Ինչո՞ւ Քոքոբելյանը դե յուրե լքեց «Ժառանգությունը»

Այսօր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ Խաչատուր Քոքոբելյանը դուրս է եկել «Ժառանգություն» խմբակցությունից: Քոքոբելյանը և Ալեքսանդր Արզումանյանը «Ժառանգություն» խմբակցության դե ֆակտո անդամ չէին դեռ նախորդ տարվա սեպտեմբերից, քանի որ չէին մասնակցում այդ խմբակցության աշխատանքներին: Սակայն ինչո՞ւ Խաչատուր Քոքոբելյանն այսօր որոշեց դե յուրե օրինականացնել այն, ինչ դե ֆակտո գոյություն ուներ արդեն մի քանի ամիս:

168.am-ի տեղեկություններով՝ «Ժառանգություն» խմբակցությունը Քոքոբելյանին հետ է կանչել ԱԺ մշտական այն հանձնաժողովներից, որտեղ Քոքոբելյանը ներկայացնում էր «Ժառանգությունը»: Այսօր նա ընդգրկված չէ ԱԺ 12 մշտական հանձնաժողովներից և ոչ մեկում: Բայց այս դեպքում առաջանում է այլ խնդիր. «Ժառանգության» անդամները ներկայացված չեն ԱԺ չորս՝ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի, Առողջապահության, մայրության և մանկության հարցերի, եվրոպական ինտեգրացիայի հարցերի, Սոցիալական հարցերի հանձնաժողովներում, և եթե նույնիսկ «Ժառանգության» երեք անդամները որոշեն միաժամանակ անդամակցել ոչ թե երկու, այլ երեք հանձնաժողովների, միևնույն է, նրանք բոլոր հանձնաժողովներում չէ, որ կարող են ներկայացված լինել: Հավանաբար, «Ժառանգությունում» համարում են, որ ավելի լավ է իրենք այդ հանձնաժողովներում ընդհանրապես ներկայացված չլինեն, քան իրենց ներկայացնի Խաչատուր Քոքոբելյանը:

Իսկ դուրս գալով «Ժառանգությունից»՝ Քոքոբելյանը՝ որպես անկախ պատգամավոր, կարող է անդամակցել ցանկացած երեք հանձնաժողովների: Քանի որ նա «Ժառանգություն» խմբակցության համամասնական ցուցակում երկրորդ համարն էր, դուրս գալով խմբակցությունից՝ կարող է վայր չդնել պատգամավորական մանդատը: Ինչ վերաբերում է Ալեքսանդր Արզումանյանին, ապա նա ԱԺ երկու՝ Մարդու իրավունքների և Արտաքին հարաբերությունների հանձնաժողովների անդամ է: Նա չի կարող դուրս գալ «Ժառանգություն» խմբակցությունից, քանի որ այդ դեպքում պետք է վայր դնի պատգամավորական մանդատը: «Ժառանգություն» խմբակցության անդամները դիմել են ԱԺ ղեկավարությանը՝ Արզումանյանին հանձնաժողովներից հետ կանչելու համար: Բայց դա տեղի չի ունեցել: Ալեքսանդր Արզումանյանն Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահն է, իսկ հանձնաժողովի նախագահի կամ փոխնախագահի հետկանչի մեխանիզմ ԱԺ կանոնակարգ-օրենքը չի նախատեսում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս