«ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն նույնքան պատասխանատու են էս տխուր վիճակի համար, ինչքան իշխանությունը, որ հաջողացրեց էդ երեքին մեկուսացնել»

Հարցազրույց գրող, սցենարիստ   Վահրամ Մարտիրոսյանի հետ

– Օրեր առաջ առաջ Տավուշի Մովսես գյուղում ՀՀ գործող նախագահ, նախագահի թեկնածուի՝ գյուղացի պապիկին ուղղված խոսքերը,  դրան նախորդած քարոզչական հանդիպման ժամանակ ՀՀԿ-ական կնոջ՝«Չեբուրաշկայի» ելույթը,  ակտիվորեն քննարկվում էին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։ Այսինքն՝ ստացվում է, որ Սերժ Սարգսյանը հակաքարոզչություն է անում ինքն իր դե՞մ։

– Հարցի մեջ պատասխանն արդեն կա։ Թեկնածուներ կան, որոնք չպետք է խոսեն։ Ինչքան քիչ խոսեն, էնքան իրենց օգուտն է։ Մյուս կողմից՝ Մովսեսի գյուղի դեպքը ցույց է տալիս իշխանավորների մտայնությունը, թե ժողովուրդն է մեղավոր։ Ես ունեմ դրա պատասխանը. «գնացեք արժանի ժողովուրդ գտեք ձեզ համար»։ Պատահում է, երևի, որ երկրի ղեկավարը, քաղաքական կամ տնտեսական հանճարն իրեն արժանի ժողովուրդ չունի, դե գնա -ուրիշ տեղերում ման արի՝ պահող չկա… Բայց թե հակառակ վիճակն է, որ ժողովուրդն է գնում։ Իսկ իրենք մեղադրում են ժողովրդին, թե ինչո՞ւ են գնում։ Դա ցույց է տալիս, թե ինչքան մեծ անջրպետ կա իրենց ու ժողովրդի միջև, թե համակարգային արատների բերումով իրենք ինչքան են կտրվել իրականությունից։

Տիգրան Սարգսյանն ասել էր, թե ժողովուրդը ծույլ է։ Իսկ Սերժ Սարգսյանը, թե՝ ժողովուրդը չի ցանկանում 150.000 դրամով աշխատել։ Երևանը Հայաստանի մեկ երրորդ մասն է,  իսկ մնացած 2/3-ում դա լուրջ գումար է։ Սերժ Սարգսյանը թող  ուսուցիչներին, բժիշկներին հարցնի էդ մասին, թե չե՞ն ուզենա 150.000 դրամ ստանան։ Էդ մարդիկ տասնյակ հազար են, և վիրավորել իրենց՝ ասելով, թե 150.000-ը Հայաստանում էսօր փող չէª ցույց է տալիս, որ ողջամիտ ընդդիմախոս չունի իր շրջապատում, որ վերահսկեն, թույլ չտան էդպիսի արտահայտություններ անել։

Կարդացեք նաև

Ժամանակին փորձում էի քաղաքական գործիչներին ներշնչել մի միտք, որ նախագահը Հայաստանում կառավարի մեկ ժամկետով։ Եթե ընտրվում է մեկ ժամկետով, աշխատում է էնպես, որ բարի հիշեն իրեն,  իր հետևից թողնի լավ գործեր, լավ հետք, որպեսզի 5 տարի անց նորից իրեն ուրախությամբ ուզենան տեսնել էդ պաշտոնում։ Իսկ քանի որ հիմա երկրորդ անգամ անընդմեջ կարող է ընտրվել, առաջին ժամկետի 5 տարին օգտագործում է,  որ վերընտրվի։ Կորցնում է երկրի շահի գիտակցությունը, կապն մարդկանց հետ, շրջապատվում է շողոքորթներով, ովքեր իրեն ներկայացնում են էն իրականությունը, որն ինքն ուզում է տեսնել։  Ու 2-րդ ժամկետի ժամանակ ինքը սկսում է սովետական գեշ դիրեկտորների նման դիտողություն անել աջուձախ, մարդկանց վրա խոսել, մուննաթ գալ՝ մոռանալով, որ բոլորը չէ, որ իր ենթականերն են, որ ամեն մեկն ունի ազատ արտահայտվելու իրավունք։ Ի վերջո, կարելի էր առնվազն ավելի բարեկիրթ պատասխանել տարեց գյուղացուն։

– Իսկ Սերժ Սարգսյանի նման պահվածքը ենթադրո՞ւմ է, որ նա իրեն մրցակից-թեկնածու չի տեսնում։

–  Հարցն էն է, թե Սերժ Սարգսյանը տեսնո՞ւմ է մեկին, որը եթե նույնիսկ ստանա  60-70 % ձայն, կարող է դառնալ նախագահ։ Այ, էդպիսի մարդ Սերժ Սարգսյանը չի տեսնում։ ՙԳելլափի՚ արած հարցումներն էլ արդեն արժանահավատ չեն ինձ համար, մանավանդ՝ օրերս իմացա, որ ԱՄՆ կառավարությունը դատի է տվել էդ կազմակերպությանը կասկածելի գործարքների համար։  Բայց նույնիսկ էդ հարցումներով Րաֆֆի Հովհաննիսյանը, ի տարբերություն խորհրդարանական ընտրությունների, ունի 10% ձայն, Հրանտ Բագրատյանն ու Պարույր Հայրիկյանը՝ 4-5-ական %, այսինքն՝ կարելի է ասել, որ քարոզարշավն իրենց կողմնակիցներ, տոկոսներ է բերել։ Սերժ Սարգսյանի մուննաթն էլ ստվարացնում է իր դեմ տրամադրվածների զանգվածը։ Մինչև ընտրությունները դեռ 20 օր կա, և դա քիչ ժամկետ չէ։ Խնդիրն էն է, թե ՙայլընտրանքային՚ թեկնածուներն ունե՞ն ակտիվ, ըմբոստ քաղաքացիների ռեսուրս, որը կկարողանա պաշտպանել քվեարկության արդյունքները։ Սերժ Սարգսյանը հավատացած է, որ էդ ուժը չկա։

– Այսօր հաճախ լսելի են «ընտրությունները մրցակցային չեն» արտահայտությունը։ Համամի՞տ եք այս կարծիքին։

– Համամիտ չեմ։ Ես անտանելի լավատես եմ, այսինքն՝ եթե 1% շանս կա, ապա հնարավոր է 1%-ը  դարձնել  90%։  Ընտրությունները սկսվեցին շատ վատ մեկնարկային պայմաններով՝ «այլընտրանքային» թեկնածուների համար։ Այսինքն՝ հասունացնում էին մի թեկնածուի՝ Գագիկ Ծառուկյանին, որը թվում էր, թե  լուրջ հնարավորություններ ուներ, բայց չդրեց իր թեկնածությունը, իսկ երեք խորհրդարանական ընդդիմադիր կամ էդպիսին ներկայացող ուժերը՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն ու  ՀՅԴ-ն, խաղից թռան։ Դա քաղաքական առումով նոնսենս է։ Թե ի՞նչ ինտրիգի, ո՞ր կոմբինացիայի արդյունքում դա եղավ, հիմա քննարկելու բան չէ, բայց կարծում եմ՝ էդ 3 ուժերը նույնքան պատասխանատու են էս տխուր վիճակի համար, ինչքան իշխանությունը, որ հաջողացրեց էդ երեքին մեկուսացնել։ Այսինքն՝միացյալ ջանքերով մեկնարկային շատ վատ պայմաններ են ստեղծվել, ասենք, էնպիսի թեկնածուի համար, ինչպիսին Հրանտ Բագրատյանն է, ով վերջին 5 տարին պայքարել է ՀԱԿ-ի հետ միասին։ Նույնը վերաբերում է  մյուս կշիռ ունեցող թեկնածուներին՝ Պարույր Հայրիկյանին ու Րաֆֆի Հովհաննիսյանին։

– Այդ դեպքում ինչո՞ւ ՀԱԿ-ը հայտարարեց, որ չի սատարելու նրան։

– Չգիտեմ, ես ՀԱԿ-ի  ընդդիմադիր պայքարը ողջունել եմ, բայց ամենօրյա շփում չեմ  ունեցել ՀԱԿ-ի առաջնորդների հետ, հիմա էլ չունեմ՝ բավականաչափ տեղեկացված չեմ։ Ուղղակի երկու տարում, որ Լևոն Տեր-Պետրոսյանը խոսել է Եղիազար Այնթապցու մասին, երկխոսության գնացել իշխանության հետ, ԲՀԿ-ին կոչել հայաստանածին ուժ ու առանձնացրել իշխանական ճամբարից, ես հրապակայնորեն հայտարարել եմ, որ շեղում եմ տեսնում ընդդիմադիր պայքարից։ Ես կուզեի, որ սխալված լինեմ, որ երաշխիքներ լինեին, որոնք «խաղն», ի վերջո,  արդյունքի կհանգեցնեին, այսինքն,  իշխանափոխություն կամ գոնե մասնակի  իշխանափոխություն լիներ, բայց դա տեղի չունեցավ։ Ասենք, Խորհրդարանում ընդդիմությունը ներկայացված լիներ էնքան, որ կարողանար վերահսկել, սանձել իշխող կուսակցությանը, առանցքային պաշտոններում նշանակել տար պարկեշտ մարդկանց, բարեփոխումներ անցկացներ։ Բայց արդյունքը նույնիսկ զրո չէ, այլ բացասական է, մինուսային։

– Իսկ  ի՞նչ տարբերություններ կառանձնացնեք 2008թ. նախագահական ընտրությունների համեմատ։

– 2008թ. Հայաստանում չէի։ ճիշտ է, ինտերնետով հետևում էի կամ զանգում էի իմ ընկերներին, բայց դա նույնը չէ, ինչ տեղում լինելը, կենդանի լիցքեր ստանալը և ռեֆլեքսիա անել։ Էդ պատճառով ինձ համար դժվար է համեմատել։

– Իսկ հավանական համարո՞ւմ եք, որ ընդդիմադիր թեկնածուները հանդես գան մեկ միասնական թեկնածուով։

– Չեմ բացառում։ Մի բան  ինձ համար պարզ է, որ 3 թեկնածուներն էլ անվստահ են։ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ լայն ժպտում է, բոլորի հետ ողջագուրվում, բայց  վերցրել է ՙՀնարավոր է՚ կարգախոսը։ Շատ թեական է,  նախկին կարգախոսով մտադիր էր սարեր շարժել։ Պարույր Հայրիկյանի ելույթներում  ևս անինքնավստահություն  եմ զգում։ Նույնը վերաբերում է Հրանտ Բագրատյանին. լավ վերլուծություններ է անում, բայց ընտրազանգվածին ոգեշնչող պաթոս չեմ տեսնում… Նրանցից որևէ մեկը մի ամիս առաջ դեռ չէր մտածում, որ կարող է լուրջ դերակատարում ունենալ էս ընտրություններում։ Բայց եթե օր օրի տեսնեն, որ իրենց համակիրների թիվը բազմապատկվում է, կարող են հավատալ հաղթանակին ու հակվել միասնական թեկնածուի գաղափարին՝ համաձայնեցնեն իրենց գործողությունները՝ համախմբվելով մի ծրագրի շուրջ։

– Եվ ո՞վ կլինի այդ թեկնածուն։

– Չեմ ուզում գուշակել։ Նախորդ հարցազրույցում ես առաջարկել էի Պարույր Հայրիկյանի թեկնածությունը, որպես ընդդիմության համակարգող, «գրավառու»։ Էն ժամանակ ոմանք ծաղրում էին, ասում էին՝ հա, Գագիկ Ծառուկյանը,  Լևոն Տեր-Պետրոսյանն  իրենց թեկնածությունից կհրաժարվե՜ն, իրենց ձայները կտան Պարույր Հայրիկյանին։ Իսկ հիմա որտե՞ղ են իրենց ձայները, ո՞ւմ են ծառայում։  Հայրիկյանին ես պայմանական էի ասում. էս պահին 3 խոշոր թեկնածուների վարկանիշերն իրար շատ մոտ են։ Դժվարանում եմ ասել՝ ով ում պետք է զիջի։

– Իսկ  հասարակության անտարբերությունը որտեղի՞ց է բխում։

– Մենք էդ հասարակության մասն ենք, ու մեզ դնենք մեր կողքի մարդկանց վիճակում։ ԲՀԿ-ն ստացել էր մի քանի հարյուր հազար ձայն, իսկ իր ընտրազանգվածը մնացել է առանց թեկնածուի, ՀԱԿ-ը հարյուր-հազարավոր մարդկանց էր հավաքում հանրահավաքների, Դաշնակցությունն էլ իր բավական կայուն ընտրազանգվածն ունի։ Եթե այդ ուժերի պատգամավորության մանդատները գումարենք իրար, ապա 40%-ից ավելի ձայն ունեն խորհրդարանում։ Հիմա էդ ուժերը դուրս են եկել խաղից։ Մարդը ռոբոտ չէ, որ ծրագիրը փոխես, մարտկոցը փոխես, ու վաղվանից ուրիշ քաղաքական համակրանք ունենա ու գնա ոգևորված ուրիշին ընտրի։ Ընդհանրապես հայերը հակված են տխրության, դժբախտության, որը, երևի, պայմանավորված է պատմական ճակատագրով, դրան գումարվել է էս վիճակը։

– Մարդիկ հուսախաբվե՞լ են։

– Մարդիկ հուսախաբվել են, կոտրված են։ Անհատ քաղաքացիները մենակ մնացին էս համակարգի հետ, որն իրենց շան տեղ չի դնում, ունի ոստիկանություն, որ ամեն վայրկյան կարող է դուրս գալ իրենց դեմ, անվտանգության ծառայություն և վարչական անսահման լծակներ. ամեն մեկը կարող է զրկվել աշխատատեղից՝ իր քաղաքացիական դիրքորոշման պատճառով։ Մարդիկ իսկապես մեղք են։ Ի՞նչ են տալիս իրենց՝ հեռուստատեսությունների շիրայոտ կեղծիքը, վատորակ մշակույթը՝ ռաբիս երգերից մինչև սերիալներ։  Դե, պահանջի, թե՝ ակտիվ եղեք, եկեք հաղթեք։ Ո՞նց հաղթեն։ Մարդկանց մեջ կա վիրավորվածություն,  վճռականություն։ Խնդիրն էն է, թե ո՞ւմ կհաջողվի, էն էլ՝ արագ, մոբիլիզացնել, նպատակաուղղել էդ էներգիան։

– Դուք նշեցիք, որ մարդիկ մեղք են։ Իսկ մյուս կողմից՝ երկրի ղեկավարը մեղադրում է գյուղացուն՝ ասելով. ՙՏենց եք մտածում, որ խիյարը թարս ա բուսնում՚։ Այսինքն՝ բավական մեծ կոնտրաստ կա իշխանության մտածելակերպի և իրականության միջև։

– Երկու ընտրությունների արանքում Հայաստանում աղքատների թիվը 10%-ով ավելացել է։ Եթե առաջ ես դուրս էի գալիս փողոց, և ինձ հանդիպած 4 հոգուց մեկն էր աղքատ, հիմա՝ 3-ից մեկն է աղքատ։ Մի հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը խոսելով չունևոր երեխաների մասին՝ ասել է, որ ՙիրենք էլ են մեր երեխաները՚։ Ուզում եմ, որ ուշադրություն դարձնեք այդ էլ-ի վրա։  Էս երկիրը էդ 35% աղքատների երկիրն է, որոնց բարեկրցություն է պարտք իշխանությունը։ Էդ իշխանավորներն են, որ իրենք էլ են էս երկրի քաղաքացի, և, ցավոք, իրենց է վերապահված աղքատների մասին հոգալու խնդիրը։ Եվ այդ տարեց մարդուն ասել, որ դու ես մեղավոր, որ երեխաները գնում են երկրից, դրա համար շատ (չեմ ուզում կոպիտ բառեր օգտագործել) մեծ ցինիզմ է պետք։

– Իշխանության վերընտրվելու դեպքում ի՞նչ ապագա եք պատկերացնում Հայաստանում։

– Չեմ պատկերացնում։  Չեմ ուզում պատկերացնել, որովհետև դեռ 20 օր կա։ Հիմա, իհարկե, շատ մարդիկ կլինեն, որ կասեն՝ միամիտ ես, պատրանքներ ունես, բայց ես գերադասում եմ պատրանքներ ունենալ, քան հանձնվել սև հուսահատությանը։ Երբ արդյունքները հայտնի դառնան, էդ ժամանակ կպատկերացնեմ ապագան։

– Հռետորական հարց, որ ուղղում եմ գրեթե բոլոր զրուցակիցներիս. ինչպիսի՞ն կլինի փետրվարի 19-ի առավոտը։ Ի՞նչ է հուշում Ձեր անտանելի լավատեսությունը։

– Ինձ հուշում է, որ կարող է քվեարկության էնպիսի արդյունք լինի, որ ոչ մի ձևով հնարավոր չլինի կեղծել։ Էդ ժամանակ ազնիվ քաղաքացիները, լրագրողները, հանրային դեմքերը, հասարակությունը կկարողանան ազդեցություն ունենալ իրադարձությունների զարգացման վրա, կմիավորվեն, որ երկրի համար ստեղծեն ապագա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս