշռող մասը կանայք էին, ովքեր պերեկիսից խանձած, սակայն հատուկ՝ հանդիպման համար ֆենած դեղին մազերով ու չոլկաներով, աննկարագրելի հիացմունքով ըմբոշխնում էին ՀՀ նախագահի յուրաքանչյուր բառը: Ակնհայտ էր, որ ընտրական գործընթացների բովով անցած «վաստակաշատ» մանկավարժներն էին, որոնց համայնքի այրերն ու կուսակցական ակտիվը հատ-հատ գիտեն:
Ինչ վերաբերում է պաշտոնական մասին, ապա երեկ հերթական անգամ Սերժ Սարգսյանն առիթը բաց չթողեց և մեկ անգամ ևս մեղադրեց գործազուրկ ժողովրդին` հայտարարելով, թե Հայաստանում 150 հազար դրամով մարդիկ չեն ուզում աշխատել: Մինչդեռ հազարավոր դիպլոմավոր երիտասարդների ու, ինչու չէ, հազարավոր փորձառու մասնագետների համար այդքան աշխատավարձը երազանքի պես բան է մեր երկրում: Լեգենդար 150 հազարանոց աշխատավարձի թեման շոշափելիս քաղաքապետ Տարոն Մարգարյանին ստիպեց ոտքի կանգնել ու հավաստել իր ասածը: Տարոնն էլ շիկնած ու շփոթված հայտարարեց, թե քաղաքապետարանը 150 թափուր աշխատատեղ ունի` վարորդի ու կոմունալ ծառայության ոլորտում, բայց թե որքան աշխատավարձ է վճարելու, այդպես էլ չասաց:
Ի դեպ, այդ նույն հանդիպման ավարտից հետո մոտեցանք մի ավտոբուսի վարորդի, ով քաղաքապետարանի աշխատակից էր, ու հարցրինք, թե որքան աշխատավարձ է ստանում, ասաց` տարբեր. «Օրինակ բերեմ, որ պարզ լինի, ասենք, եթե 10 ժամ աշխատես, դրա դիմաց օրական վարձատրում են 2000-2500 դրամ, կարաս ավել աշխատես, մի քիչ ավել ստանաս»: Այսինքն, մի ամբողջ ամիս 24-ժամյա ռեժիմով աշխատելու դեպքում միայն հնարավոր է վաստակել իրենց նշած 150 հազար դրամը: Այս առումով Սերժ Սարգսյանն իրոք ճիշտ է, դժվար որևէ մեկը համաձայնի նման պայմաններում աշխատել՝ անգամ 150 հազար դրամ աշխատավարձի դիմաց»: