Ի՞նչ արժե ամուսնալուծությունը Հայաստանում

Ամուսնությունը կարող է լուծվել ինչպես քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում, այնպես էլ դատական կարգով:
ՔԿԱԳ տարածքային բաժնում ամուսնությունը կարող է լուծվել այն դեպքում, երբ կողմերը համաձայն են ամուսնությունը նման եղանակով լուծել և համատեղ դիմում են ներկայացրել ՔԿԱԳ տ/բ:

Ամուսիններն իրավասու են նաև փոխադարձ համաձայնությամբ ամուսնությունը լուծել դատական կարգով, սակայն պրակտիկայում առավել հաճախ դատական կարգով լուծվում են այն ամուսնությունները, երբ կողմերից մեկը դեմ է ամուսնալուծությանը կամ ուղղակի խուսափում է ներկայանալ ՔԿԱԳ տ/բ:

Նշենք, որ օրենքը նախատեսում է նաև բացառություններ` հնարավորություն տալով ամուսիններից մեկին միայն իր դիմումի հիման վրա ամուսնությունը ՔԿԱԳ տարածքային բաժնում լուծելու:

Եվ այսպես, ամուսիններից մեկի դիմումի հիման վրա ամուսնալուծությունը կատարվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում, եթե մյուս ամուսինը՝
ա) դատարանի կողմից ճանաչվել է անհայտ բացակայող
բ) դատարանի կողմից ճանաչվել է անգործունակ
գ) դատապարտվել է ազատազրկման` երեք տարուց ոչ պակաս ժամկետով

Ի դեպ, ամուսնությունը դատական կարգով լուծելու դեպքում պետք է վճարել պետական տուրք 4000 ՀՀ դրամի չափով, քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում լուծելու դեպքում` 10 000 ՀՀ դրամ:

Աղբյուրը` iravaban.net

Տեսանյութեր

Լրահոս