Թուրքիան միակ երկիրն է, որը 50 տարի սպասում է ԵՄ-ին անդամակցելուն. Էրդողան

Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը մեկնել է Չեխիա: Օդանավակայանում լրագրողների հետ զրույցում Էրդողանն անդրադարձել է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը՝ ընդգծելով, որ մոտ ժամանակներս մեկնելու է Բրյուսել.

«Թուրքիան միակ երկիրն է, որը 50 տարի սպասում է ԵՄ-ին անդամակցելուն: Եկել է ժամանակը, որպեսզի ԵՄ-ը որոշում ընդունի Թուրքիայի անդամակցության վերաբերյալ: Մի՞թե 50 տարվա սպասումներից հետո չի եկել այդ պահը: Չկան այլ երկրներ, որոնք ԵՄ-ին անդամակցելու համար սպսած լինեն 30, 40 կամ 50 տարի:

Դա հնարավոր դարձավ միայն Թուրքիայի պարագայում: Եթե ցանկանում եք, ընդունեք, եթե չեք ցանկանում, ապա անկեղծ արտահայտվեք այդ մասին: Բրյուսելում ես բաց եմ խոսելու»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Էրդողանը հայտարարել էր, որ ԵՄ-ին անդամակցելու սպասումներից հոգնած Թուրքիան կարող է անդամակցել Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ):

Ի դեպ, Թուրքիան միավորված Եվրոպայի, այն ժամանակ Եվրոպական տնտեսական ընկերակցության (ԵՏԸ) դռներն առաջին անգամ սկսել է թակել դեռևս 1959 թվականի հուլիսի 31-ին: Այդ ժամանակ Անկարան Բրյուսելից իրազեկվեց, որ Հունաստանը դիմում է ներկայացրել ԵՏԸ-ին անդամակցելու համար: Թուրքիայում անմիջապես գտան, որ Հունաստանին պետք չէ միայնակ թողնել եվրոպական ընտանիքում, քանի որ նա սկսելու է վարելու հակաթուրքական քաղաքականություն:

Թուրքիան նույնպես ներկայացրեց այդպիսի դիմում, ինչի կապակցությամբ թուրք հանրահայտ լրագրող ու վերլուծաբան, արդեն իսկ հանգուցյալ Մեհմեթ Ալի Բիրանդը հայտարարել է, որ այն ժամանակվա Թուրքիայի վարչապետ Ադնան Մենդերեսն անգամ չի պատկերացրել իր սկսած գործի մասշտաբը:

Թուրքիային ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակ շնորհվել է 1999 թվականի դեկտեմբերի 10-ին Հելսինկիում տեղի ունեցած ԵԽ-ի գագաթնաժողովում: 2004 թվականի դեկտեմբերին Բրյուսելում անցկացված ԵԽ համաժողովում միաձայն որոշվեց Թուրքիայի հետ բանակցություններ սկսել 2005 թվականի հոկտեմբերի 3-ին:

Այդ օրը ԵՄ անդամ երկրները Լյուքսեմբուրգում երկարատև քննարկումներից հետո ընդունեցին Թուրքիայի հետ բանակցություններ սկսելու որոշում: Այդ ժամանակ Թուրքիայի արտաքին գործերի նախարար (ներկայումս Թուրքիայի 11-րդ նախագահ) Աբդուլլահ Գյուլը հայտարարեց, որ Թուրքիան հասցրեց նստել մեկնող գնացքը։

Տեսանյութեր

Լրահոս