ՀԱԿ-ում ստիպված են ընտրել կուսակցականի և մարդկայինի միջև
ՀԱԿ տարածքային կազմակերպությունները չեն կատարում կենտրոնի հանձնարարականը` չմասնակցել նախագահական ընտրություններին: Դա ակնհայտ դարձավ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի` Տավուշի մարզ կատարած նախընտրական քարոզարշավի ժամանակ:
Տավուշի մարզի Բերդ քաղաքում Հրանտ Բագրատյանին ՀԱԿ-ից որևէ մեկը չդիմավորեց: Բերդի շարքային բնակիչների մի մասը չգիտեր անգամ, կա՞ ՀԱԿ տարածքային կառույց իրենց քաղաքում, թե՞ ոչ: Բայց պարզվեց, որ կա, համակարգողին էլ գավառապետ են անվանում: «Գավառապետն անցել է հանրապետականների կողմը և աշխատում է նրանց համար»,- հայտարարեց Բերդի բնակիչներից մեկը, երբ մենք հարցրեցինք, թե ինչո՞ւ նա չի մասնակցում Բագրատյանի հանդիպմանը:
Ավելի հետաքրքիր իրավիճակ էր Իջևանում, որտեղ Բագրատյանին դիմավորեց ՀԱԿ Տավուշի մարզային կառույցի ղեկավար Արթուր Աթաբեկյանը: Աթաբեկյանը ռեստորանում բաժակ բարձրացրեց Բագրատյանի հաջողության և հաղթանակի համար: Հետո մասնակցեց նրա նախընտրական հանդիպմանը Աչաջուր գյուղում, որը, ի դեպ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հարազատ գյուղն է: Իջևան քաղաքի շուկայի տարածքում կազմակերպված հանդիպմանը ՀԱԿ մարզային համակարգողը կանգնած էր ՀԱԿ վերնախավի կողմից մերժված Բագրատյանի կողքին, իսկ Աթաբեկյանի որդին բռնել էր բարձրախոսը, որից ելույթ էր ունենում Բագրատյանը:
«Արդյո՞ք դուք չեք խախտում ՀԱԿ որոշումը` չմասնակցել ընտրություններին, որը վերաբերում է նախընտրական քարոզարշավին»,- հարցրեցինք Տավուշի մարզի ՀԱԿ համակարգողին:
«Ես նախ և առաջ` մարդ եմ, հետո` կուսակցական»,- պատասխանեց նա: «Իսկ մտավախություն չունե՞ք, որ կուսակցական հանձնարարականը չկատարելու համար կենթարկվեք կարգապահական տույժի, կամ գուցե ավելի դաժան պատժի` հեռացվեք ՀԱԿ շարքերից»,- հարցրեցինք պարոն Աթաբեկյանին, ինչին նա պատասխանեց շատ կարճ. «Ես այդպես չեմ մտածում»: Նա խուսափեց պատասխանել այլ հարցերի:
Փաստորեն, Աթաբեկյանն ասում է, որ ՀԱԿ-ում ստեղծվել է մի իրավիճակ, որ իրենք պետք է ընտրություն կատարեն կուսակցականի և մարդկայինի միջև, և ինքն ընտրություն է կատարել` հօգուտ մարդկայինի:
Աչաջուրում հանդիպումն ամենաանսովորն էր` մինչ այդ տեղի ունեցածների մեջ: Գյուղամիջում հավաքված գյուղացիները նախ` մի 15 րոպե վախենում էին մոտենալ Հրանտ Բագրատյանին, հետո նրանցից ամենատարեցները, որ, երևի, կորցնելու և հետևաբար` վախենալու ամենաքիչ առիթն ունեին, կամաց-կամաց մոտեցան ու սկսեցին զրուցել Բագրատյանի հետ: Բայց, չնայած դրան, հավաքվածների մի մասը Բագրատյանին գերադասեց տեսնել միայն 20-30 մետր հեռավորության վրա: Այդ տարածության վրա հնարավոր չէր նրան լսել:
Նույնիսկ Բագրատյանի հորդորները, թե` մոտեցեք, ես երաշխավորում եմ, որ ձեզ հետ ոչ մի վատ բան չի լինի, ազդեցին ոչ բոլորի վրա:
2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել էր Տավուշի մարզ և հանդիպումներ ունեցել Տավուշի մարզի մի քանի բնակավայրերում, որոնք անցել էին անհամեմատ բազմամարդ պայմաններում: Ի՞նչն է պատճառը, որ այս անգամ մարդիկ ավելի քիչ են մասնակցում նախընտրական հանդիպումներին:
Իջևանցիներից մեկը բացատրում էր, որ այն ժամանակ մարդիկ հավատում էին, որ Տեր-Պետրոսյանը կարող է հաղթել, և թեկուզ այն ժամանակ էլ էին վախենում իշխանություններից, բայց մտածում էին, որ, եթե Տեր-Պետրոսյանը հաղթի, ապա իշխանությունը չի կարողանա իրենց պատժել: Հիմա իրենք չեն հավատում ոչ միայն Հրանտ Բագրատյանի, այլև որևէ այլ թեկնածուի հաղթանակին, և մարդկանց մեջ նստած է այն համոզմունքը, որ Սերժ Սարգսյանը հաղթելու է: Նույնիսկ այն մարդիկ, որոնց վրա իշխանություններն ազդելու որևէ լծակ չունեն, չեն ցանկանում ավելորդ գլխացավանք ունենալ:
«168 ԺԱՄ»