Տոնն արդեն փչացած է. մամուլ
ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին հարցազրույց է տվել «Հայկական ժամանակ» օրաթերթին: «ՀԺ-ի» թղթակիցը նրան է ուղղել հետևյալ հարցը. «Պարոն դեսպան, գաղտնիք չէ, որ բոլոր դեսպանատներն ունեն իրենց հատուկ ծառայությունները, և լավագույնները տիրապետում են տվյալ երկրում տիրող ամեն ինչին։ Ձեր հատուկ ծառայությունները ձեզ ի՞նչ են զեկուցել Պարույր Հայրիկյանի մահափորձի մասին։ Ո՞րն է ձեր երկրի տեսակետը, ո՞վ է կանգնած այդ մահափորձի ետևում»։
Դեսպանը հարցին պատասխանել է հետևյալ կերպ. «Իսկ ի՞նչ ասել է՝ «հատուկ ծառայություն»։ Հետախուզական ծառայություն, այո՞։ Առաջին հերթին՝ քաղաքական– հասարակական իրականությունը պետք է զատել միֆոլոգիայից։ Եթե դուք կարծում եք, որ «հատուկ ծառայությունները» դրանք տեսախցիկներ են Հայաստանի ամեն տան և քարի վրա, կարծում եմ, որ ոչ մի վատիկանյան և Մոսադի հետախուզություն չի կարող Հայաստանի իրադրության մասին ավելի լավ տեղեկացված լինել, քան հայկական ծառայությունները։
Գիտե՞ն հայկական ծառայությունները ով է կանգնած մահափորձի ետևում։ Չգիտեն։ Գոնե այդպես են ասում։ Նշանակում է, մեկ ուրիշը նույնպես չի կարող իմանալ։ Սա միֆ է։ Սա լրիվ այլ զրույցի թեմա է (ժպտում է- հեղ.)։ Մահափորձը շատ հանելուկային պատմություն է, որովհետև տրամաբանական չէ այն իմաստով, որ պարոն Հայրիկյանը շատ հարգելի անձնավորություն է, նա պայքարի խորհրդանիշ է։ Բայց չնայած պարոն Հայրիկյանն ինքն է ասում, որ առաջին փուլում 70 տոկոս քվե կստանա, ես դրանում համոզված չեմ։ Ինձ չի թվում, թե նա երկրորդ փուլ անցնելու հնարավորություն ունեցող ֆիգուր է։ Նա այն վտանգավոր մրցակիցը չի, որին չեզոքացնելու կարիք լիներ։
Բոլորը միաձայն՝ և ընդդիմությունը, և իշխանությունը, ասում են, որ դա մահափորձ է պետականության դեմ։ Ինչ-որ չափով՝ այո։ Ես համաձայն եմ նաև, որ դա «խփում է» իշխանությունների վարկանիշին։ Որովհետև դա աոաջին հերթին քանդում է ընտրությունների այն ուրախ պատկերը, որի մասին մենք խոսեցինք, անվտանգ և ապահով Հայաստանի միֆը, և դա արդեն ազդում է ընտրությունների գնահատականի վրա։ Բայց միգուցե Հայաստանի շատ քաղաքական գործիչներ կնեղանան, ես ունեմ իրավիճակի իմ տեսլականը։ Նույնիսկ եթե դա չլիներ քաղաքական մոտիվացիայով, բայց արդյունքը լինելու է քաղաքական։ Սա՝ մեկ։ Երկրորդը՝ ինձ թվում է, որ, չնայած նման բաներ կարող են տեղի ունենալ ցանկացած երկրում, բայց սա հնարավոր էր, որովհետև Հայաստանում չի վերացել անպատժելիության մթնոլորտը։ Սա՝ ցանկացած հարթությունում, մանր և խոշոր հանցագործությունների։
Պատմում եմ ձեզ սա որպես անեկդոտ, կարող եք ծիծաղել, բայց ինձ համար դա շատ խոսուն էր։ Կողոպտել էին իմ նստավայրը։ Ես խոսեցի այն չինովնիկի հետ, ով պատասխանատու էր անվտանգության համար։ Նա ասաց` գիտեք, դա իմ գործը չէ։ Ես սարսափեցի։ Այդ բարձրաստիճան մարդու մոտ բացակայում էր զգացողությունը, թե ինչ է նշանակում «պետականություն»: Սեփական երկրի համար պատասխանատվության զգացողությունը պետք է բոլորին պատասխանատվության տանի ոչ միայն սեփական տեղամասի համար։ Ես կարծում եմ, որ անկախությունից հետո Հայաստանի համար ամեն ինչ չէ, որ հարթ է եղել։ Սպանությունները, որոնք, ասում են, քաղաքական մոտիվացիաներ ունեին, միշտ չէ որ, մեղմ ասած, բացահայտվել են։ Վերցրեք 2008թ. իրադարձությունները։ Ոչ ոք պատասխան չտվեց։ Ամենաթողության մթնոլորտը կարող էր ինչ-որ մեկին դրդել, որ կարելի է կրակել։
Ահա, քաղաքականության մեջ ոչինչ չի առաջանում ոչնչից։ Քաղաքականության մեջ, ինչպես հղիությունն է, ոչինչ չի կորչում, դա պետք է իր արդյունքը տա։ Քաղաքական գործիչը չի կարող խուսափել պատասխանատվությունից իր գործունեության համար և ոչ թե այնտեղ, հեռավոր աշխարհում, այլ՝ այստեղ։ Խոսք կա՝ «կմախքներ պահարանում»։ Սիայն անհեռատես քաղաքական գործիչներն են կարծում, որ կարելի է թաքցնել այդ կմախքները։ Ես հուսով եմ, որ ցավալի իրադարձությունը չի ազդի ոչ ընտրությունների արդյունքների, ոչ էլ քարոզարշավի վրա։ Բայց մի բան փաստ է՝ տոնն արդեն փչացված է»: