Բաժիններ՝

«Մեր պետությունը միայն ներկայացնում է Մասիս սար, տանձ-խնձոր ու տրեխ. եկեք կոպեկները շարենք ճակատներիս ու ման գանք»

Ասում է աբստրակտ նկարիչ Վահան Ռումելյանը

Աբստրակցիոնիստ Վահան Ռումելյանի մեջ ապրող արվեստագետը և քաղաքացին առհասարակ որևէ սպասելիք չունեն առաջիկա նախագահական ընտրություններից, քանի որ դրանից ոչինչ չի փոխվում։ Միայն մարդիկ են փոխվում։ Ընդհանրապես որևէ երկրի հասարակության մեջ անհատականություններն են որևէ բան փոխում, արժեքներ ձևավորում, բայց քանի որ Հայաստանում անհատականություններին միայն «ջարդում» են, հետևաբար՝ երկրում տիրող միջավայրն  էլ ավելի է դեգրադացվելու։ «Իսկ ո՞ւմ է հետաքրքիր, թե, ասենք, Վահան Ռումելյանն այսօր ներկ ու կտավ ունի՞, որ նկարի… իրենց դա պետք չէ։ Որևէ պետական պաշտոնյա գիտի՞, թե ովքե՞ր են, օրինակ, Վիգեն Թադևոսյանը կամ Կամո Նիգարյանը, Վահան Ռումելյանը… իհա°րկե չգիտեն, բայց օտար պետություններում իմ մատնանշած հայ հեղինակներին արժևորում են»,- ասում է նկարիչը, ում 50-ամյակը կնշվի փետրվարի 2-ին՝ ընկերական միջավայրում, և, բնականաբար, ոչ Մշակույթի նախարարության կամ որևէ այլ կառույցի կազմակերպած միջոցառումներով։ Ասում է, երբ հետադարձ հայացք է գցում, հասկանում է, որ իր կյանքում ոչինչ չէր փոխի, ամեն մի օրն ու ժամը կապրեր նույն կերպ, ինչպես ապրել է՝ խենթ ու խելառ, առանց հաշվարկների ու հեռանկարային ճարպկությունների. «Ես իմ ապրած ոչ մի օրը չէի փոխի»։ Մենք շնորհավորում ենք աբստրակցիոնիստ Վ. Ռումելյանին, ով մեր միջավայրում այն եզակի կերպարներից է, ով իր էությամբ, իր ներկայությամբ՝ արդեն ստեղծում է արտառոց, դրական էներգետիկ դաշտ։ Նա կարողանում է իր շուրջ հավաքել մարդկանց ու ամեն օրը տոնի վերածել։ Վ. Ռումելյանը ճիշտ իր նկարների նման է՝ կատաղի, խանդավառող, համարձակ ու էմոցիոնալ։ Նրա ստեղծագործությունները կրակի նման են՝ բոցավառում են իրենց շրջապատող առարկաները, մարդկանց ու աշխարհը։ Ճիշտ այնպես, ինչպես լուսաբացի թարմ լույսից զարթնում է ողջ մոլորակը։

– Օրինակ, եթե հետ գնամ՝ կարող եմ հիշել, որ Լևոն Տեր-Պետրոսյանը գալիս էր ցուցահանդեսներին, հետաքրքրվում էր… Ամեն մի երկրի նախագահ, սովորաբար, խոսում է իր երկրի մշակույթից, քանի որ դա նաև իր հեղինակությունն է բարձրացնում։ Գնում են ավանգարդ նկարիչների ցուցահանդեսներին, հարցեր են տալիս հեղինակներին, կարծիք են հայտնում, իսկ մեր պատգամավորներից ո՞վ է հետաքրքրված ավանգարդ արվեստով։ Սարսափելի է, երբ ամեն ինչը փողի է վերածվում։ Ուզում եմ հարցնել՝ այ, հայ ազգ, ուրիշ խոսակցություն չկա՞։ Ժողովրդին ցածրացնում եք, մարդկանց ուղեղները ճարպակալում են, զրկվում են ճկուն ուղեղ ունենալու հնարավորությունից, ախր որքա՞ն կարելի է փողի մասին խոսել։ Արվեստագետներից շատերն էլ՝ նկար ծախեցի՞ր, չծախեցի՞ր… նույն հարցն են քննարկում։ Ախր էս մտածողությունը քանդում է արվեստագետին։ Եթե հիմա նստեմ փողի մասին մտածեմª չեմ կարող ստեղծագործել։ Փողն իր հետ նաև անհանգստություն է բերում, որովհետև սկսում ես մտածել՝ ո՞նց, որտե՞ղ ծախսես։ Փողը մարդուն ինքնավստահություն է տալիս, կենցաղային հարցեր ես լուծում, ներկ ու կտավ ես գնում, բայց փողին գերի դառնալ չի կարելի։ Ինձ համար ահավոր բան է փողամոլությունը։

– Վահան, ընկերներդ հերթով հեռանում են Հայաստանից։ Արտագաղթի հետ մեկտեղ՝ մենք դեպի օտարություն ենք ճանապարհում մեր մտավոր, ստեղծագործ ներուժը։ Մեր արվեստագետները դառնում են օտար պետություններին «պրոդուկտ» տվողը, հարստացնողը, իսկ մեր մշակութային դաշտում միջակությունն ու աղբն ընկալվում է՝ որպես արվեստ։ Ինչո՞ւ է այդպես։

– 2012 թվականին 200.000 ընտանիք լքել է Հայաստանը։ Արվեստագետները գնում են ու դրա մասին պետք է Մշակույթի նախարարությունը մտածի, բայց ո՞րն է այդ գերատեսչության դերակատարումը։

227221_206860756020472_806758_n

– Միջոցառումներ, հրավառություններ անելը։

– Իսկ սեփական երկրի արվեստագետներին աջակցելը, ծրագրերում ներառելն ու ինչ-որ չափով նրանց ծրագրերը հովանավորելը նախարարության գործառույթը չէ՞։ Կամª արվեստագետների գործունեությունը դրսում ցուցադրվում է միայն ծանոթությանª խնամիական, քեռիական հարաբերությունների, «շուստրիության» արդյունքում։ Այսինքնª արվեստագետը թույլ է, բայց եթե ծանոթ է, բարիդրացիական հարաբերությունների մեջ է Մշակույթի նախարարության պաշտոնյաների հետ, ուրեմն՝ նախարարությունը դրսում կցուցադրի։ Դրսի հարուստ կոլեկցիոներներն ինձ հարցնում են՝ Հայաստանում 4-5 նկարչից՝ Սարյանից, Այվազովսկուց, Մինասից ու Քոչարից բացի, ուրիշ արվեստագետ գոյություն չունի՞։ Դրսում ուզում են տեսնել նրանցից հետո եկող երիտասարդ սերնդին, բայց ինֆորմացիա չունեն, չի ներկայացվում։ Այսօր Հայաստանի արվեստագետը որքան մենակ է, այնքան էլ աշխարհի հետ է՝ իր անձնական կապերի շնորհիվ, այլ ոչ թե պետության շնորհիվ։ Պետությունը միայն ներկայացնում է Մասիս սար, տանձ ու խնձոր, տրեխ։ Ուրեմն, եկեք կոպեկները շարենք ճակատներիս ու ման գանք։ Ես չեմ ուզում դա, որովհետև ես ժամանակակից մարդ եմ, ուզում եմ աշխարհի հետ համաքայլ գնալ։ Մարդու միտքը մեկ վայրկյանում թռչում է մոլորակ ու իջնում է ներքև։ Մարդու մտքից արագ շարժվող ոչինչ չկա։ Մեր երկրում արվեստագետն անընդհատ իր ներսից լույսը վառում է, բայց պետք է սնվի ինչ-որ տեղից, իսկ որտեղի՞ց լիցքավորվի։ Դրսի պատկերասրահներում հերթեր են գոյանում նկար նայելու համար։ Մեզ մոտ նկար չեն նայում, այլ նայում են, թե ո՞վ՝ քանի՞ հարյուր հազարանոց ջիփ է քշում։

227221_206860759353805_3517161_n 227221_206860762687138_3824606_n

– Որպեսզի չբարկանաս՝ արի խոսենք արվեստից։ Պատահո՞ւմ է, որ կտավներիդ հետ խոսես։

– Ոչ միայն կտավներիս հետ, այլև՝ իմ արվեստանոցում գտնվող բոլոր առարկաների հետ ես շփվում եմ։ Իմ արվեստանոցն իմ դաշտը, միջավայրն է, որտեղ ես թագավոր եմ, բոլորն ինձ են ենթարկվում։ Երբ դրսից մարդ է գալիս ու փորձում է հետաքրքրության համար փոքրիկ վրձինը վերցնել, ուսումնասիրել՝ ես հակադարձում եմ։ Մարդու հպումն իմ իրերին ենթագիտակցորեն ուրիշի էներգիա է փոխանցում։ Իմ արվեստանոցում առկա բոլոր իրերի, վրձինների մեջ իմ «դուխն» ու էներգիան է։ Իմ ասածի մեջ ոչ մի արհեստական բան չկա, ես շատ լուրջ եմ վերաբերվում այդ ամենին։ Ինչ վերաբերվում է խոսելուն, ապա նկարներս են ինձ հետ խոսում։ Ես իրենց ստեղծողն եմ։ Ռուսերեն էսպիսի բնորոշում կա՝ «Божественный художник»։ Նկարչին, արվեստագետին համեմատում են Աստծո հետ, որովհետև արվեստագետն  իր ստեղծագործությունների ստեղծողը, ծնունդ տվողը, արարիչն է։ Նկարը ստեղծելու ընթացքում ամեն մի գծի, գույնի հետ գալիս է երկխոսությունը։ Ստեղծագործությունը շշմելու բան է։ Մինչև նկարելը պատկերացնում ես, թե ինչպես պիտի նկարես, բայց հաճախ ստեղծագործությունն ինքն է քեզ թելադրում՝ ուր գնաս։ Նկարելուց հետո շատ դեպքերում զարմանք ես ապրում, թե ո՞նց ես արել կամ արդյոք դո՞ւ ես արել։ Հարմոնիկ կառավարում է. ինքը՝ քեզ, իսկ դու՝  իրեն։ Կան նկարիչներ, ովքեր մեծ կախվածություն ունեն իրենց նկարներից։ Ինձ համար ակտուալ է այն տեսակետը, որ ամեն մի նկար իր կյանքով է ապրում. մեկը պետք է հայտնվի աղբամանում, մյուսըª հարուստ կոլեկցիոների մոտ, այսինքն՝ ճիշտ այնպես, ինչպես մարդկային ճակատագրերն են։ Արվեստի գործն ունի իր ճակատագիրը, որն ինձնից կախված չէ։ Ինչպես մարդու կյանքն, այնպես էլ՝ նկարի կյանքը կարող է լինել կարճ կամ շատ երկար։ Հեղինակը չի կարող նկարի կյանքը տնօրինել, քանի որ նա միայն ստեղծողն է։

227221_206860769353804_6568581_n 28328_121201471253068_554796_n 215895_200750046631543_316505_n

– Ո՞ր դեպքում է, երբ նկարիչը չի կարողանում նկարել։

– Շատ խանգարող հանգամանքներ կարող են լինել, սկսած՝ կենցաղային պայմաններից, ավարտած՝ քաղաքական հարցերից, կամ, երբ վրդովվում ես անարդարությունից։ Այդ նյարդային իրավիճակներում ես աշխատում եմ չնկարել, քանի որ գիտեմ՝ չի ստացվի կամ բացասական էներգիա կմտնի ստեղծագործության մեջ։ Մինչև անգամ մարդիկ՝ դիտողը կնեղսրտի նկարի սրտաճմլիկությունից։ Ի վերջո, քաղաքացին, արվեստագետը, շարքային մարդը, այս բոլոր մարդկային կարգավիճակներն իմ մեջ են, որոնցից ամեն մեկն իր հույզերն ունի։ Նկարելուց ես վերանում եմ, չեմ զգում կենցաղային, քաղաքական ու շատ հարցեր։ Հայտնվում եմ տիեզերական մի կետում, որտեղ պետք է ծնվի արվեստի ստեղծագործությունը։ Այդ պահին իմ էգոն, իմ եսը վերանում են, ես ընդհանրապես վերանում եմ, որովհետև ձուլվում եմ արվեստի գործիս հետ։ Ես չքանում եմ, արվեստի ստեղծագործությունը ծնվում, վերջանում է, ու ես հայտնվում եմ. Եվ առաջին դիտողը ես եմ։ Երբ անձը վերանում է՝ իր ինքնարտահայտումը շատ ուժեղ է լինում։

– Ինքը ստեղծվում է՝ դու հայտնվում ես, բա հետո ի՞նչ է լինում։ Շփվո՞ւմ եք իրար հետ։

– Շփումը միշտ է լինում։ Ինձ մոտ հատուկ օրեր կան, որոնք ես նախատեսել եմ իմ ստեղծագործությունները նայելու համար։ Նկարը ստեղծելուց հետո նայում ես՝ մի բան ես տեսնում, իսկ որոշ ժամանակ անց՝ այլ բան։ Ամեն անգամ նայելիս՝ մի ուրիշ բան եմ տեսնում ու բացահայտում։ Արվեստի ստեղծագործությունը դիտողի համար ամեն անգամ մի նոր բան պիտի բացահայտի։ Նկարը երբեք չի սպառվում, որովհետև ամեն մի ստեղծագործություն շարունակությունն է մեկ այլ ստեղծագործության։  Տեղի է ունենում զարգացում և որքան զարգացումը տեղի է ունենում, այնքան արվեստի խնդիրները բարդանում են։

– Ինքդ քո հանդեպ խի՞ստ ես վերաբերվում։ Պատահո՞ւմ է, որ ինքնաքննադատությունից ընկճվում ես։

– Շատ խիստ եմ վերաբերվում իմ արածին, բայց դա ինձ չի ընկճում, այլ՝ օգնում է։ Ընկճվում եմ անտարբերությունից, նրանից, որ քո սեփական երկրում արվեստագետը գոյություն չունի։ Արվեստագետը գնահատված չէ։ Հիմա այդպես է, կարծեմ՝ միշտ է այդպես եղել Հայաստանում, մասնավորապես, աբստրակտ արտիստների պարագայում։ Հիմա ուրիշ տեսակ արվեստ է պրոպագանդվում՝ նեղ, ազգային։ Այ, դա հուսահատեցնող է։ Աշխարհում աբստրակտ արվեստը բարձր ընկալում ունի՝ Արշիլ Գորկին, Մալևիչը, Կանդինսկին, Իվ Կլայնը։ Մալևիչի, Կանդինսկու տրակտատները կարդում ես՝ մազերդ բիզ-բիզ են կանգնում, փշաքաղվում ես, որովհետև այնքան նուրբ շերտերի, նուրբ երևույթների մասին են խոսում, որ ապշում ես։ Աբստրակտ արվեստի մասին խոսելն առհասարակ շատ բարդ է։ Օրինակ՝ սև գույնի մասին ո՞վ կարող է ավելին խոսել, քան Սուլաժն է խոսել։

– Ինչո՞ւ հայ մարդը չի ցանկանում աբստրակտ արվեստի փիլիսոփայությունն ընկալել, որովհետև բա՞րդ է, վախենո՞ւմ է, չունի՞ այդ համարձակությունը։ Մինչև կտավի վրա տանձ-խնձոր կամ յաթաղան չի լինում՝ չեն գնում ցուցահանդես։

– Պատկերացումն է այլ, այսինքն՝ մեզ մոտ կա մտածողություն, որ կտավի մեջ առարկա պիտի լինի։ Մինչդեռ մենք գործ ունենք անառարկայական արվեստի հետ, մարդկային հոգևոր դաշտի հետ։ Լինելով ոչ առարկայական՝ աբստրակցիան հոգեբանական, հոգևոր, տիեզերական, փիլիսոփայական մի տարածք է, որն ընդգրկում է արվեստի բոլոր ուղղությունները։ Երբ հայ մարդուն ասում ես՝ նկար, ինքը պատկերացնում է, որ նկարում ծառ, Մասիս սար կամ մի պատկեր պետք է լինի։ Շատ մեծ նկարիչներ կան, որոնց նկարչությունն առարկայական դաշտում է, բայց նրանց խնդիրն ուրիշ է, իսկ աբստրակտ արվեստի խնդիրը հոգևոր, տիեզերական հարցադրումների  մեջ է։ Հայաստանում աբստրակտ արվեստի մասին սխալ պատկերացում կա, և անհրաժեշտ է մանկապարտեզից, դպրոցից երեխային կրթել։ Աբստակտ արվեստի մասին առհասարակ չի խոսվում, որովհետև ինչպե՞ս կարող են խոսել, երբ իրենք գիտակ չեն։ Երբ մարդը մի բանից չի հասկանում, բնականաբար, վախենում է։ Երբ մտնում ես մութ քարանձավ, հայտնվում է վախի գործակիցը, իսկ երբ քարանձավը մոմի լույսով լուսավորում ես, շուրջդ տեսանելի է դառնում՝ վախը վերանում է։ Պետք է մարդկանց լուսավորել, քանի որ գիտակցությունը մարդուն լուսավորում է։

– Դու շատ ակտիվ նկարում ես, բայց մշտապես ցուցահանդես անելու մասին հարցերին ի պատասխան՝ ասում ես՝ ո՞ւմ համար անեմ։ Արդյոք նման մոտեցմամբ իրավունք ունե՞ս հասարակությունից ուշադրություն պահանջել։

– Իմ գործերը ցուցադրվում են Մոնակոյում, Լաս Վեգասում, Չինաստանում, Բեյրութում, որտեղ մարդիկ հիանում են, հարցնում են, թե հեղինակը ո՞ր երկրից է, ինչո՞ւ չենք ճանաչում։ Ասում են՝ Հայաստանից է, իսկ նրանք հարցնում են՝ Հայաստանը որտե՞ղ է, Աֆրիկայո՞ւմ է։ Իմ երկրում իմ արածը չի գնահատվում, իսկ օտարը… գնահատում-տեսնում է։ Իմ ժողովրդին իմ արածը պետք չէ, հասկանո՞ւմ եք, սա աբսուրդ է։ Միայն իմ մասին չէ խոսքը, բոլոր արվեստագետների մասին է։ 1989թ.-ից, դեռևս «Երրորդ հարկից» սկսած՝ միշտ ցուցահանդեսների եմ մասնակցել, բայց վերջին մի քանի տարիներին չեմ անում, որովհետև դա ոչ մեկին պետք չէ։ Ցուցահանդեսներին գալիս էին իմ ընկերները, որոնք այսօր գալիս են արվեստանոցում գործերս նայելու։ Պետական որևէ կառույց՝ Մշակույթի նախարարությունը, «զրո» հետաքրքրություն է ցուցաբերում այս ամենի հանդեպ, և դու քեզ ավելորդ մարդ ես զգում քո հայրենիքում։ Իմ բոլոր նկարիչ ընկերները հեռանում են Հայաստանից, որովհետև դրսում մարդիկ կան, ովքեր տեսնում են իրենց արածը։ Այստեղ որևէ պաշտոնյայի չես տեսնի որևէ ցուցահանդեսում։ Ես միտումնավոր իմ բոլոր գործերն ուղարկում եմ դուրս, չեմ ուզում այստեղ մնան։ Այստեղի արվեստագետներին բանի տեղ չեն դնում, բայց դրսից մի թույլ արվեստագետ գալիս է թե չէ՝ միանգամից բարձրացնում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս