Բա մի հատ ծով չունենայի՞նք…

Ի՞նչ, վատ կլինե՞ր, եթե ծովից ծով լինեինք: Հարցը, կարծես թե, հռետորական է, քանի որ ո՞վ չի ուզում` ծովից ծով Հայաստանը վերականգնվի: Ի՛նչ, վա՞տ տարածքներ էին: Բացի այդ, քարտեզի վրա շատ ներդաշնակ էր նայվում, ավելի բալանսավորված, այսօրվա Հայաստանի համեմատ՝ էլ չասենք զուտ քանակական տարբերության մասին (չնայած, խոստովանենք, որ Արցախի ազատագրումը քարտեզի վրա Հայաստանը դարձրեց շատ ավելի կոկիկ և հավասարակշռված):

Մյուս կողմից, տարածքն ինքնանպատակ չի եղել մեզ համար, տարածքամոլ կայսրություն չենք ունեցել, միայն համայն աշխարհի կայսրություններից տառապել ենք: Բայց մեր՝ չափից ավելի համեստ լինելը հանգեցրեց նրան, որ այսօր աշխարհի քսանից ավելի՝ ծով չունեցող երկրների ցանկում ենք հայտնվել մեր հին կրոնական բարեկամ Եթովպիայի նման, որը վերջերս կորցրեց ելքը դեպի ծով: Եվ այս ամենը, անկասկած, մեր տրամադրության վրա, բնականաբար, իր բացասական ազդեցությունն ունի:

Մի կողմ թողնենք մեր առասպելական զգացմունքները և ավելի սթափ նայենք մեր անծով վիճակին, հասկանանք, թե ի՞նչ է մեզ պակասում այս անարդար վիճակում:
Հասկանալի է, որ տնտեսական, առևտրային տեսանկյունից` դեպի օվկիանոս ելքի բացակայությունը միայն բացասական հետևանքներ ունի, նույնիսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջազգային իրավունքի տեսանկյունից մենք արտոնություններ ունենք բեռնափոխադրումների ժամանակ: Եվ դա լավ չէ՝ նույնիսկ հաշվի չառնելով, որ Թուրքիայի և Ադրբեջանի պես ոչ այնքան դուրեկան հարևաններ ունենք, որոնք մեր ծանր վիճակը հաշվի չեն առնում:

Ավելի ճիշտ՝ հաշվի առնում են, բայց բոլորովին հակառակ տեսանկյունից:
Բայց մի կողմ թողնենք ակնհայտը: Տեսնենք, թե ի՞նչ է կատարվում ամռանը: Երկիրը դատարկվում է, բոլորը տուն-տեղ թողած՝ գնում են ծով, հանգստանալու:

Կարդացեք նաև

Մեկը ողջ գերդաստանով գնում է աղիքի նման երկար Քոբուլետի, մյուսը հայտնվում է Կիլիկիո ափերում և դրանց հարակից տարածքներում: Որովհետև, մենք որքան ծով չունենք, այնքան այդ ծովն ավելի շատ ենք սիրում: Եվ համաձայն ենք 12 ժամ երթևեկել անհարմար գազելատիպ տրանսպորտային միջոցներով՝ տարօրինակ վարորդների հետ, որոնք ողջ ճանապարհին ծխում են աշխարհի ամենավատ սիգարետները, լսում ռուսական ամենազարհուրելի և մարդատյաց «պոպսան» (մոռանալով, որ ռուսը մի քանի տարի արաջ օկուպացրեց իրենց երկրի մի մասը), և մեքենան վարում են ուղեղի երեք քառորդ հատվածը դժբախտ պատահարի ժամանակ կորցրած ձիավորի պես:

Հետո հայտնվում ենք ծովում, հանգստանում-այրվում-թրջվում, այնպես, կարծես աշխարհի վերջն է: Եվ չենք մտածում, որ օգոստոս ամսին հանրապետության կեսը երկրում չէ: Բա որ հանկարծ, հենց օգոստոսին թուրքը վրա տվեց՝ ի՞նչ ենք ասելու հետո` ազգովի գնացել էինք ծով, հետ եկանք, տեսնենք՝ երկիրը զբաղեցրած է:

Էլ չասենք, որ այս ամենի պատճառով որքան փող կար, որ հազիվ կուտակվել էր խոպանչիների շնորհիվ, երկրից դարձյալ դուրս է գնում և ջուրը գցվում: Փոխանակ տանենք ու այդ փողերը տանք մեր սեփական թանկ ու կրակ պանսիոնատներինգ Լավ չենք անում:
Բայց ծովը միայն հանգստանալու և սևանալու համար չէ:

Այդ իմաստով՝ Գեղամա ծովն էլ է կիրառելի: Ծովը, առհասարակ՝ կապը օվկիանոսի հետ, բերում է իր հետ բացվածություն, կապ` դեպի ողջ աշխարհը, դեպի մարդիկ, գաղափարները, մշակույթները, այլ աշխարհները, երանգները, այլ բուրմունքները… Ծովն ամեն ինչ խառնում է, շուռումուռ է տալիս, չի թողնում ինքնապարփակվել: Հիմա մեկը կասի՝ ավելի լավ, ամեն մի այլանդակություն մեզ չի՛ կպնի… Բայց ինձ հաճախ թվում է, որ մեզ հենց ծով է պետք:

Ինձ թվում է, որ ծով ունենալու դեպքում շատերը չէին գնա մեր երկրից, աշխարհով մեկ չէին ցրվի ու չէին կորչի, եթե այդ աշխարհը գար մեզ մոտ: Եվ ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ այդ կարոտը դեպի այլ մշակույթները մենք հիմա փորձում ենք առնել համացանցի միջոցով՝ համաշխարհային խառնաշփոթի մասին փոքր-ինչ տպավորություններ ստանալով այս փոքր պատուհանի միջոցով: Չեղած տեղը՝ էլի բան է:

Հա, մոռացա: Մի բան էլ կա: Թերևս, հենց ծովի բացակայությունից է, որ մենք այդպես էլ ռոմանտիկ ազգ չդարձանք: Այո, մեր շուրջը սարեր ու ձորեր են, որոնք մեզ ուժեղ, խելացի և զգոն են դարձնում, բայց հնարավորություն չունենք կանգնելու և նայելու անծայրածիր, հարթ և անվերջ տատանվող ծովին, և լռելուգ Դա հնարավորություն ենք ունենում անել տարվա մեջ մի քանի օր, այն էլ՝ քոբուլետիներում, կիսամերկ ամբոխի ներկայությամբ: Իսկ նման վիճակներում ինչպե՞ս հասցնես ռոմանտիկ դառնալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս