Բաժիններ՝

Սոցցանցը հնարավորություն է տալիս իմանալ հասարակական իրական տրամադրությունները

Առայժմ հայաստանյան իրականության մեջ հեռուստատեսությունը միակ մեդիան է, որը  հասանելի է բոլորին՝ անկախ կրթական մակարդակից, տարիքային ցենզից, բնակության վայրից: Հեռուստատեսության միջոցով, սակայն, թեկնածուն չի կարող հասկանալ, թե ինչպիսի՞ն են հասարակական տրամադրություններն իր նկատմամբ, և ինչպիսի՞ն է հասարակության արձագանքն իր գործողությունների նկատմամբ: Մինչդեռ քարոզչություն իրականացնող կողմի համար հասարակական կարծիքը հասկանալն ու այդ ամենն ուսումնասիրելը շատ կարևոր է: Այս կարևոր հնարավորությունը տալիս են սոցցանցերը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը: Նրա խոսքով՝ այդ է պատճառը, որ  պետական տարբեր կառույցների ներկայացուցիչներ, անգամ Ոստիկանության մի քանի պետեր ամռանը սկսեցին շփվել Facebook-յան օգտատերերի հետ ու բացատրել այս կամ այն միջադեպը:

«Պետք է պարզապես արձանագրել, որ ներկայումս Հայաստանում, որքան էլ պեսիմիստական են հասարակության մասին կարծիքները, այն, որ հասարակությունն ապատիկ է, որ հասարակության համար միևնույն է, թե ի՞նչ է կատարվում, որ մարդիկ հիասթափված են և այլն, այնուամենայնիվ, այսօր հասարակության կարծիքի հետ հաշվի նստելու տենդենց կա, իսկ այդ տենդենցի հրահրողը հենց սոցիալական ցանցն է»,- ասաց Լ. Բաղդասարյանը: Նրա խոսքով՝ քաղաքական գործիքը քիչ է շփվում սովորական մարդկանց հետ, քանի որ գտնվում է սոցիալական այլ սանդղակում, և նա պատկերացում չի կարող ունենալ, թե ինչ է իրականում կատարվում հասարակության՝ սովորական մարդկանց շրջանում:

«Խոսքը հատկապես բարձրաստիճան իշխանավորի մասին է, նա շրջապատված է մի քանի օղակ իր համակիրներով, իր իշխանավորներով, դա մի բուֆեր է, որով պատում է նա ինքն իրեն և շատ քիչ է շփվում այլ մարդկանց հետ: Արդյունքում՝ իրականության մասին նրա պատկերացումները վիրտուալ են, ավելի վիրտուալ են, քան վիրտուալ իրականության իրականությունը»,- ասաց Լ. Բաղդասարյանը՝ նշելով, որ այդ է պատճառը, որ այսօր մարդիկ տարբեր հետազոտություններ են պատվիրում սոցիալական մեդիայի վերաբերյալ, քանի որ նրանց հետաքրքիր է հասարակության կարծիքը:

Ի՞նչ հնարավորություն է տալիս Facebook-ը նախագահի թեկնածուներին և ինչպե՞ս է նրանցից յուրաքանչյուրը կիրառում: Այս հարցերի պատասխաններն իմանալու համար «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանի հետ 

Հարցազրույցը կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում:

Նշենք, որ «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի՝ «Facebook-ը որպես նախընտրական հարթակ Հայաստանում» հետազոտությունը մինչ այդ անցկացվել է Խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Այժմ «Ռեգիոն» կենտրոնը կրկին նման ուսումնասիրություն է իրականացնում: Ուսումնասիրության առաջին փուլը, որն ընդգրկում է դեկտեմբերի 1-ից հունվարի 20-ն ընկած ժամանակահատվածն, արդեն ավարտվել է: Ուսումնասիրության առաջին փուլը նախորդում էր պաշտոնական քարոզչության մեկնարկին, իսկ արդեն հունվարի 21-ից մինչ օրս շարունակվում է հետազոտության երկրորդ փուլը, որը կավարտվի փետրվարի 16-ին, իսկ արդյունքները կհրապարակվեն արդեն նախագահական ընտրություններից հետո: Նշենք, որ մասնագետների խումբն ուսումնասիրելու է նաև հետընտրական զարգացումները Facebook-ում, որոնք, ըստ մասնագետների՝ պակաս հետաքրքիր չեն լինում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս