Բաժիններ՝

Սաակաշվիլին ԵԽԽՎ ամբիոնից ռուս պատգամավորին խորհուրդ է տվել ակնոց կրել

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երեկ ԵԽԽՎ Ձմեռային նստաշրջանում ունեցած իր ելույթում անդրադարձել է ռուս-վրացական հարաբերություններին: Անգլերենով ու ֆրանսերենով ունեցած իր ելույթում Սաակաշվիլին ԵԽԽՎ ամբիոնից պատմել է 2003 թվականի «Վարդերի հեղափոխությունից» հետո Վրաստանի զարգացման, վերջին շրջանում ռուս-վրացական հարաբերություններում մշակութային փոխանակումների աճի մասին, ինչպես նաև Ռուսաստանին ավանդաբար մեղադրել է Աբխազիայում ու Հարավային Օսիայում ռազմական հզորության ընդլայնման մեջ:

Բացի այդ, նա անդրադարձել է 2012 թվականի հոկտեմբերի 1-ին Վրաստանում տեղի ունեցած խոհրդարանական ընտրություններին՝ ընդգծելով, որ թեև դրանց արդյունքները հիասթափեցրել են իրեն, սակայն հպարտ է, որ իշխանափոխությունն իրականացվեց ընտրությունների միջոցով:

Սաակաշվիլին Ռուսաստանին կոչ է արել հրաժարվել Աբխազիայի ու Հարավային Օսիայի նկատմամբ իր հավակնություններից և նրանց ընտրության ու հնարավոր զարգացման հնարավորություն ընձեռել: Սաակաշվիլին քննադատել է ռուսական դիվանագիտությանը՝ մի շարք երկրների վրա (Տուվալու, Նաուրու) ճնշումներ բանեցնելու համար, որպեսզի նրանք ճանաչեն Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը:

Նա հիշեցրել է, որ Վրաստանը միակողմանիորեն վերացրել է Ռուսաստանի հետ գործող վիզային ռեժիմը, չի խզել նրա հետ իր տնտեսական ու մշակութային կապերը, դեմ հանդես չի եկել Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) Ռուսաստանի անդամակցությանը:

Իր ելույթից հետո պատասխանելով Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Ռոբերտ Շլեգելի հարցին՝ Սաակաշվիլին ասել է, որ նրան ակնոց է անհրաժեշտ՝ Վրաստանի իրական քարտեզը տեսնելու համար. «Ի՞նչ են իրենից ներկայացնում Վրաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները: Դուք ձեր աչքի առջև ունեք մեկ քարտեզ, իսկ ես՝ մեկ այլ քարտեզ: Իմ ողջ հարգանքներով հանդերձ՝ ձեզ ակնոց է անհրաժեշտ՝ Վրաստանի իրական քարտեզը տեսնելու համար: Վրաստանի ոչ մի բնակիչ երբեք ձեզ չի հանձնի Վրաստանի տարածքի մի մասը»:

Իր ելույթում Սաակաշվիլին հիշեցրել է, որ անքուն գիշերներ է անցկացրել՝ հետազոտելու համար եվրոպական իրավունք: Նշվում է, որ երեկվա ելույթը ԵԽԽՎ-ի ամբիոնից թվով 4-րդն էր՝ սկսած 2004 թվականից և վերջինը՝ Վրաստանի նախագահի պաշտոնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս