Ռուսաստանն ամրապնդում է Գյումրու ռազմաբազան. Независимая газета
Ռուսական Независимая газета թերթում հրապարակվել է Վլադիմիր Մուխինի «Ռուսաստանն ամրապնդում է Հայաստանի բազան» խորագրով հոդվածը, որում նշված է. «Ռուսաստանը բարձրացնում է Հարավային Կովկասում իր զորամիավորումների ու դաշնակիցների զինված ուժերի մարտունակությունը: Բացի Աբխազիայում ու Հարավային Օսիայում եղած ռազմաբազաներից, որոնց հետ Ռուսաստանն ունի ընդհանուր սահման, հատուկ ուշադրություն է հատկացվում Հայաստանում գտնվող ռուսական անկլավային խմբավորմանը:
Նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով՝ կառավարությունն արագացված ռեժիմով պայմանագիր է պատրաստում ռազմատեխնիկական համագործակցության մասին: Իսկ Պաշտպանության նախարարությունը մինչև սույն թվականի հունվարի 15-ը իրագործել է Գյումրիում գտնվող Ռուսաստանի 102-րդ ռազմաբազան պայմանագրային զինծառայողներով կոմպլեկտավորելու պլանը:
Կես տարվա ընթացքում նրանց քանակն այնտեղ աճել է կրկնակի: Ընդ որում, բազայի անձնակազմի հաստիքային թվակազմը մնացել է նույնը և կազմում է մոտ 5000 զինծառայող: Փաստացիորեն, Հայաստանում գտնվող բոլոր զորամիավորումներն ու ստորաբաժանումները (և հատկապես ռազմաօդային ուժերը, հակաօդային պաշտպանությունը, հետախուզությունը և այլն) արդեն իսկ կոմպլեկտավորված են արհեստավարժ զինծառայողներով:
Դա զգալիորեն կրճատում է օդային ճանապարհով այնտեղ տարեկան երկու անգամ նորակոչիկների փոխադրման ծախսերը՝ չնայած երևում է, որ դա զորքերի մարտունակության գլխավոր դրդապատճառը չէ: Ռազմական փորձագետները 102-րդ բազայի՝ հապճեպ արհեստավարժ հիմքին անցում կատարելը պայմանավորել են տեղի աշխարհաքաղաքական իրավիճակի կտրուկ փոփոխություններով, որոնք սպառնալիք են ներկայացնում Ռուսաստանին ու նրա դաշնակիցներին:
Այդ սցենարները կապված են Ղարաբաղյան հակամարտության խատճառով Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ռազմական գործողությունների հնարավոր սկսմամբ, ինչպես նաև Իրանի դեմ Իսրայելի հնարավոր ռազմական ակցիաներով: 2012 թվականի սեպտեմբերին Հայաստանում անցկացվեցին ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման կոլեկտիվ ուժերի «Փոխգործակցություն 2012» զորավարժանքները, որոնց նպատակը, Ռուսաստանի պաշտպանության նախարարության վարկածով, կապված է եղել ՀԱՊԿ պայմանական անդամ «Սևանիա» հանրապետության տարածք ապօրինի ներխուժած ոչ կանոնավոր զորամիավորումների հետ մղման անհրաժեշտության հետ:
Ռազմական փորձագետ, գեներալ-լեյտենանտ Յուրի Նետկաչևի խոսքերով՝ Հայաստանի դեմ ագրեսիայի հետ մղման հնարավոր ռազմական գործողություններին ռուսական խմբավորման մասնակցելու հարցը քաղաքական հարց է, սակայն միանշանակ ակնհայտ է այն փաստը, որ ռուսական ռազմաբաան պետք է լինի մարտունակ, այդ թվում նաև խաղաղապահ օպերացիաների անցկացման նկատմամբ:
Որպես իր այս թեզիսի ապացույց՝ գեներալը մեջբերում է այս տարվա հունվարի 15-ին Նախարարների կաբինետի նիստում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը, ով հերթական անգամ հայտարարեց, որ քանի դեռ շարունակվում է Ղարաբաղյան հակամարտությունը, Բաքուն պատրաստ է այլ միջոցներից (դիվանագիտական, տնտեսական) բացի, Երևանի վրա ներգործել նաև ռազմական միջոցներով:
Նետկաչևը կարծում է, որ դրանք դատարկ խոսքեր չեն, քանի որ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի ռազմական բյուջեն կազմում է 3.7 միլիարդ դոլար, ինչը զգալիորեն գերազանցում է Հայաստանի ընդհանուր բյուջեն: Փորձագետը հիշեցնում է, որ վերջին 5 տարիներին Բաքվի ռազմական ծախսերն աճել են ավելի քան 10 անգամ և գերազանցել են երկրի ՀՆԱ-ի 5 տոկոսը, ինչն նաև անուղղակիորեն է վկայում ռազմական գործողությունների նախապատրաստության մասին:
Միևնույն ժամանակ Ռուսաստանը ոչ միայն կատարելագործում է Հայաստանում ունեցած զորամիավորումը, այլև մտադիր է ակտիվացնել ռազմատեխնիկական համագործակցությունը դաշնակից երկրների հետ: Պաշտպանության նախարարությունում մեր աղբյուրները հայտնում են, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև պայմանագրի նախագծով նախատեսվում է ստեղծել համատեղ պաշտպանական ձեռնարկություններ, ինչպես նաև սահմանապահների ու արտակարգ իրավիճակների գծով մասնագետների նախապատրաստման կենտրոններ:
Հայաստանի պաշտպանական արդյունաբերությունը Ռուսաստանի օգնությամբ պետք է սկսի զինամթերքի մի շարք տեսակների, զրահատեխնիկայի արտադրություն, ինչպես նաև ստեղծի տեղական վերանորոգման բազա՝ ոչ միայն ցամաքային, այլև՝ ռազմաօդային ու հակաօդային ուժերի համար: Համապատասխան արձանագրությունը 2012 թվականի փետրվարի 9-ին Երևանում ստորագրել են երկու երկրների անվտանգության խորհրդի քարտուղարներ Արթուր Բաղդասարյանը և Նիկոլայ Պատրուշևը:
Այժմ էլ Հայաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության մասին պայմանագրի կնքումը մոտենում է իր եզրափակիչ փուլին: Աղբյուրների պնդմամբ՝ այն ստորագրվելու է հաջորդ ամսվա սկզբին: Մեկնաբանելով Հայաստանի հետ այդ պայմանագրի ստորագրման հնարավորությունը՝ Ռազմավարության ու տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Ռուսլան Պուխովը հայտարարել է.
«Մինչ վերջերս առաջացել էր տարօրինակ իրավիճակ. մեր դաշնակիցը Հայաստանն էր, իսկ մենք զենք էինք մատակարարում Ադրբեջանին: Այժմ ցանկալի է հավատալ, որ (ռազմատեխնիկական համագործակցության մասին) պայմանագրի օգնությամբ կշտկվի այդ անհավասարակշռությունը: Միշտ չէ, որ Ադրբեջանը բարեկամական քաղաքականություն է վարում Ռուսաստանի նկատմամբ: Մենք գիտենք, որ ադրբեջանցիները հրաժարվեցին երկարաձգել ընդունելի պայմաններում Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի վարձակալությունը, և որ Ռուսաստանը ստիպված եղավ փնտրել այլընտրանք: Ակտիվացնելով Հայաստանի հետ իր հարաբերությունները՝ Ռուսաստանը պաշտպանում է իր շահերը Հարավային Կովկասում»»: