Եթե Երևանում ուժեղ երկրաշարժ լինի՝ ծանր հետևանքներ կլինեն
Ասում է ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայության տնօրեն, Երկրաբանական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանը:
– Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ներկա սեյսմիկ վիճակը:
– Գոյություն ունի ֆոնային վիճակ, որին մոտ է գտնվում Հայաստանը, այսինքն` ամբողջ տարածքի սեյսմիկությունը ոչ շատ ակտիվ է, ոչ էլ շատ պասիվ, նույնիսկ փոքր-ինչ թույլ երկրաշարժերի դեֆիցիտ կա:
– Իսկ Հայաստանի հատկապես ո՞ր շրջաններն են գտնվում սեյսմիկ անկայուն գոտում: Սյունիքում դեռևս ամռանը թույլ երկրաշարժեր էին գրանցվել, ինչը, ըստ մասնագետների, Պարսկաստանի Թավրիզ քաղաքի հարևանությամբ տեղի ունեցած երկրաշարժի հետցնցումների հետևանքով էր:
– Մենք ունենք երկրաշարժի տրադիցիոն օջախային գոտիներ, որոնք համարյա ողջ տարվա ընթացքում իրենց զգացնել են տալիս: Առաջինը Ջավախքի թույլ երկրաշարժերի բարձր հաճախականությամբ գոտին է: Ամբողջ Կովկասում Ջավախքը յուրահատուկ է, որտեղ բազմաթիվ թույլ երկրաշարժեր են լինում, և երկրորդ այդպիսի օջախային գոտի չկա: Իսկ դրա յուրահատկությունը պայմանավորված է երկրակեղևի վերին շերտի կառուցվածքով: Ջավախքում մշտապես լինում են թույլ ցնցումներ՝ մինչև 4, 5, 6 բալ ուժգնությամբ: Այսօր դեռևս չի մարել Սպիտակի երկրաշարժի օջախային գոտին: Սպիտակի երկրաշարժից անցել է 25 տարի, բայց հետցնցումները դեռ շարունակվում են: Սպիտակի երկրաշարժից հետո մինչ օրս գրանցվել է 14.000 հետցնցում: Ճիշտ է, հիմա այդ օջախի ուժն ու հաճախությունը մարել է, սակայն հետցնցումների ակտիվությունը դեռ չի մարել և դանդաղ գնում է դեպի մարում: Դա երկար տևող պրոցես է: Լինում է ցրված սեյսմիկություն, այսինքն` ամբողջ հանրապետության տարածքում հայտնվում են թույլ երկրաշարժեր: Անցյալ տարի թույլ երկրաշարժեր եղան Երևանի շրջակայքում` Փարաքարի, Գառնիի, Մասիսի շրջանում, և այլն: Թույլ սեյսմիկություն կա նաև Մարտունու շրջակայքում: Իսկ Զանգեզուրում տարօրինակ կերպով չկան երկրաշարժեր, այսինքն` ցնցումների քանակը քիչ է, և էներգետիկայի դեֆիցիտ կա: Իսկ այն, ինչ եղավ Թավրիզի մոտ, կապ չունի Զանգեզուրի տեկտոնական կառուցվածքի հետ: Երկար ժամանակ մեզ համար անհանգստացնող էր այն, որ Զանգեզուրը, որը բարձր սեյսմիկություն ունի, գտնվում է անդորրի գոտում:
– Իսկ առաջիկայում մեծ ուժգնությամբ երկրաշարժ կանխատեսվո՞ւմ է:
– Մեզ համար ամենավտանգավորը Երևանին վնաս տվող օջախներն են, որովհետև, դժբախտաբար, բնակչության 40%-ը կուտակվել է Երևանում, որտեղ բազմաբնակարան շենքերի վիճակը վատ է: Դա է պատճառը, որ ասում եմ` ավելի վտանգավոր են Երևանին մոտ գտնվող օջախները` եթե ուժեղ լինի, ծանր հետևանքներ կունենա: Իսկ ամենաապահովներից մեկը Սպիտակի երկրաշարժի գոտին է, որովհետև այնտեղ ինչ քանդվելու էր`քանդվեց, իսկ նորակառույց շենքերն էլ բարձր սեյսմիկ կայունություն ունեն: Մենք չենք գուշակում երկրաշարժը, մենք կանխատեսում ենք անում` ելնելով դիտարկումների տվյալներից: Այսօրվա դրությամբ՝ ամբողջ Հայաստանի տարածքի համար անհանգստացնող նշաններ չունենք, բայց դա չի նշանակում, թե ուժեղ երկրաշարժ կարող է չլինել, որովհետև կան երկրաշարժեր, որոնք ակնհայտ նշաններ չունեն: 1988թ. Սպիտակի երկրաշարժն ուներ շատ ակնհայտ նշաններ: Այդ ժամանակ չկար միասնական տվյալների հավաքման կենտրոն, իսկ հիմա `փառք Աստծո, ունենք:
– Պարոն Նազարեթյան, ամիսներ առաջ Քաղաքաշինության նախարարությունը ձեռնարկել էր երկրաշարժի ուժգնությունը նվազեցնող բարձիկների տեղադրում բազմաբնակարանային շենքերում: Որքանո՞վ է արդյունավետ այդ քայլը: Կարո՞ղ են բոլոր շենքերին ապահովել այդ բարձիկներով:
– Այդ բարձիկները կոչվում են սեյսմամեկուսիչներ կամ ռեզինամետաղական բարձիկներ, որոնց կիրառումը բարձր արդյունավետություն ունի: Բայց ճիշտ եք, ամեն շենքի վրա չի կարելի տեղադրել: Պետք է հաշվի առնել շենքի տեխնիկական վիճակը, ապա մտածել` արժե՞ տեղադրել այդ բարձիկները: Ավելի խելացի կլիներ, որ շենքը կառուցելիս անմիջապես տեղադրեն այդ բարձիկները, որոնց կիրառմամբ նվազում է արտաքին սեյսմիկ ազդեցությունը: Այդ բարձիկներն ուժեղ երկրաշարժից հետո շարքից ՙդուրս՚ են գալիս կամ շահագործման ժամկետն անցնելուց հետո` մոտավորապես 25 տարի, բարձիկների ռեզինն իր հատկությունը կորցնում է:
– Իսկ այսօր քաղաքաշինության ոլորտում ուշադրություն դարձնո՞ւմ են տվյալ տեղի սեյսմիկ վիճակին:
– Հայաստանում այդ գործընթացը, բարեբախտաբար, կանոնակարգված է, այսինքն` եթե օրենքի տառը պահպանենք, շենքերը կունենան բարձր սեյսմակայունություն: Բայց, դժբախտաբար, այդ օրենքը խախտվում է: Նախագծերն անցնում են պարտադիր փորձաքննություն, որտեղ հետևում են տեղի ինժեներաերկրաբանական պայմաններին, թե շենքն ի՞նչ գլուխների վրա է կառուցվում, ի՞նչ սեյսմիկություն ունի, և այլն: Իսկ այստեղ կարևոր է շինարարության որակի հսկումը, որտեղ մենք խնդիրներ ունենք: Անկախ շինարարից, պետք է լինի շենքի շինարարության որակը հսկող մարդ, ով պետք է լինի շինարարի ընդդիմախոսը` հետևելով, որ նախագծի տառը պահպանվի: Շենքերի շահագործման ժամանակ մեզ մոտ մեծ բացթողում կա: Այստեղ գրանցվում են մի շարք խախտումներ: Երբ Գյումրիում ուսումնասիրեցինք 1988թ. երկրաշարժի ժամանակ փլուզված բնակելի շենքերը, տեսանք, որ շենքերի 10%-ը փլուզվել է բնակիչների մեղքով: Նրանք քանդել էին, շենքի հիմքերի տակը բացել էին, կապիտալ պատերն էին քանդել և այլն: Այս նույն անվերահսկելի պրոցեսը տիրում է ամբողջ Հայաստանում, հատկապես, բազմաբնակարանային շենքերում, որտեղ այդ պրոցեսը հանգեցնում է շենքի սեյսմակայունության նվազեցմանը, և, հետևաբար, երկրաշարժի ժամանակ շենքը կարող է չդիմանալ: Շենքի նախագծային լուրջ թերություններ գրեթե չեն լինում, լուրջ բացթողումները լինում են առաջինը` ինժեներաերկրաբանական պայմանները ոչ ճիշտ հաշվի առնելուց, երկրորդը՝ որակի հսկողության խնդիրը`շինարարական տեխնոլոգիաների, շինանյութերի ստանդարտների ապահովում, և երրորդը՝ ամենալուր բացթողումը շենքերի շահագործման ժամանակ թույլ տրված սխալներն են: Եթե այս երեք խնդիրները վերացնենք, ապա կունենանք սեյսմակայուն շենք: