Րաֆֆի Հովհաննիսյանը դարձել է հիմնական մրցակից

Այսօր TNS opinion-ը ներկայացնում է «Պատկերը Հայաստանում նախագահական ընտրություններից առաջ» հարցման արդյունքները, որոնք բնութագրում են հայաստանցի ընտրողների տրամադրությունները, նախընտրությունները և մտադրությունները նախընտրական պաշտոնական քարոզարշավից անմիջապես առաջ:
TNS opinion-ը այս հարցումն իրականացրել է իր հայկական գործընկերոջ՝ IPSC-ի հետ միասին. 2013 թվականի հունվարի 15-20-ն ընկած ժամանակահատվածում 1.607 դեմառդեմ հարցազրույցներ են անցկացվել բոլոր 10 մարզերում և Երևանի 12 համայնքներում՝ կիրառելով հնարավոր ամենաբարձր չափանիշները եւ որակի լայնածավալ վերահսկում:

Հարցումը պատվիրվել է Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ (ՀԵԲ) կազմակերպության (www.EuFoA.org) կողմից՝ ընտրություններին ընդառաջ փաստերի վրա հիմնված քննարկումներ խրախուսելու համար:

«Հարցումն իրականացվել է ամենաբարձր չափանիշներով, և տվյալներն իրապես շատ վստահելի են: Կարծում եմ՝ առավել զարմացնող արդյունքն այն է, որ հարցվածների 69%-ը արդեն հաստատ որոշել է մասնակցել ընտրություններին:

Սա ոգևորող անակնկալ էր այն դեպքում, երբ խորհրդարանական վեց ուժերից երեքը չառաջադրեցին կամ չաջակցեցին որևէ թեկնածուի: Մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ նշված ուժերի աջակիցներից գրեթե կեսը համարում են, որ դա սխալ որոշում էր, բայց ակնհայտորեն նրանց մեծ մասը, այդուամենայնիվ, լուրջ են վերաբերվում ընտրություններին և պատրաստվում են քվեարկել»,- նշում է TNS opinion Բրյուսելի մեթոդների և վիճակագրության տնօրեն դոկտոր Սթիվ Շվարցերը:

Ի սկզբանե ունենալով բարձր ցուցանիշ՝ գործող նախագահ Սերժ Սարգսյանին, թվում է, օգնեց քաղաքական հակառակորդների չառաջադրվելը, և նա պաշտոնական քարոզարշավը սկսում է 68,6% վավեր քվեներով (վավեր պատասխանները չեն ներառում «Դժվարանում է պատասխանել» և «Հրաժարվում է պատասխանել» տարբերակները, իսկ չմշակված տվյալները ներառում են դրանք՝ կազմելով 44,0%):

Րաֆֆի Հովհաննիսյանը դարձել է հիմնական մրցակից և բազմապատկել իր համակիրների թիվը՝ համեմատած 2012-ի մայիսի խորհրդարանական ընտրությունների հետ: Եթե նախագահական ընտրությունները կայանային անցած շաբաթ, նա կհավաքեր 20,8% վավեր քվե (չմշակված տվյալները՝ 13,3%):

Միևնույն ժամանակ Պարույր Հայրիկյանը 7 Հրանտ Բագրատյանը ստացել են մոտ 5% վավեր քվե յուրաքանչյուրը, ութ թեկնածուներից մյուս չորսը մեծամասամբ անծանոթ են հարցվածներին և բոլորը միասին ստացել են վավեր քվեների 1,5%-ից պակաս (չմշակված տվյալներ՝ 0,9%).
Պատահական ընտրանքի ձևաչափի և դաշտային աշխատանքի մոնիտորինգը, ինչպես նաև որակի վերահսկումը իրականացրել են TNS opinion-ը և «Այ Փի Էս Սի»-ն համատեղ: Հատուկ ուշադրություն է դարձվել որակի վերահսկման չափանիշներին՝ ներառելով հեռախոսային ստուգումներ, զուգայցեր, ինչպես նաև տվյալների բազայի բովանդակային ստուգումներ:

Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ

Տեսանյութեր

Լրահոս