Թուրքերը թաքնված վիրուսային հարձակումնե՞ր են իրականացնում հայերի նկատմամբ
Հաքերային հարձակումները հայկական մի շարք կայքերի վրա արդեն շարունակական բնույթ են կրում: Իսկ ապրիլի 24-ին նախորդող ամիսներին և օրերին դրանք ավելի են ակտիվանում: Այսօր՝ հունվարի 31-ին, «Արմատ» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց տեղեկատվության անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ նշելով, որ հայկական կայքերի վրա հիմնական հարձակումներն իրականացնում են ադրբեջանցիներն ու թուրքերը:
Ըստ փորձագետի՝ Խոջալուի դեպքերի հետ կապված՝ ավելի շատ մեր «հարևանները» կոտրում են կայքերն ու իրենք քարոզչությունն իրականացնում՝ կոտրված կայքերի վրա գրելով իրենց ցանկացած տեքստը, որն ակներև է, սակայն, այդ ամենից բացի, նրանք նաև վիրուսային հարձակումներ են իրականացնում, որոնք այդքան էլ ակներև չեն:
«Ադրբեջանի կողմից անմիջական վիրուսային հարձակումներ մի քանի անգամ եղել են վերջին 5-6 տարվա ընթացքում, դրանք հիմնականում ուղղորդված են ինչ-որ մարդկանցից տեղեկատվություն կորզելու համար: Ենթադրաբար՝ նրանք այդ վիրուսներն իրենք չեն պատրաստում, այլ գնում են»,- ասաց Ս. Մարտիրոսյանը՝ նշելով, որ նման սև շուկա կա՝ Ռուսաստանում, Չինաստանում, որտեղ կարող եք մի քանի հազար դոլարով վիրուս պատվիրել:
Ըստ փորձագետի, եթե հաքերային հարձակման ժամանակ պատվիրատուն իր մասին հայտնում է և կոտրված կայքում որևէ հաղորդագրություն է թողնում, ապա վիրուսը պատվիրողը գերադասում է, որ չերևա:
Ս. Մարտիրոսյանի խոսքով՝ համակարգչային վիրուսները գրվում են հիմնականում նրա համար, որպեսզի մարդկանցից տեղեկատվություն կորզեն՝ սկսած գաղտնաբառերից կամ ինչ-որ փաստաթղթերից, վերջացրած բանկային տվյալների ձեռքբերում կամ զանգվածային քանակով համակարգիչներ վարակելուն ուղղված: Այդ վարակված համակարգիչները հետագայում կարող են հակերային հարձակումների ժամանակ կիրառել, և կրկին դրա դիմաց հաքերները կարող են փող աշխատել: Կա նաև մեկ այլ հնարավոր տարբերակ, երբ պետական շպիոնաժն է աշխատում, որը սկսում է շատ մեծ թափ առնել:
«Վերջին մեկ կամ կես տարվա ընթացքում մենք ականատես դարձանք մի շարք լուրջ հարձակումների տարբեր երկրների վրա, առաջիններից մեկն Իրանի վրա հարձակումներն էին վիրուսի միջոցով, որը, ըստ տարբեր տվյալների՝ բերեց նրան, որ Իրանի, Ուրանի հարստացման ծրագիրը մոտ 1-1.5 տարով հետաձգվեց այդ վիրուսի պատճառով»,- ասաց Ս. Մարտիրոսյանը:
Կիբեռհարձակումների և վիրուսների մասին խոսելիս՝ փորձագետն առանձնացրեց նաև վերջին շրջանում լայն տարածում գտած մի վիրուս, որը շատերը հակահայկական են համարում:
Իսկ խոսքն այն մասին է, որ երբ մարդիկ Facebook-ում տեսնում են, որ իրենց tag են արել, այդտեղից, ըստ փորձագետի՝ սկսվում է նրանց նոր կենսագրական փուլը: «Արդյունքում՝ հղումը բացելիս իրենց անունից սկսում է ուրիշներին տարածվել նույն բովանդակությունը, ու վարակված օգտատիրոջ անունից լայքեր ավելացնել թուրքական էջերին»,- ասաց Ս. Մարտիրոսյանը՝ նշելով, որ մեծ հավանականություն կա, որ վիրուսը նաև տեղեկություն է գողանում մարդուց:
Ս. Մարտիրոսյանի խոսքով՝ շատերի կարծիքով՝ այդ վիրուսի ծրագիրը թուրքերն են իրականացնում հայերի դեմ: Փորձագետը նշեց նաև, որ հաքերային խմբերի կողմից վարակներ տարածելը բավականին մեծ բիզնես է: