Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի ռուսական և արևմտյան հետքերը

Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն իր դեմ իրականացված մահափորձի ամբողջ պատասխանատվությունը գցեց Ռուսական հատուկ ծառայությունների վրա, շեշտելով, որ նկատի ունի ոչ ներկա, այլ նախկին Ռուսաստանի գաղտնի ծառայություններին, որոնք մշտապես հետապնդել են իրեն: Պետք է նկատի ունենալ, որ Հայրիկյանն իզուր է այդքան թերագնահատում ռուսական գաղտնի ծառայություններին, համարելով, որ նրանց կողմից ուղարկված մարդասպանը կարող էր այնքան ոչ պրոֆեսիոնալ լինել, որ չկարողանար իր նպատակին հասնել 25-30 սանտիմետր հեռավորությունից: Հիշեցնենք, որ ռուսական քրեական աշխարհի ներկայացուցիչների կողմից վարձված մարդասպանը Դեդ Հասանին սպանեց ավելի քան 150 մետր հեռավորությունից: Հայրիկյանից բացի, հնարավոր պատվիրատուների փնտրտուքով են զբաղված նաև արևմտյան և ռուսական փորձագետներն ու վերլուծաբանները:

ԱՄՆ-ում գործող Heritage հիմնադրամի առաջատար փորձագետ Արիել Կոենն իր վերլուծական հոդվածում ակնարկում է, որ այս մահափորձը կարող է ձեռնտու լինել Հայաստանի իշխանությանը, որը սրանով փորձում է ցույց տալ, թե ինչ կարող է լինել այն ընդդիմադիրների հետ, որոնք կփորձեն ընտրություններից հետո հանրահավաքներ կազմակերպել և հետընտրական պրոցեսներ նախաձեռնել: Կոենը համարում է, որ եթե երեք թեկնածուները՝ Հայրիկյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը և Հրանտ Բագրատյանը միավորվեն, ապա դա կարող է կասկածի տակ դնել նախագահ Սերժ Սարգսյանի անվերապահ համարվող հաղթանակի հավանականությունը, և, չգիտես ինչո՞ւ, համարում է, որ այդ միավորման առանցքը կարող էր լինել հենց Պարույր Հայրիկյանը:
Ի  պատասխան Հայրիկյանի մեղադրանքների՝ ռուսական մամուլը, ընդհակառակը, մեղադրանքներ է ներկայացնում Արևմուտքին՝ պատճառաբանելով, որ Ռուսաստանը չէր կարող շահագրգռված լինել իրավիճակի սրմամբ: Նախ՝ ռուսական բոլոր լրատվամիջոցները հիշեցնում են, որ սա Հայրիկյանի չորրորդ փորձն էր՝ ընտրվել նախագահ, և, որ նա 1991, 1998 և 2003թթ. արդեն եղել է նախագահի թեկնածու և աննշան աջակցություն է ունեցել ընտրողների շրջանում: Հայրիկյանը որոշ դեպքերում ներկայացվում է՝ որպես տեխնիկական թեկնածու:
«Ռեգնում» լրատվական գործակալության մեկնաբան Վիկտոր Յակուբյանը գրում է, որ «Բարգավաճ Հայաստանի»  կողմից նախագահական ընտրություններում սեփական թեկնածու չառաջադրելուց հետ Սերժ Սարգսյանը ռուսական իշխանության համար մնացել էր՝ որպես միակ անայլընտրանք թեկնածուն, և որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում այն, որ Ռուսաստանը պետք է նման կերպ խանգարեր Սարգսյանի ընտրությանը:

Յակուբյանը համարում է, որ նախագահ Սերժ Սարգսյանի երեք հիմնական մրցակից թեկնածուները՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը և Պարույր Հայրիկյանը, արևմտամետ են: Եվ Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձն արևմտամետ մրցակիցներին հնարավորություն է տալու լուծել երկու կարևոր խնդիր:
Առաջինը՝ պասիվ ընտրազանգվածին տաքացնելն է, ցույց տալով, որ եթե թեկնածուներից մեկի նկատմամբ մահափորձ է իրականացվում, նշանակում է, որ դեռ ամեն ինչ չէ, որ կորած է: Երկրորդը՝ ընտրությունները հետաձգելու միջոցով քարոզարշավ իրականացնելու համար լրացուցիչ ժամանակ ստանալն է, քանի որ ժամանակն աշխատում է Սերժ Սարգսյանի դեմ:
«Ռեգնումի» մեկնաբանը առանձնացնում է Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի հինգ հնարավոր հետևանք.

1. Ընտրությունները կհետաձգվեն:

2. Դա ձեռնտու է ում ասես, բացի իշխանության թեկնածուից՝ գործող նախագահ Սերժ Սարգսյանից:

3. Արևմուտքն իր թեկնածուներին, հատկապես՝ Րաֆֆի Հովհաննիսյանին լրատվամիջոցներով քարոզելու և ներկայացնելու ժամանակ ստացավ, միաժամանակ, ԶԼՄ-ների միջոցով՝ հասարակությանը ռուսական հետքը բացահայտելու հնարավորություն:

4. Արևմուտքը Հայաստանի նախագահական ընտրությունները, անկախ դրանց արդյունքից, քննադատելու հնարավորություն ստացավ:

5. Ռուսաստանը եղել և մնում է ակտիվ խաղի դիտորդ և կարող է մի նոր մեծ անակնկալ ստանալ Հարավային Կովկասում՝ ի դեմս նոր «գործընկերոջ»՝ Րաֆֆի Հովհաննիսյանի, ով չի խոսում ռուսերեն և կողմնորոշված է դեպի Արևմուտք:

Յակուբյանը հավանական է համարում, որ Հովհաննիսյանը կարող է հավակնել ոչ միայն նախագահի, այլ հնարավոր է՝ նաև վարչապետի պաշտոնին:

Լուսանկարը՝ News.am

Տեսանյութեր

Լրահոս