Պարույր Հայրիկյան. «Նոր ընտրությունները ես բացառում եմ, որովհետև դա արդեն դավադրություն է, որի նախաձեռնությունը ո՛չ իմն է, ո՛չ մեր ժողովրդինը» (տեսանյութ)

168.am-ի հարցազրույցը Ինքնորոշում միավորում կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի հետ:

– Պարոն Հայրիկյան, քաղաքական դաշտը սպասում է Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ Ձեր որոշմանը: Ունե՞ք արդեն հստակ որոշում:  

– Դեռ երեկ երեկոյան ես հստակ որոշել էի, որ Սահմանադրական դատարան (ՍԴ) չեմ դիմելու, և այդ մասին պետք է հայտարարեի: Բայց պարզվեց, որ կան խնդիրներ, որոնց մասին պետք է մտածել: Գործընկեր մյուս թեկնածուներից ինձ ասում են, որ իրենք էլ իրավունք ունեն դիմելու նույն հարցով, և, որ, եթե ես չդիմեմ ՍԴ՝ իրենք կդիմեն: Վստահության արժանի մասնագետներ ևս, ոչ միայն Հայաստանից, ինձ հորդորեցին, որ խորը մտածեմ այն մասին, թե արդյո՞ք կարելի է ժողովրդավարացման համար նախատեսված ժամանակացույցը պահել այն դեպքում, երբ ընթացքում տեղի է ունենում ահաբեկչական ակտ, և դա հիմնավորել ժողովրդավարությանը հավատարիմ մնալու տրամաբանությամբ: Կարծում եմ, որ,  անշուշտ, ահաբեկչություն և ժողովրդավարություն հասկացություններն անհամատեղելի են: Հիմա մենք լուրջ հետազոտություն ենք կազմակերպել՝ պարզելու, թե արդյո՞ք այն գործընթացը, որը կար մինչև այս ահաբեկչությունը, պահպանվո՞ւմ է, թե՞ խաթարվել է: Եթե խաթարվել է, մենք պետք է արձանագրենք նախնական զրոյական վիճակը ստեղծելու մասին:

Իսկ նոր ընտրությունները ես բացառում եմ, որովհետև դա արդեն դավադրություն է, որի նախաձեռնությունը ո՛չ իմն է, ո՛չ մեր ժողովրդինը: Ենթադրում եմ, որ դա արդեն չար ուժերի նախաձեռնությունն է՝ ինչ-որ կերպ իրավիճակը փոխելու նպատակով: Որովհետև շատ հարցեր են բացվում դրանից հետո: Առայժմ այդ մասին ես չեմ խոսում: Եթե մենք խոսենք նոր ընտրությունների մասին, սպառվում է նախագահի պաշտոնավարման ժամկետը, վերջինիս լիազորություններն անցնում են Ազգային ժողովի նախագահին, առաջ են գալիս նոր թեկնածուներ: Չէ, նոր թեկնածուներին ես դեմ չեմ, բայց եթե դավադիրի պես սպասել են մի տեռորի, որ դրանից հետո մեջտեղ գան՝ դա ազնիվ չէ: Առայժմ՝ այսքանը, չենք խորանա:

– Պարոն Հայրիկյան, երբ ասացիք, որ, եթե Դուք չդիմեք  ՍԴ, մեկ այլ թեկնածու կդիմի, նկատի ունեիք Անդրիաս Ղուկասյանի՞ն, ով կոչ էր արել Ձեզ՝ դիմել ՍԴ նոր ընտրություններ նշանակելու պահանջով՝ դրանով իսկ ստեղծելով հնարավորություն՝ դուրս գալ հացադուլից:

– Ոչ: Նրա մասին չէ խոսքը: Ես մամուլից եմ լսել, որ նա ինձ նման կոչ է արել: Իմ ջերմ ողջույներն եմ ուղարկում նրան մամուլով: Ինչ վերաբերում է այն թեկնածուին, ով ինձ դիմել է այս հարցով, անունը չեմ ուզում տալ, որովհետև իր հետ չեմ պայմանավորվել:

– Մտավախություն չունե՞ք, որ հարձակումը կարող է նորից կրկնվել:

– Ես իրավունք չունեմ մտածել, որ միջադեպը չի կրկնվի: Որովհետև նրանք, ովքեր ուզում էին ինձ վերացնել, ըստ էության, իմ ծրագրերին, մոտեցումներին են դեմ: Թե չէ, ես՝ որպես մարդ, ո՞ւմ եմ պետք: Ես իրավունք չունեմ ասելու, որ չեմ վախենում: Ասել, որ վտանգ չկա՝ դա կլինի մանկամտություն: Նույնը և զգում են իրավապահ մարմինները, ովքեր էլ փորձում են ինձ հիմա ապահովել:

Տեսանյութեր

Լրահոս