Եթե հասարակությունը կարողանում է ինքնակազմակերպվել, նա կգտնի իր թեկնածուին.փորձագետ
«Երբ խոսվում է այն մասին, թե ոչ դեմոկրատական ռեժիմի շրջանակներում, ոչ դեմոկրատական իշխանությունների կողմից կազմակերպված ընտրություններին ոչ մի կերպ չի կարելի մասնակցել, կարծում եմ, որ որոշակի կասկածանքով պետք է վերաբերվեմ այդ պնդմանը»,-այսօր Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀԿ) փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահական ընտրությունների թեմայով հրավիրված քննարկման ժամանակ ասաց ՌԱՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանը: Փորձագետն իր տեսակետը հիմնավորում է համաշխարհային փորձով, երբ շատ երկրներում, չնայած այն հանգամանքին, որ ընտրությունները կազմակերպել են ավտորիտար իշխանությունները, և ոչ դեմոկրատական, ավտորիտար իշխանության ներկայացուցիչը մասնակցել է այդ ընտրություններին, այնուամենայնիվ, եղել են դեպքեր, երբ ընդդիմությունը հաղթանակել է և կատարել է իշխանափոխություն, որը բերել է համակարգային փոփոխությունների:
«Սակայն այստեղ պետք է նշել մի շատ կարևոր հանգամանք. բոլոր այդ դեպքերում, երբ գրանցվել է նման արդյունք, երկրում ստեղծվել է հեղափոխական իրավիճակ, և ձևավորված է եղել հզոր ընդդիմադիր շարժում ընդդեմ ռեժիմի: Միայն այդ դեպքում է հնարավոր եղել նման արդյունք արձանագրել»:
Էդգար Վարդանյանն առանձնացրեց ևս մի քանի խնդիրներ` կապված ընտրությունների հետ, մասնավորապես անդրադարձավ ընտրությունների` ոչ մրցակցային լինելու տեսակետին:
«Ես չգիտեմ` ո՞վ է առաջինն այդ թեզը առաջ քաշել, բայց այն անընդհատ շրջանառվում է նաև լրագրողների թեթև ձեռքով: Ուզում եմ ասել հետևյալը. ոչ մրցակցային ընտրությունները կախված չեն այս կամ այն թեկնածու ուժեղ կամ թույլ լինելու հանգամանքից: Ոչ մրցակցային ընտրություններ նշանակում է այնպիսի ընտրություններ, որոնց ժամանակ պետությունը հավասար մրցակցային պայմաններ չի ապահովում, երբ թեկնածուները չեն կարողանում հավասարաչափ մրցել մեկը մյուսի հետ: Այն, ինչ ասում են, դրա հետ ոչ մի կապ չունի, որ, օրինակ, եթե լիներ ՀԱԿ-ը կամ ԲՀԿ-ն, այդ դեպքում կլինեին մրցակցային ընտրություններ, բացարձակ կապ չունի»,- ասաց նա,- «Ես չեմ կարծում, որ այլ քաղաքական ուժի ներկայությունը էական ինչ-որ բան կփոխեր այսօրվա քաղաքական մթնոլորտում. եթե հասարակությունը կարողանում է ինքնակազմակերպվել և մտածում է, որ կարող է այս ընտրությունների միջոցով ինչ-որ բան փոխել, նա կգտնի իր թեկնածուին, որովհետև բոլորս հասկանում ենք, որ այս պայմաններում կարևոր է կատարել համակարգափոխություն»:
Էդգար Վարդանյանն անդրադարձավ նաև միջազգային դիտորտական առաքելություննների նկատմամբ ձևավորված որոշակի անվստահության և իշխանությունների կողմից միջազգային գնահատականները սեփական լեգիտիմացմանը ծառայեցնելու հարցին:
«Իսկապես հասարակության մեջ կա որոշակի անվստահություն միջազգային դիտորդական առաքելությունների նկատմամբ, հասարակության լայն շերտեր համոզմունք են հայտնում, որ միջազգային դիտորդական առաքելություննները օբյեկտիվ գնահատականներ չեն տալիս և նպաստում են ոչ արդար ընտրություններով իշխանությունը զավթած մարդկանց լեգիտիմացմանը: Այս հարցն իսկապես շատ բարդ խնդիր է: Ես անձամբ ուսումնասիրել եմ ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի գնահատականները մեր բոլոր ընտրությունների վերաբերյալ և կարող եմ ասել, որ իրականում բավական օբյեկտիվ գնահատականներ են տրված: Որոշակիորեն քաղաքականացված է լինում միայն դիտորդական առաքելության զեկույցի սկզբնամասում առկա նախադասությունը, որն ընդհանուր գնահատական է տալիս ընտրություններին, այն էլ խոսքը գնում է այն զեկույցի մասին, որը հրապարակվում է ընտրությունների հաջորդ օրը: Վերջնական զեկույցներում, որոնք ընտրություններից մի քանի ամիս անց են հրապարակվել, իրականում այդ հարցը նույնիսկ հանված է»,- ասաց Էդգար Վարդանյանը և ավելացրեց, որ սակայն իշխանությունները, միշտ հղում անելով դիտորդական առաքելության զեկույցի այն մասերին, որտեղ կա որոշակի դրական արձագանք ընտրությունների վերաբերյալ, ընդհանրացնում են այդ գնահատականը և ասում են, թե «տեսեք, դիտորդները դրական են գնահատել մեր ընտրությունները»: