Ընթացքից շեղումներ և դիրքերի հերթափոխություն
Դամասկոսի դեմ իսրայելյան օդուժի կատարած սահմանափակ գործողությունը Սիրիայի հարցի զարգացման նոր հունավորում տվեց: Ռուսական, թուրքական, ընդհանրապես արևմտյան երկրների և որոշ չափով իրանյան համեմատաբար աշխույժ ներգրավվածության դիմաց Թել Ավիվի երևութական կրավորականությունը դուրս եկավ իր վիճակից: Մինչ սիրիական պաշտոնական աղբյուրները շարունակում էին հայտարարել, որ հարված է հասցվել գիտահետազոտական կենտրոնին, Թել Ավիվը հայտնում էր, որ հարվածել է Դամասկոսից Լիբանան տեղափոխվող զինամթերքին:
Թիրախի այս հակասական մեկնաբանությունը մի պահ կարող է երկրորդական թվալ: Ի վերջո, իսրայելյան օդուժը բռնաբարել է Սիրիայի օդային տարածքը, դիմել է զինվորական գործողության և հարվածել սիրիական տարածքին:
Թեև Սիրիայի ընդդիմադիր շրջանակներն իրենց վրա վերցրեցին օդային հարձակման պատասխանատվությունը, սակայն Դամասկոսի ամբաստանած կողմը պարզ էր: Դամասկոսը հայտարարում էր, որ ընդունակ է համարժեք պատասխան տալու Թել Ավիվին:
Մինչ այս բոլորը, Թել Ավիւի համեմատական կրավորականությունը քաղաքական որոշ բացատրություն ուներ. ներսիրիական պատերազմը չպետք է տեղափոխվեր արաբ-իսրայելյան պատերազմի հարթություն. ավելի ճիշտ՝ պետք է շարունակվեր միջսիրիական բախումներով երկիրը քանդելու և մաշման առաջնորդելու զարգացման ընթացքը: Այժմ, Թել Ավիվն ի՛նքն էր շեղում այս ընթացքը:
Վերադառնանք ընթացքից կատարված այս շեղման պատճառականությանը. մտաբերենք, որ Դամասկոսին նեցուկ կանգնելու ուղղությամբ ռուս-իրանական դիրքափոխումների երևույթը մտածել էր տալիս երկու պետությունների առնչվածության առաջին գծերը գրավելու հերթափոխության մասին: Ճգնաժամի սկիզբը պաշտոնական Թեհրանն իր բանբերի միջոցով հայտնում էր, որ Սիրիայի դեմ պարտադրված պատերազմի նպատակը Ռուսաստան-Իրան-Սիրիա դիմադրության առանցքի քանդումն է: Ապա, Իրանը զորակցության իր առաջնակարգ դիրքը երևութապես զիջում էր Մոսկվային:
Թվում է, որ այժմ հերթափոխություն է արվել այս առումով: Չմոռանանք, որ Իրանի մատնանշած դիմադրությունը ձգվում է մինչև Լիբանան և այս դեպքում այդ առանցքային դիմադրությունը հիմնական սպառնալիք է Սիրիայի դեմ զինվորական գործողություն իրականացրած Իսրայելին: Թել Ավիվը պարզորոշ հայտարարում էր, որ հարվածել է Սիրիայից Լիբանան տեղափոխվող զինամաթերքին:
Զինվորական գործողությամբ թատերաբեմում հայտնված Իսրայելի դիմաց Դամասկոսի նկատմամբ հայտնված զորակցության երկրորդ դիրքից առաջին դիրք կգար Թեհրանը, որը Դամասկոսին կոչ էր անում համարժեք պատասխան տալու պատահարին:
Ավելի՛ն. Իրանի արտգործնախարարը զգուշացնում էր միջազգային ընտանիքին զինվորական միջամտություն կատարելուց Սիրիայում՝ անկանխատեսելի համարելով նման միջամտության հետևանքները: Ուղերձը պարզ էր. Իրան չէր կարող ձեռնածալ մնալ առանցքային դիմադրությունը քանդելու միտված զինվորական ծրագրերի իրականացման փորձերի դիմաց:
Թել Ավիվի գործողության դիմաց Թեհրանն առաջին դիրք էր գրավել, իսկ Մոսկվան` երկրորդ կարգի դիրքերից իր արտգործնախարարի ճամփով խոսում էր Սիրիայի ընդդիմադրության հետ պարբերական հանդիպումներ և բանակցություններ ունենալու հնարավորություններին մասին:
Այս ամենում Անկարայի սկզբնական լռությունը մտածելու տեղիք է տալիս: Հակաիսրայելյան բեմականացումներ ցուցադրելով արաբական ընկալելիություն ապահովող Անկարան Թել Ավիվի ներգրավվածության զարգացման դեպքում, դիրքորոշվելու նեղ ընտրանքների առջև կարող է կանգնել: Հավանաբար, այս պատճառով էլ Թուրքիայի արտգործնախարարն այս բոլոր թոհուբոհում նախընտրել է խոսել մարդասիրական թեմայի մասին և կենտրոնացել՝ Թուրքիա ապաստանած բազմաթիվ սիրիացի փախստականների հարցի վրա, ավելացնելով, որ Թուրքիան մեծ գումարներ է ծախսում մարդասիրական նպատակների համար: Նկատելի ուշացումով Թուրքիայի վարչապետը դատապարտեց Իսրայելի հարձակումը՝ ասելով, որ Թել Ավիվի հիմնավորումը պատրվակ է նման գործողություն իրականացնելու համար:
Սիրիայի հարցը ընդհանրապես կարող է շատ թանկ արժենալ Թուրքիային. ոչ միայն գումարային իմաստով:
Շահան Գանտահարյան
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր