Սերժ Սարգսյանի կախարդանքի գաղտնիքը

Ուղիղ հինգ տարի առաջ` 2008 թվականի այս օրերին, Հայաստանն ապրում էր միանգամայն այլ կյանքով: Դա այլ Հայաստան էր, որի քաղաքացիներն ու քաղաքական դաշտն ամենօրյա, ամենժամյա ռեժիմով մասնակցում էին քաղաքական գործընթացին: Իշխանությունը գրեթե սարսափահար վիճակում էր, համաժողովրդական շարժումն ամեն օր ավելի մեծ թափ էր ստանում: Թե ինչ եղավ հետո, հայտնի է բոլորին:

2008 թվականից 5 տարի անց Հայաստանի վիճակը ոչ միայն չի բարելավվել, այլև կարևորագույն ցուցանիշներով շատ ավելի վատթարացել է, երկրի առաջ ծառացած թե՛ ներքին, թե՛ արտաքին մարտահրավերներն ավելի վտանգավոր են դարձել:  Սակայն այսօր արտաքուստ այնպիսի մթնոլորտ է, կարծես մեկ ամիս անց ընտրություններ են կայանալու ոչ թե մոտ 50 տոկոս աղքատություն ունեցող, այլ եվրոպական ամենաբարեկեցիկ երկրներից մեկում:

Բնականաբար, հասարակության մեջ այսօր տիրող անտարբերությունը ոչ թե գոհունակության, այլ հիասթափության ապատիա է, ինչն արձանագրում են անգամ եվրոպացի դիտորդները: Նրանք, սակայն, չեն կարողանում հասկանալ (կամ, որ ավելի հավանական է` հասկանում, բայց հրապարակավ չեն արտահայտվում) այս հակասականության բացատրությունը:

Ինչպե՞ս ստացվեց, ի՞նչ կախարդանքի շնորհիվ նախագահ Սերժ Սարգսյանը իր իշխանության հնգամյա ապաշնորհ կառավարումից հետո՝ նախագահական երկրորդ ժամկետի համար պայքարի է գնում այսպիսի իդեալական, ցանկացած գործող իշխանության համար նախանձելի պայմաններում, երբ հիմնական քաղաքական ուժերը թեկնածու չեն առաջադրել ընտրություններում ու, ըստ էության, չեն մասնակցում դրանց:

Ի վերջո, ինչո՞ւ իրենց թեկնածությունը չառաջադրեցին Լևոն Տեր-Պետրոսյանը, Գագիկ Ծառուկյանը, ինչո՞ւ այդպես վարվեց ՀՅԴ-ն: Նրանց կողմից ներկայացված հիմնավորումները, մեղմ ասած, արժանահավատ չեն:

Գագիկ Ծառուկյանը հասել էր այնպիսի վիճակի, որ առաջադրվելը թե՛ քաղաքական, թե՛ մարդկային առումով անխուսափելի էր` անգամ իշխանության կողմից ճնշումների ենթարկվելու հնարավորության պայմաններում: Այդ վիճակում նույնիսկ մարդկային արժանապատվությունն այլընտրանք չէր թողնում` անգամ,  ինչպես Ծառուկյանն ինքն էր  հայտարարում, «ամեն ինչ կորցնելու» գնով: Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից որպես չառաջադրվելու հիմնավորում ներկայացված տարիքային պատճառն, իհարկե, ավելի անլուրջ էր:

Պարզ է, որ առաջադրվելու դեպքում անգամ անցած 1-2 տարիներին թույլ տրված կոպտագույն սխալները մոռացվելու էին,  և նա դառնալու էր իշխանության համար գրեթե նույնպիսի վտանգավոր մրցակից, ինչպիսին 2008 թվականին: Տեր-Պետրոսյանը նույն` տարիքային պատճառով, կարող էր, կրկին, ինչպես 2008 թվականին, հայտարարել, որ ընտրվելուց 2 տարի անց կհեռանա պաշտոնից, ասենք՝ խորհրդարանական համակարգին անցումն ապահովելուց հետո:

Բայց նա ոչ միայն դա չարեց, այլ անգամ իր ղեկավարած ՀԱԿ-ով չստարեց Հրանտ Բագրատյանին, ինչը Կոնգրեսի համար կարող էր փրկօղակ դառնալ: Դաշնակցության պարագան նույնպես պակաս ապաքաղաքական չէր. ՀԴԴ-ին ևս չհաջողվեց ամբողջությամբ թաքցնել իր որոշման արհեստականությունը, վերջին պահին ինչ-ինչ գործոնների ենթարկվելու հանգամանքը:

Մի խոսքով, ընտրություններին նախորդած 2-3 ամիսներին տեղի ունեցան ոչ այնքան հրապարակային գործընթացներ, որոնց արդյունքում գործող նախագահ Սերժ Սարգսյանը ստացավ հեշտությամբ վերընտրվելու հնարավորություն: Ինչո՞ւ: Նշված քաղաքական ուժերն այդպես էլ չկարողացան այդ հարցին հոդաբաշխ ու քաղաքական պատասխան տալ: Թերևս այն պատճառով, որ իրական պատասխանը հրապարակման ենթակա չէ: Իսկ պատասխանը, ինչպես նշել էինք օրերս, անուղղակիորեն հրապարակեց գործող իշխանությունը` նախագահ Սերժ Սարգսյանի և հանրապետական որոշ պաշտոնյաների շուրթերով:

«ՀՀ անվտանգության առանցքը շարունակելու է մնալ հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային գործընկերությունը»,- հունվարի 14-ին հայտարարեց Սերժ Սարգսյանը: Ընդ որում, ոչ թե կուսակցության գրասենյակում կամ որևէ այլ հանրային վայրում, այլ Պաշտպանության նախարարությունում: Դրանից հետո ՀՀ խորհրդարանական դիվանագիտության ղեկավարի` Արտակ Զաքարյանի կողմից հնչեց հայտարարություն, որ Բրյուսել կատարած այցի ժամանակ ԱԺ պատգամավորները եվրոպացի պաշտոնյաներին են ներկայացրել Հայաստանի ռուսական կողմնորոշումը չփոխելու որոշումը, դրա հիմնավորումները, և Եվրոպայում դրանք ընդունվել են ըմբռնումով:

Այսինքն` գործադիր և օրենսդիր իշխանության մակարդակով հայտարարվեց, որ ռուսական և արևմտյան կողմնորոշումների, կամ, որ նույնն է` Եվրամիությո՞ւն, թե՞ Եվրասիական միություն երկընտրանքում Հայաստանն ընտրություն է կատարել վերջինիս օգտին: Հիշեցնենք, որ դեկտեմբերին նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և, ըստ ամենայնի, այս որոշման մասին տեղեկացրել էր նրան: Ու պատահական չէ, որ գրեթե նույն օրերին հայտնի դարձավ Գագիկ Ծառուկյանի, ապա` Լևոն Տեր-Պետրոսյանի չառաջադրման մասին: Վերջում էլ իր դիրքորոշումը հրապարակեց ՀՅԴ-ն` բնականաբար, թերևս տեղյակ լինելով նաև Ռոբերտ Քոչարյանի չմասնակցության մասին որոշմանը:

Այսինքն` Ռուսաստանը` ստանալով իր համար սկզբունքային նշանակություն ունեցող` Եվրասիական միությանն անդամագրվելու հարցում Հայաստանի գործող իշխանության երաշխիքը, սեփական ուղղակի կամ անուղղակի ազդեցության ուժերին, այսպես ասած, «հետ քաշեց» պայքարից: Ահա և ողջ «կախարդանքը», որը, ինչպես հայտնի էր վաղուց, գտնվում էր Կրեմլում:

Տեսանյութեր

Լրահոս